Աշխատում են առանց աշխատավարձի

26/06/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արդեն 5 ամիս է, ինչ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի աշխատակիցներն աշխատավարձ չեն ստանում: Ըստ նրանց, աշխատավարձերի ուշացումը պայմանավորված է համալիրի վերանորոգման աշխատանքներով, ավելի ճիշտ` վերանորոգումից հետո առաջացած ֆինանսական ճգնաժամով:

2005թ. հոկտեմբերի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վաճառվեց` Հայաստանի կառավարության եւ ռուսական ընկերության միջեւ կնքված պայմանագրի արդյունքում: Սեփականատերը դարձավ շինարարական բիզնեսում հայտնի ընկերության` «ԲԱՄՈ»-ի տնօրեն Մուրադ Մուրադյանը, ով 5 մլն 700 հազար ԱՄՆ դոլարով գնեց համալիրը: Որոշ ժամանակ անց մարզահամերգային համալիրում սկսվեցին վերանորոգման աշխատանքներ եւ արդյունքում համալիրը բավական թարմ տեսք ստացավ: Սակայն պարզվում է՝ ոմանց համար այդ շինարարությունը միայն հաճելի զգացմունքներ չի առաջացնում, քանի որ համալիրի աշխատողները հսկայածավալ շինարարության պատճառով ստիպված են աշխատել անվճար: Բանն այն է, որ համալիրի վերանորոգման վրա ծախսված ներդրումները չեն արդարացրել սեփականատիրոջ ակնկալիքները: Մինչդեռ դրանից այսօր տուժում են միայն այն բանվորների ընտանիքները, ովքեր աշխատում են համալիրում: Ու հարց է առաջանում` ո՞ւմ հաշվին էին սկսել շինարարությունը` բանվորների՞, նրանց ընտանիքների՞, թե՞ առաջնորդվել էին «դրսից ուրիշի աչքը հանենք, ներսից` մերը» հայկական հայտնի կարգախոսով: Ավելին` բանվորներին էլ հանգստացնում են, որ եւս մի քանի ամիս, ու աշխատավարձերն ամբողջությամբ կտան: Տվյալ դեպքում գուցե ճիշտ կլիներ դիմել այն խանութներին, որոնք 6 ամիս շարունակ մարդկանց պարտքով սնունդ են տրամադրում: Եվ հաստատ, այդ պատասխանից հետո վաճառողներն ընդմիշտ կհրաժարվեն անգամ պարտքով հաց տալուց: Սակայն ամեն օր աշխատակիցները շարունակում են գնալ աշխատանքի ու աշխատել «անվճար»: Նրանցից շատերը համալիրում աշխատում են երկար տարիներ, բայց նման իրավիճակում դեռեւս չէին հայտնվել: Աշխատողները հասկանում են նաեւ, թե իրենք ինչի «զոհերն» են: «Էդ գիտե՞ս` ինչից ա: Էն որ մեծ շինարարություն արեցին, հարկայինին էլ մեծ փողեր են պարտք, ու դրա համար էլ մեր աշխատավարձերը կտրեցին»,- բացատրում են նրանք, ովքեր ամսական ստանում են 81.000 դրամ աշխատավարձ: Հասկանալի պատճառներով՝ համալիրի աշխատակից մեր զրուցակիցները խնդրեցին չհրապարակել իրենց անունները: Սակայն, այս ամենով հանդերձ, այս մարդիկ շարունակում են գնալ աշխատանքի` հուսալով, որ մի լավ օր իրենց ղեկավարությունը կմտածի իրենց մասին: Նրանք ոչ մեկին չեն ուզում վատաբանել` հասկանալով, որ վատաբանելու դեպքում մի կտոր հացից էլ կզրկվեն: «Բա ի՞նչ անենք, որտե՞ղ աշխատենք: Գոնե սենց իմանում ենք, որ աշխատում ենք»,- ասում են նրանք, որոնցից մի քանիսն արդեն գտել են երկրորդ աշխատանք, իսկ ոմանք էլ հուսալքությունից ստիպված են համակերպվել առանց աշխատավարձի աշխատանքին ու սպասել նոր համերգների: «Մենք օդով ենք ապրում, չգիտե՞ք: Ամեն օր մեզ հույս էին տալիս, թե՝ հես ա համերգներ կլինեն, ու աշխատավարձերը կտանք: Բայց համերգները եղան, ու էդպես էլ փող չենք ստացել»,- շարունակում են նրանք: Այս նույն սպասումներով են աշխատում համալիրի գրեթե բոլոր աշխատողները, անգամ անվտանգության բաժնի աշխատակիցները: Նրանք, ի տարբերություն մյուսների, այլեւս չեն սպասում աշխատավարձերի: «Երբ հարցնում ենք, թե՝ ե՞րբ եք տալու մեր աշխատավարձը, ասում են, սպասեք, հլա տենց մի 5 ամիս էլ եք սպասելու: Պատկերացնո՞ւմ եք: Սենց որ գնա, մեզնից շատերը կհրաժարվեն էս աշխատանքից»,- նշեցին աշխատակիցները` ավելացնելով, որ իրենց նորանշանակ տնօրենը որեւէ կապ չունի այս իրավիճակի հետ: «Մեր տնօրենն ի՞նչ անի` էդ տղեն էլ նոր ա եկել: Եթե փող լինի` կասի` տղեք, էկեք ձեր աշխատավարձը ստացեք: Նորանշանակ տնօրենը` Հովհաննես Հովհաննիսյանը, արդեն մեկ ամիս ու 20 օր է, ինչ ղեկավարում է Մարզահամերգային համալիրը: Ըստ տնօրենի` իրենք արդեն մարել են դեկտեմբեր-հունվար ամիսների աշխատավարձերը, եւ շատ քիչ աշխատողներ կան, ովքեր չեն ստացել այս ամիսների աշխատավարձերը: «Հույս ունեմ, որ մոտակա երկու ամսվա պարտքերն էլ կմարենք: Ու աստիճանաբար հունի մեջ կընկնենք»,- ասաց Հ.Հովհաննիսյանը` ավելացնելով, որ համալիրը, բացի այդ պարտքերից, նաեւ հարկային պարտավորություններ ունի: «Այսօր մեր վարձակալության տակ է նաեւ համալիրին հատկացրած 10 հա հողատարածքը, որի ջրելու, հնձելու հոգսը մեզ վրա է: Սա էլ մեծ ծախսեր է պահանջում: Փորձում ենք ամեն ինչ անել, որ պահպանվի»,- նշեց տնօրենը` թվարկելով նաեւ համալիրի մյուս հոգսերը` գիշերային լուսավորությունը, ինչը փորձում են լուծել արտասահմանից եկած աստղերի համերգների շնորհիվ: Այս բանաձեւը ավելի կիրառելի ու արդյունավետ է, քան հայ «աստղերին» հրավիրելը, որոնց հոնորարները սկսում են 20.000 դոլարից` այն էլ ֆոնոգրամայի առկայությամբ: Ինչեւէ, համալիրի ուշացած աշխատավարձերի խնդիրը դեռեւս մնում է առկախ, քանի որ ամառային շրջանում միջոցառումների թիվը պակասում է, ինչից էլ շատ հաճախ տուժում են աշխատողները: Այնուհանդերձ, տնօրենը հույս ունի, որ գոնե մինչեւ օգոստոսի վերջ իրենք կկարողանան մարել աշխատավարձերի պարտքերը: «Հիմա միջոցառումներ չկան, բայց այն միջոցառումները, որոնք լինելու են աշնանը, մենք հույս ունենք, որ դրանցից կստանանք կանխավճարներ, որոնց հաշվին կկարողանանք մարել աշխատավարձերի պարտքերը»,- ասաց տնօրենը: Ըստ նրա` անգամ կան աշխատողներ, ովքեր ստացել են փետրվարի, նույնիսկ մարտի աշխատավարձերը: Ու հետաքրքիրն այն է, որ մեզ հանդիպած բոլոր աշխատողները աշխատավարձ չէին ստացել հունվարից սկսած: Հարց է ծագում` ովքե՞ր էին այդ երջանիկները, որոնց հետ մենք այդպես էլ չհանդիպեցինք: Ի դեպ, համալիրում այսօր աշխատում է ավելի քան 200 մարդ: