Երեկ կեսօրին քաղբանտարկյալների կանայք հավաքվել էին Գլխավոր դատախազության շենքի առջեւ եւ պահանջում էին ազատ արձակել բանտերում մնացած մյուս քաղբանտարկյալներին: 2008-ի ապրիլի 7-ից սկսած քաղբանտարկյալների կանայք, մայրերն ու քույրերը, եւ ընդհանրապես Հայ Ազգային կոնգրեսի համակիր կանայք այդպիսով իրենց բողոքն էին արտահայտում իրենց ամուսինների, եղբայրների, հայրերի ու որդիների, ընկերների դեմ շինծու քրեական գործեր հարուցած պետական կառույցի դեմ:
Երեկվա միջոցառումը նախորդների համեմատ տարբերվում էր նրանով, որ կանանց միացել էին նաեւ ընդամենը մի քանի օր առաջ բանտերից ազատ արձակված քաղբանտարկյալներն իրենք` ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Քրիստափոր Էլազյանը եւ այլք: «Իմ ընկերները շարունակում են քաղաքական պատանդ մնալ այս ռեժիմի ձեռքերում, եւ ես պետք է ամեն ինչ անեմ, որ նրանք օր առաջ դուրս գան: Դա իմ պարտքն է: Բոլոր ակցիաներին պետք է մասնակցեմ: Տարօրինակ կլիներ, եթե այստեղ չլինեի,- ասաց Ա.Արզումանյանը` ավելացնելով,- «Ինձ որեւէ բան չի կարող ընկճել: Ընդհանրապես գոյություն չունի աշխարհում որեւէ բան, որ կարողանա ինձ ընկճել եւ ստիպել, որ ես դադարեցնեմ պայքարը հանուն իմ ազատությունների»: Երկուշաբթի օրը բանտից դուրս եկած Ա.Արզումանյանն ասաց, թե առայժմ չի ցանկանում գնահատականներ հայտնել ինչպես Հայաստանի ներքաղաքական վիճակի, այնպես էլ արտաքին քաղաքական գործընթացների մասին: Այնուամենայնիվ, մի քանի հակիրճ մեկնաբանություններ ներկայացրեց իշխանությունների հայտարարած համաներման եւ իրենց հետագա պայքարի մասին: «Այս համաներումը հարցի լուծում չէ: Քանի դեռ մեր երկրում կա գեթ մեկ քաղբանտարկյալ, ուրեմն Հայաստանը հիվանդ հասարակություն է: Սա մեր երկրի խարանն է, որից մենք պետք է ազատվենք: Քանի դեռ կա գեթ մեկ քաղբանտարկյալ, ես ամոթ եմ զգում իմ երկրի համար»,- ասաց Ա. Արզումանյանը: Իսկ ինչո՞ւ իշխանություններն ավելի լայն ընդգրկմամբ համաներում չկիրառեցին, որի արդյունքում բոլոր քաղբանտարկյալները ազատ կարձակվեին: Հատկապես, որ այդ ակտը կիրառվեց 2008-ի հետընտրական իրադարձությունների արդյունքում բանտերում հայտնված քաղաքական գործիչներին ազատելու համար, եւ դա կատարվեց հիմնականում Եվրոպայի խորհրդի պահանջով: Այս հարցին ի պատասխան՝ ՀՀ նախկին արտգործնախարարն ասաց. «Առաջին օրվանից գիտեն մի բան, որ բոլոր քաղբանտարկյալներին պետք է բաց թողնեն: Քանի որ սա հանցագործ ռեժիմ է, ամեն մի պատրվակ օգտագործում են մեկին չթողնելու, մյուսին պահելու, եւս մեկ օր ավելի պահելու համար: Դրա համար երբ գեթ մեկ մարդու լրացուցիչ մի քանի օր պահելու հնարավորություն են գտնում, ամեն քայլի գնում են, որ այդ թշնամանքն անեն: Սա թշնամի ռեժիմ է այս ժողովրդի համար»: Պարոն Արզումանյանն ընդգծեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի ինքը եւ իր բոլոր քաղբանտարկյալ ընկերներն արդարացման վճիռներ ստանան: Բայց արդյո՞ք հնարավոր է դրան հասնել այս իշխանությունների օրոք, երբ իրենք հայտնվել են բանտերում եւ համաներման որոշման կիրառման արդյունքում ազատվելուց առաջ նախ դատապարտվել են 4-5 տարվա ազատազրկման: «Այս իշխանություններն ինձ չեն հետաքրքրում: Ես բոլոր իրավական ակցիաներն անելու եմ, դիմելու եմ վերաքննիչ դատարան, վճռաբեկ դատարան եւ ի վերջո, Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ես եւ իմ ընկերները ապացուցել ենք, որ որեւէ հանցավոր քայլ չենք կատարել, եւ դա կանենք նաեւ մեզ հասու իրավական բոլոր մեթոդներով ու ատյաններում»,- ասաց Ա.Արզումանյանը:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը օրեր առաջ հայտարարել էր, թե «համաներման շնորհիվ ազատության մեջ հայտնված քաղբանտարկյալները, ովքեր հայտարարել են ՀԱԿ-ի շարքում պայքարը շարունակելու մասին, անկասկած հզորացնելու են Կոնգրեսն, ու գուցե նրանց ներգրավումը առաջացնի նաեւ կառուցվածքային փոփոխության կարիք»: «Մի բան ակնհայտ է` այն մարդիկ, որոնք վերադարձել են ակտիվ գործունեության, բավականին հզոր անձնավորություններ են: Նրանք կազմակերպիչներ են, նրանք այնպիսի մարդիկ են, որ լուրջ ազդեցություն ունեն, եւ իրենց հետեւից բավականին շատ մարդիկ են կանգնած: Այսինքն՝ շատ էականորեն փոխվում է ընդդիմության հզորությունը: Բայց, մի բան էլ է պարզ, որ ինչ-որ ադապտացիոն շրջան պետք է լինի»,- ասել է Լ.Զուրաբյանը:
Կոնկրետ ի՞նչ է պատրաստվում անել Ա.Արզումանյանը, այսուհետ ինչպե՞ս է պատկերացնում իր պայքարը: Ի՞նչ գործառույթներ է իրականացնելու Հայ Ազգային կոնգրեսում: «Քաղբանտարկյալները երբեք շարժումից դուրս չեն եղել: Իրենք շարժման, պայքարի իրենց մասը կատարել են բանտերում ազատազրկված վիճակում: Հիմա, իհարկե, շատ ավելի անկաշկանդ կլինենք, շատ ավելի ռեալ մասնակցություն կունենանք: Իսկ ընդգրկման ձեւն ամեն մեկը ինքը կորոշի, թե կոնկրետ ինչ հարցերով պետք է զբաղվի»,- պատասխանեց Ա.Արզումանյանը:
Ու թեեւ Ա.Արզումանյանն արդեն ազատության մեջ է, սակայն նրա կինը` Մելիսա Բրաունը, շարունակում է համակարգել քաղբանտարկյալների կանանց բողոքի ակցիաներն ընդդեմ Գլխավոր դատախազության: Նա նույնպես վճռական է տրամադրված եւ ասում է, որ պայքարելու է այնքան, մինչեւ Հայաստանի բանտերից ազատվեն բոլոր քաղբանտարկյալները: «Դեռ շատ քաղբանտարկյալներ կան, որոնց կանայք ամբողջ տարի մեզ հետ են եղել: Արամ Բարեղամյանը, Աշոտ Մանուկյանը, Հարություն Ուռուտյանը, Սասունը եւ մյուսները նստած են: Մինչեւ վերջին քաղաքական գործիչը դուրս չգա, մենք մեր պայքարը չենք դադարեցնի»,- ասում է տիկին Բրաունը: