Էրեբունի համայնքի Վարդաշեն 2,4,5,7,9 փողոցների բնակիչներն ահազանգել են մեր թերթին` խնդրելով բարձրաձայնել իրենց դեմ կատարվող ապօրինի գործողությունների մասին եւ ՀՀ իշխանություններին տեղեկացնել, թե այդ անօրինականությունները ինչ ծանր հետեւանքների կարող են հանգեցնել: Բանն այն է, որ ապրիլի 24-ին Վարդաշեն 9-րդ փողոցում գտնվող բնակելի տարածք են ներխուժել մի խումբ մարդիկ եւ առանց նախազգուշացնելու շինարարական աշխատանքներ են սկսել: Սեփական տների բակում հսկայական խորությամբ փոս են փորել, այնուհետեւ զանազան մետաղալարեր տեղափոխելով՝ ալեհավաք-աշտարակ են տեղադրել, որը հետագայում պետք է ունենա 30 մետր բարձրություն: Անակնկալի եկած բնակիչները որոշ ժամանակ անց պարզել են, որ այս գործողությունների հեղինակը բջջային կապի երրորդ օպերատորն է` ֆրանսիական «Օրանժ-Տելեկոմ» ընկերությունը, որը, չգիտես ինչու, բջջային հեռախոսակապի հսկայական աշտարակը որոշել է տեղադրել չափից ավելի խիստ բնակեցված տարածքում: Մինչդեռ Վարդաշեն թաղամասի բնակելի հատվածը շրջապատված է հսկայական ամայի, զառիթափ տարածությամբ: Վարդաշեն 9-րդ փողոցի բնակիչ Միքայել Փիլիպոսյանը վրդովված ասում է` «Փաստորեն, ապրիլի 24-ին, երբ մարդիկ զբաղված էին Ծիծեռնակաբերդ այցելելով` պահը բաց չթողեցին ու թաքուն շինարարություն սկսեցին: Հսկայական անտենան տեղադրել են, բայց առանց հաշվի առնելու, որ այդ մահաբեր ճառագայթները մեզ համար առողջական ծանր հետեւանքներ են առաջացնելու: Չեմ հասկանում, էս երկրում կարգ ու կանոն չկա՞: Տանս կից բերել էդ ամբողջ քիմիայի արտահոսքը տեղադրել են որ ի՞նչ: Էս 40-50 ընտանիքում երեխաներ են մեծանում, ի վերջո մարդ ենք, քար չենք: Թող տանեն ոչ բնակելի տարածքում տեղադրեն, որ մարդկությանը չվնասի»: Իրենց մտահոգությունը հիմնավորելու համար այս թաղամասի բնակիչները նույնիսկ բակում տեղադրված ալեհավաք-աշտարակի վտանգավորության մասին ինտերնետային վեբ-կայքերից տեղեկատվություն են ձեռք բերել: Հետաքրքրական է, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հաշվի առնելով գիտնականների ուսումնասիրությունների արդյունքներն, ըստ որի` բջջային հեռախոսակապի ալեհավաք-աշտարակի բնակելի հատվածում տեղադրելը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ մարդկանց առողջության համար` արգելել է այդ սարքը տեղադրել այն հատվածներում, որի հարակից տարածքներում առկա են կրթական հաստատություններ, կամ առհասարակ` բնակեցված են: Ավելին` ալեհավաք-անտենայի առկայությունն աղետալի հետեւանքներ է թողնում նույնիսկ բուսական եւ կենդանական աշխարհի վրա: ՌԴ Բնապահպանության եւ Հիգիենիկ հակահամաճարակային տեսչությունների մասնագետների հետազոտությունները ցույց են տվել, որ բջջային հեռախոսակապն ապահովող այդ սարքի ճառագայթային ազդեցությունից, մասնավորապես, առողջական խեղումներ են գրանցվում հղի կանանց եւ մանկահասակ երեխաների մոտ: Ընդ որում, ճառագայթային արտահոսքն անմիջապես վնասում է մարդու նյարդային համակարգը, այնուհետեւ ֆիզիկական արատների պատճառ է դառնում: Այնպես որ, բոլոր երկրներում գոյություն ունեն օրենսդրական նորմեր, ըստ որոնց՝ բջջային հեռախոսակապերի ալեհավաք-աշտարակները կարող են տեղադրվել միայն հատուկ գոտիներում:
Թաղամասի բնակչուհի Սուսաննա Թադեւոսյանը վստահեցնում է, որ 40 ընտանիքների ստորագրությամբ բազմաթիվ դիմում-բողոքներ են գրվել Երեւանի քաղաքապետին. «Մեր դիմումներին ի պատասխան միայն աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Քաղաքապետարանն ընդունել է, որ այս անտենան ապօրինի է կառուցվել, բայց ամեն դեպքում քանդման հրաման չի արձակել: Հիմա իրենք ցելոֆանապատել են, որ աչքից հեռու լինի, չերեւա, բայց վստահ ենք, որ որոշ ժամանակ հետո էդ աշտարակը 30 մետր բարձրությամբ կառուցվելու է»: Ի դեպ, թաղամասի բնակիչները խնդրում են Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին հիշեցնել, որ ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վերջինս լսելով այս մարդկանց մտահոգությունները` խոստացել է ընտրվելու դեպքում այս հարցը լուծել: Մինչդեռ, ինչպես միշտ, ընտրություններից հետո այս հարցը եւս մոռացվել է: «Փաստորեն, նախընտրական կուտ էր, բայց ինքներդ տեսնում եք, որ բերել ճառագայթային հզոր սարքը քթներիս տակ են տեղադրել: Վաղը-մյուս օրը մեր երեխեքին եթե հաշմանդամ դարձրին` պատասխան տալո՞ւ են»,- զայրացած հարցնում են բնակիչներն, ովքեր իսկապես հայտնվել են անելանելի վիճակում, քանի որ ալեհավաք սարքը գտնվում է սեփական տների բակում: Բնակիչների բազմաթիվ դիմում-բողոքներին ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ա. Լալայանցը բավականին ուշագրավ պատճառաբանությամբ է հանդես եկել. «Վարչությունը քննարկել է դիմումը, կից ներկայացված փաստաթղթերը, եւ հաշվի առնելով այն, որ հեռահաղորդակցության աշտարակը նախատեսվում է կառուցել բնակելի տների հարեւանությամբ, հարցի քննարկմանը կարող է անդրադառնալ համապատասխան սանիտարահամաճարակային կայանից վերցված, շրջակա միջավայրի համար աշտարակի շահագործման անվտանգությունը երաշխավորող փաստաթուղթ վարչություն ներկայացնելուց հետո»: Այս, մեղմ ասած` «լղոզված» պատասխանից հետո բնակիչները կրկին ձեռք են բերել համապատասխան փաստաթղթերը եւ նորից դիմել են վերոնշյալ վարչություն, որի պատասխանն էլ այս անգամ եղել է ավելի զավեշտալի. «Վարչությունը քննարկել է հայտը, կից փաստաթղթերի փաթեթը, եւ հարցին ընթացք տալ չի կարող, քանի որ ներկայացված հողի վարձակալության մասին պայմանագիրը կնքված է Վարդաշեն 9փ. հ.2 տան սեփականատեր Տաթեւիկ Խուրշուդյանի եւ «ՖՏԱ ՏԵԼԵԿՈՄ» ՓԲԸ-ի միջեւ, մինչդեռ կառուցապատման հայտը ներկայացրել է «Օրանժ-Հայաստան» ՓԲԸ-ն»: Բնակիչները հավաստիացնում են, որ 60-70քմ կազմող հողատարածքի սեփականատեր Տ. Խուրշուդյանն այդ տարածքը վարձակալության հիմունքներով հանձնել է «ՖՏԱ ՏԵԼԵԿՈՄ» ՓԲԸ-ին ալեհավաք-աշտարակ կառուցելու համար, որովհետեւ ինքը պատրաստվում է մեկնել Ֆրանսիա մշտական բնակություն հաստատելու նպատակով: Ստացվում է` հողատարածքը վարձակալությամբ տալով, վերջինս իր գլուխն ազատել եւ հարակից բնակիչների կյանքն է վտանգում: Ի դեպ, Տ. Խուրշուդյանին պատկանող հողատարածքը շրջապատված է կիպ-կպած սեփական տներով, հետեւաբար՝ ալեհավաք-աշտարակի ճառագայթային ազդեցությունն անհետեւանք մնալ չի կարող:
Վարդաշեն թաղամասի շուրջ 40 ընտանիքներ հայտարարում են, որ ալեհավաք-աշտարակի կառուցման աշխատանքները չխոչընդոտելու եւ հիմնահատակ չքանդելու պարագայում պատրաստվում են նախագահական նստավայրի մոտ բողոքի ցույց կազմակերպել: «Եթե ՀՀ իշխանությունները չարձագանքեն` թեկուզ արյունահեղության գնով կխոչընդոտենք, որ չկառուցեն»:
Հ.Գ. Երեկ մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ ինչպես Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Հայկ Ասատրյանից (քանի որ նա երկարատեւ խորհրդակցության էր), այնպես էլ բջջային հեռախոսակապի նոր օպերատորի պատասխանատուներից: «Օրանժ-Արմենիայից» ալեհավաք-աշտարակի հետ կապված մեր հարցադրումներին ի պատասխան` ասացին, որ կոմպետենտ մարդիկ հանդիպման են, որը նույնպես խիստ երկարատեւ էր:
Մեր առաջիկա համարներից մեկում կներկայացնենք նաեւ վերոնշյալ պատասխանատուների մեկնաբանությունները: