«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հանդես է եկել ՀՀ «Ընտրական օրենսգրքում» միանգամից 54 փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ: Փոփոխությունների նպատակը Ընտրական օրենսգրքի եւ ընտրական գործընթացների կատարելագործումն է: «Ընտրական օրենսգիրքը եւ ընտրական գործընթացն առավելագույնս մոտեցնել ժողովրդավարական չափանիշներին, ինչը, անշուշտ, դրական ազդեցություն կունենա ընտրությունների նկատմամբ հասարակության վստահության աճին»,- նշված է նախաձեռնության հիմնավորման մեջ: Ա.Մարտիրոսյանը` ներկայացնելով առաջարկված փոփոխությունները` նշեց, թե առաջարկել է ընդհանրապես հանել մեծամասնական ընտրակարգը եւ ընտրություններն անցկացնել միայն համամասնական կարգով` առաջարկելով կուսակցական ցուցակներ: «Կարծում եմ, որ ճիշտը դա է: ԱԺ վերջին իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ նույնիսկ այն պատգամավորները, որոնք մեծամասնականով են ընտրվել, միեւնույն է, ժամանակին մտան խմբակցությունների մեջ: Հիմա էլ արդեն մի քանի, այսպես ասած, անկախ պատգամավորներ են մնացել, նրանք էլ հավանաբար կընդգրկվեն որեւէ մի խմբակցության մեջ: Ուստի արդարացի եմ համարում համամասնականով գնալը»,- ասաց Ա.Մարտիրոսյանը: Պատգամավորը առաջարկել է նաեւ մի փոփոխություն, որով` իր ասելով, հնարավոր կլինի վերջ դնել այն կրկնակի քվեարկության հնարավորություն տվող սողանցքին: Նա առաջարկել է ավելի թափանցիկ դարձնել նախընտրական հիմնադրամների ձեւավորումն ու գործունեությունը: «Ես ֆունդամենտալ առաջարկություններ եմ ներկայացրել, դա մոտ 2 ամսվա աշխատանք է»,- ասում է պատգամավորը: Օրենսդրական առաջարկությունն ԱԺ-ում արդեն շրջանառության մեջ է: Պատգամավորի ասելով՝ այն դեռ պետք է ստանա նաեւ կառավարության գնահատականը: «Կարծում եմ՝ կառավարությունը բացասական գնահատական կտա` սովորության համաձայն՝ ընդդիմությանը պարտադիր պետք է բացասական գնահատական տան: Հետո կգա խորհրդարան, ու պարզ կդառնա իմ առաջարկության ճակատագիրը: Բայց ասեմ, որ ԵԽ ԽՎ վերջին բանաձեւում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հետ կապված հարց էր առաջադրված: Եթե այդ տրամաբանությամբ շարժվեն, պիտի որ այս նախաձեռնությունը քննարկեն»,- ասում է Ա.Մարտիրոսյանը: