Հայաստանը` հերթական սեւ ցուցակում

26/06/2009

Հայաստանն առաջին անգամ հայտնվել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) տարեկան հաշվետվության մեջ: Սակայն, ինչպես նշում է «Ա1+»-ը, դա ոչ թե առավելություն է, այլ թերություն, քանի որ այդ փաստաթղթում հայտնվում են այն երկրները, որտեղ մարդու իրավունքների խախտումներ են տեղի ունենում: Հայաստանում են FIDH-ի նախագահն ու տնօրենը, ովքեր երեկ` Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը, ասուլիս էին հրավիրել` ներկայացնելու մեր երկրում առկա խոշտանգումներն ու զեկույցը: «2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Հայաստանն անցավ վերջին տարիների ընթացքում ամենաբռնի ճնշումների միջով»,- նշված է կազմակերպության` Հայաստանին նվիրված հատվածում: Ներկայացնելով այն ամենը, թե ինչ է տեղի ունեցել անցած տարի Նախագահի ընտրություններից հետո, զեկույցում նշվում է, որ 2008թ. լրատվամիջոցների ազատության նկատմամբ դե ֆակտո զգալի ճնշում է կիրառվել: FIDH-ը եւ իր անդամ կազմակերպություն Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հետեւել են 2008թ. մարտի 1-ի ոստիկանության եւ ընդդիմության բախումների գործերով ձերբակալված անձանց դատավարություններին: Եվ երեկ կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են նաեւ «Արդար դատավարության իրավունքի իրականացումը ՀՀ-ում» թեմայով զեկույցը, որտեղ ներկայացված են նախնական եզրակացություններ 2008թ. մարտի 1-ի գործերով դատավարությունների մոնիտորինգի եւ օրենսդրական վերջին փոփոխությունների հիման վրա: «Կազմակերպությունը լուրջ մտահոգություն է հայտնում նախաքննության եւ դատաքննության փուլերում վկաների նկատմամբ շարունակական հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների մասին ստացած բազմաթիվ եւ մանրամասն զեկույցների առնչությամբ: Նման ապացույցների վրա հիմնվելով` Հայաստանի դատարանները ոտնահարում են ՀՀ միջազգային պարտավորությունները եւ նպաստում են նման ապօրինի մեթոդների կիրառմանը»,- երեկ հայտարարել է FIDH-ի նախագահ Սուեր Բելասենը, որը մտահոգված է նաեւ Հայաստանում որոշ օրենսդրական փոփոխությունների կապակցությամբ: «Մեր կազմակերպությունները խիստ քննադատություն են արտահայտում որոշ փոփոխված դրույթների վերաբերյալ, որոնք վտանգի տակ են դնում մեղադրյալի` իր ներկայությամբ դատավարության անցկացման, իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանի միջոցով պաշտպանելու իրավունքը»,- ասել է նա: Այս կազմակերպությունների նեկայացուցիչները գտնում են նաեւ, որ դեռ պարզված չեն մարտի 1-ի 10 զոհերի սպանության հանգամանքներն ու մեղավորները, եւ որոշել են ուղիղ խոսել իշխանությունների հետ` այդ ամենի վերաբերյալ: Նրանք հարցը ներկայացրել են ՀՀ նախագահին եւ սպասում են պատասխանին: Իսկ հարցին, թե ինչպես են գնահատում այն հանգամանքը, որ մարտի 1-ից հետո ձերբակալվածների մեծամասնության ցուցմունքները ձեռք են բերվել խոշտանգումների եւ ծեծի միջոցով, FIDH-ի տնօրեն Անտուան Բերնարը պատասխանել է, թե անընդունելի են համարում եւ իրենց դիտողությունները չեն ուղղում ոչ դատարաններին, ոչ էլ ոստիկաններին, այլ կառավարությանը, քանի որ հենց նրանք են պատասխանատու դրա համար: