Ուղիղ 3 տարի առաջ` 2006թ. հունիսի 26-ին ձերբակալվել է «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը: Ի նշան բողոքի՝ երեկ նախագահական նստավայրի առջեւ էին հավաքվել մի խումբ լրագրողներ: Սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին անցկացնել բողոքի ակցիան: Ոստիկանները հրելով լրագրողներին՝ հեռացրին Նախագահականի մոտից` ասելով, որ այդտեղ կանգնելն արգելված է: ՊՊԾ գնդի պետի տեղակալ, տխրահռչակ Վալերի Օսիպյանը անընդհատ ակցիայի մասնակիցներին փորձում էր համոզել, որ նրանք կարգ են խախտում, մինչդեռ մասնակիցների թիվը չէր անցնում 100-ից: Վալերի Օսիպյանը լրագրողներին առաջարկեց գնալ Սիրահարների այգի եւ սուրճ խմել:
Լրագրողները հայտարարեցին, որ ակցիա անելու իրենց սահմանադրական իրավունքը խախտվել է: Ակցիային մասնակցող նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին պառկեց գետնին, ասելով, որ ոչ մի տեղ չի գնում եւ կբարձրանա այն ժամանակ, երբ ցանկանա, քանի որ սա իր հայրենիքն է: Ակցիան ավարտվեց 30 րոպե անց, ինչպես ծրագրել էին ակցիայի մասնակիցները: Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման` զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով: