Ո՞ւմ է ձեռնտու լարվածությունը Ջավախքում

03/08/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Վերջին ամիսներին Ջավախքում հաճախակիացել են հայ-վրացական միջադեպերը:
Զարմանալի զուգադիպությամբ՝ Ջավախքում լարվածությունը սկսեց աճել այն
պահից, երբ Վրաստանն իր տարածքից ռուսական ռազմաբազաները հանելու հարցում
բավականին կոշտ դիրքորոշում որդեգրեց: Սակայն այդ բազաների դուրսբերման
հարցում կայացած համաձայնությունից հետո էլ իրավիճակը չի կայունանում:

Դրա վկայությունն են բառացիորեն օրերս Սամսար գյուղում տեղի ունեցածը եւ
դրան հաջորդած իրադարձությունները: Այսպես, օրերս 10-15 հայ երիտասարդներ
հարձակում են գործել Ախալքալաքում գտնվող միակ վրացական դպրոցի վրա, իսկ
մինչ այդ բախում է տեղի ունեցել տեղաբնակ հայերի եւ Սամսար գյուղ այցելած
վրացի ուսանողների միջեւ, որի արդյունքում վիրավորվել է վրացի մի
երիտասարդ: Իսկ բախման առիթն այս անգամ եղել է Սամսարում գտնվող եկեղեցու
ազգային պատկանելության հարցը: ՀՀ վարչապետի խորհրդական Ստեփան Մարգարյանը
հիշեցնում է, որ սա եկեղեցիների հետ կապված առաջին դեպքը չէ, եւ այս տարի
արդեն նման 2 դեպք եղել է` Թբիլիսիում եւ Ախալցխայում: Վերջերս Հայաստանի
վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Վրաստան կատարած այցի ժամանակ հորդորել էր
վրացական իշխանություններին՝ քաղաքական մակարդակում լուծել հայկական
եկեղեցիների անձեռնմխելիության հարցը, ինչին ի պատասխան՝ Վրաստանի
խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն առաջարկել էր ստեղծել գիտնականների
խումբ, որը կզբաղվի այս կամ այն եկեղեցու ազգային պատկանելության հարցը
պարզելով: Սակայն Ս. Մարգարյանը հիշեցնում է, որ նման նախաձեռնություն
1989-ին արդեն եղել է եւ այն հաջողությամբ չի պսակվել: «Իհարկե, մենք
համաձայն ենք, որ գիտնականները պետք է որոշեն, թե որն ումն է: Բայց այսօր
կան եկեղեցիներ, որոնք ակնհայտորեն հայկական են: Եկեք նախ դրանց խնդիրը
լուծենք»,- ասում է պրն Մարգարյանը: Այս կարծիքին է նաեւ «Հզոր Հայրենիք»
կուսակցության ղեկավար Վարդան Վարդապետյանը: Վերջինս եկեղեցիների հետ
կապված վեճերում տեսնում է նաեւ Հայ Առաքելական եկեղեցու մեղքը, որը
համարժեք ձեւով չի արձագանքում հայկական եկեղեցիների նկատմամբ վրացական
եկեղեցու վարած քաղաքականությանը: «Այստեղ մեր եկեղեցին լուրջ անելիք
ունի»,- կարծում է նա: Ս. Մարգարյանի խոսքերով էլ՝ երաշխիք չկա, որ վաղը
վրացիները չեն փորձի այլ եկեղեցի «վերցնել», եւ Հայաստանը Վրաստանից
որոշակի վարչական լուծումներ է սպասում, այսինքն` սպասում է, որ ակնհայտ
հայկական եկեղեցիները հայտարարվեն հայկական, անձնագրավորվեն եւ դառնան
անձեռնմխելի: «Վրաց եկեղեցին իրեն ագրեսիվ է պահում, եւ վրացական
իշխանությունների կողմից համապատասխան արձագանք չի լինում»,- ավելացնում է
նա: Կարծիք կա, որ որոշ ուժեր, մասնավորապես՝ Ռուսաստանը, Ջավախքի
հայության գործոնն օգտագործում են Վրաստանի դեմ, եւ Ջավախքում վերջին
ամիսների լարվածությունը հենց դրա հետ է կապվում: Այս վարկածը փաստորեն
չբացառեցին ո՛չ ՀՀ վարչապետի խորհրդականը, ո՛չ «Հզոր Հայրենիքի» ղեկավարը:
Ս. Մարգարյանի խոսքերով` Ջավախքում շատ երկրներ ու քաղաքական միավորներ
հետաքրքրություններ ունեն, եւ չի բացառվում, որ որեւէ մեկն այնտեղ որեւէ
գործունեություն ծավալի: «Պետք է, որ գործունեություն ծավալեին,- ասում է
Ս. Մարգարյանը եւ հավելում,- համենայն դեպս, ռուսական բազայի դուրսբերման
դեմ տեղի ունեցած վերջին միտինգները որոշ երկրների, մասնավորապես՝
Ռուսաստանին, երեւի թե ձեռնտու էին»: Վ. Վարդապետյանի կարծիքով էլ՝ կան
երրորդ ուժեր, որոնց ձեռնտու է, որ Ջավախքում անընդհատ լարված վիճակ լինի:
Նա որպես օրինակ նշում է Ջավախքից ռուսական ռազմաբազան հանելու եւ
եկեղեցիների ազգային պատկանելության հարցի շուրջ բորբոքված կրքերը: «Եթե
նման դեպքերը չեն կանխվում պետական մակարդակով, բնական է, որ երրորդ կողմը
միանշանակ պետք է օգտվի դրանից»,- ասում է նա ու հավելում, որ բոլոր
նախապայմանները կան, որ Ջավախքում ցանկացած տնտեսական, սոցիալական հարց
հեշտությամբ վերաճի քաղաքականի: Իսկ Ս. Մարգարյանն էլ կարծում է, որ
ռուսական բազաներն Ախալքալաքից հանելն առաջացրել է ջավախահայերի ցասումը՝
ոչ այն պատճառով, որ տեղացիների մեծ մասն աշխատում է այդ բազայում, եւ
բազան բազմաթիվ ջավախահայերի ապրուստի միակ միջոցն է, այլ՝ այն
անորոշության, որն առաջանալու էր դրանից հետո, քանի որ նրա խոսքերով՝
տարեկան 20-30.000 մարդ Ջավախքից գնում է Ռուսաստան աշխատելու, եւ նրանք
մտավախություն ունեն, որ ռուս-վրացական հարաբերությունների վատթարացման
դեպքում իրենք կզրկվեն Ռուսաստանում աշխատելու հնարավորությունից: Իսկ
Ջավախքի ռուսական բազայում, ըստ պրն Մարգարյանի, աշխատում է ընդամենը
100-200 տեղացի, այն էլ` բոլորը Ռուսաստանի քաղաքացի: Նրա խոսքերով`
Ջավախքի ռուսական ռազմաբազան աշխատատեղերի առումով վաղուց դադարել է
տնտեսական լուրջ գործոն լինել: Ինչեւէ, մեր զրուցակիցները կարծում են, որ
հայ-վրացական ներկա հարաբերություններում պետք է զգուշավոր եւ
փոխհամաձայնեցված գործեն՝ հետագա հնարավոր բարդացումներից խուսափելու
համար: Իսկ պրն Մարգարյանը նաեւ նշում է, որ Ջավախքում սոցիալ-տնտեսական
զարգացման ծրագիր չկա, եւ Ախալքալաքում հուլիսի 24-ին Հայաստանի եւ
Վրաստանի վարչապետների հանդիպումը կապված է նման ծրագիր ստեղծելու հետ,
որին Հայաստանը պատրաստ է ֆինանսապես մասնակցել: