Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ըստ երեւույթին, որոշել է նախարարների սիրտը շահել։ Կառավարության վերջին նիստում, ինչպես հիշում եք, նա արգելեց խեղճ պաշտոնյաներին հանգստանալ արտերկրում, այն էլ՝ մեկ ամսով։ Հորդորեց մնալ ու աշխատել։ Ու որպեսզի նրանք շատ չսրտնեղեն, վարչապետը նրանց «քաղաքից դուրս» է տարել՝ կառավարության հերթական նիստը կազմակերպելով Սյունիքի մարզում։
Փաստորեն, հաճելին օգտակարի հետ են համատեղել։ Էքսկուրսիա եւ արտագնա նիստ, որն, ի դեպ, վարչապետն անվանել է «Սյունիքի կյանքում նշանակալի իրադարձություն»: Չէ, ոչ թե այն պատճառով, որ սյունեցիներն իրենց աչքով նախարար ու վարչապետ են տեսել, մոտեցել, խոսել (Այդ իմաստով կառավարության երեկվա նիստը թերեւս ավելի «նշանակալի իրադարձություն» է եղել երեւանցիների կյանքում)գ Այլ՝ քանի որ նիստում քննարկվել են մարզի հիմնախնդիրներին նվիրված հարցեր եւ, բացի այդ, «կառավարության անդամները ծանոթանում են մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակին, բնակչությանը հուզող խնդիրներին»:
Իհարկե, Սյունիքի հիմնախնդիրներին կարելի էր նաեւ Երեւանում ծանոթանալ եւ ճգնաժամի պայմաններում այդքան միջոցներ չծախսել՝ կառավարության ողջ կազմով՝ շքախմբով ու թիկնազորով, այնտեղ հասնելու համար։ Թվում է՝ մանրուք է, սակայն ԱՊՀ երկրներից մեկում մի նախարար իր աշխատակիցներին կարգադրել էր հեծանիվով աշխատանքի գնալ, նամակ գրելիս էլ թղթի երկու կողմն օգտագործել՝ միջոցները տնտեսելու համար։ Մերոնք, սակայն, շռայլություն անելու համար մի շատ լուրջ պատճառ ունեին։ Կառավարության անդամները Սյունիք գնացել էին, որպեսզի իրենց ձեռքով 44 միլիոն դոլարի վարկ տրամադրեն «Զանգեզուր մայնինգ», «Արմենիա մոլիբդեն Փրոդաքշն» եւ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերություններին ու հպարտությամբ այդ մասին հայտարարեն։ Համաձայնեք, որ այդպես ավելի տպավորիչ է. հեռուստադիտողները, տեսնելով ընկերությունների տարածքում շրջող նախարարներին, ավելի շատ կհավատան, որ կառավարությունը աշխատում է։ Ասենք, որ «ձեռքի հետ» մի քանի հարցեր էլ են «լուծվել»։ «Գործադիրը որոշել է «Տաթեւ» վանական համալիրը եւ հարակից Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Տաթեւ, Սվարանց, Տանձատափ, Աղվանի եւ Բարձրավան համայնքները հայտարարել զբոսաշրջային կենտրոն` անվանելով «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոն»,- ասվում է կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ։ Վերջ։ «Տաթեւը» հայտարարեցին զբոսաշրջության կենտրոն (Ջերմուկի նման), ու խնդիրը լուծվեց. վաղվանից զբոսաշրջիկների հերթ է գոյանալու՝ «Տաթեւ» գնալու համար։ Իսկ որ «Տաթեւ» տանող ճանապարհի 20 կիլոմետրանոց քանդուքարափ հատվածը «պատերազմային կենտրոն» է հիշեցնում, հոգ չէ։
Նշենք, որ Սյունիքում գտնվելով հանդերձ՝ կառավարությունը չի մոռացել երեւանյան կառուցապատողներին՝ որոշելով բանկային համակարգից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով բյուջետային երաշխիք տրամադրել «Լեւոն Ամիրխանյան», «Մ.Գ.-Հաուզինգ» եւ «Հերմեկ» ՍՊԸ-ներին: Սյունիքում կառավարությունը հաստատել է նաեւ ռուսական վարկի միջոցներից տնտեսության կայունացման վարկավորման ծրագիրը, որը նպատակ ունի խթանել համախառն ներքին արդյունքի աճը` ֆինանսական ճգնաժամի պայմաններում տնտեսվարող սուբյեկտների վարկային պահանջարկը մասնակի բավարարելու միջոցով: Կառավարության հաղորդագրության մեջ ասվում է, որ 90 մլրդ դրամ արժեքով ծրագրի շրջանակներում, գումարները բյուջետային վարկերի տեսքով բաշխվելու են հետեւյալ կերպ՝ ֆինանսաբանկային համակարգի վարկավորում` 60,5 մլրդ դրամին համարժեք ԱՄՆ դոլար, փոքր եւ միջին ձեռնարկատիրության վարկավորում` 6,4 մլրդ դրամ, համակարգաստեղծ կամ խոշոր ենթակառուցվածքների գործունեությունն ապահովող տնտեսվարող սուբյեկտների վարկավորում` 23,1 մլրդ դրամ: Թե ի՞նչ տոկոսադրույքներով են տրվելու վարկերը, բանկային համակարգն այդ 60.5 միլիարդը ինչպե՞ս է բաշխելու, ո՞ր ոլորտներին է նախապատվություն տալու՝ դեռ պարզ չէ։ Ամեն դեպքում, վարչապետն այս ծրագիրը նշանակալից իրադարձություն է համարել, որը պետք է օգնի մեղմել ճգնաժամի բացասական հետեւանքները։ Ավելացնենք նաեւ, որ աղետի գոտուն այս տարի եւ 2010 թ. տրամադրվելու է ընդհանուր առմամբ 48 միլիարդ դրամ։ «Մնացած գումարը մնալու է կայունացման ֆոնդում»,- ասել է Տ. Սարգսյանը:
Կառավարության ուշադրության կենտրոնում երեկ եղել է նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի վարկը։ ԱՄՀ-ի վարկի մի զգալի մասը գնալու է բյուջետային կարիքների բավարարմանը։ Ինչպես երեւում է՝ կառավարության միջոցները այլեւս չեն բավականացնում թոշակներն ու աշխատավարձերը վճարելու համար. դրա մասին վկայում է նաեւ այն, որ կառավարությունը երեկ ՀԴՄ-ների կիրառման հսկողությունն ուժեղացնելուն ուղղված որոշումներ է ընդունել։ Հիշեցնենք, որ նախորդ նիստում վարչապետը նախարարներին հանձնարարել էր ամռանը ոչ մի տեղ չգնալ, նստել ու մտածել՝ ինչ միջոցառումներ կարելի է իրականացնել Պետական եկամուտների կոմիտեին օգնելու համար, եւ 3 օրվա ընթացքում կոնկրետ առաջարկներ ներկայացնել իրեն։ Ինչ վերաբերում է ԱՄՀ վարկին, նշենք, որ այս կառույցի հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսի խոսքերով, 250 միլիոն դոլարն արդեն տեղաբաշխվել է մարտին, եւս 158 միլիոն դոլար կտեղաբաշխվի մինչեւ շաբաթվա վերջ։
Թե որքանով օգտակար կլինեն այս քայլերը, ժամանակը ցույց կտա։ Ամեն դեպքում, մտավախություն կա, որ դրսից եկող փողերը մսխվելու են. միայն հանքարդյունահանող ոլորտի ընկերությունների (որոնք գրեթե բոլորը օտարերկրյա սեփականատերեր ունեն) եւ շինարարության վրա ուշադրությունը կենտրոնացնելը միգուցե ժամանակավորապես աշխուժացնի շուկան, սակայն որոշ ժամանակ անց կանգնելու ենք կոտրած տաշտակի առաջ, երբ փողերը կվերջանան, կգա վարկը մարելու ժամանակը, իսկ տնտեսությունը ոչ մի արժեքավոր բան չի ունենա, մի քանի տասնյակ շենքերից բացի։ Չնայած՝ միջազգային կառույցներն ու ԱՄՀ-ն այդ ժամանակ էլ ներբողներ կձոնեն մեր իշխանավորներին՝ խուճուճ ձեւակերպումներով, որպեսզի հետո տակից դուրս գան։ Օրինակ, Նինկե Օմեսի խոսքերով. «հայկական իշխանություններին հաջողվում է կատարել քայլեր, որ ուղղված են ճգնաժամի բացասական հետեւանքները կանխելուն»։ Այսինքն, ոչ թե «քայլերն են հաջողված», այլ «հաջողվում է քայլեր կատարել»։ Իսկ քայլերն ուղղված են հիմնականում փող հայթայթելուն, եւ որոնց արդյունավետությանը փող տվողներն իրենք էլ կարծես չեն հավատում։ Նինկե Օմեսը լրագրողներին մի քանի օր առաջ տեղեկացրել է, որ այս տարի Հայաստանի տնտեսության անկումը կկազմի մինչեւ 9,5 տոկոս: «Ինչո՞ւ 9,5 եւ ոչ 10»,- հարցրել են լրագրողները: «Դե, որպեսզի երկնիշ թիվ չլինի»,- ժպիտով ասել է Օմեսը: Շա՜տ հումորով կին է երեւում տկն Օմեսը։ Ու շատ մեծահոգի՝ մտածում է՝ երկնիշ աճին սովորած մեր ժողովուրդը շատ կտխրի, եթե լսի ԵՐԿՆԻՇ անկման մասին։ Տիկին Օմեսին երեւի դեռ չեն հասկացրել, որ «երկնիշները» ոգեւորում, խրախուսում, քաջալերում, կամ էլ հակառակը՝ հիասթափեցնում են միայն ու միայն իրենց։ Իսկ մարդիկ մեծ հաշվով թքած ունեն թվերի ու կանխատեսումների վրա. նրանք ապրում են իրական կյանքում եւ իրական կյանքով։