Արվեստի միջոցով ինքնարտահայտվող մարդու համար կարեւորագույն ելակետը ազատությունն է։ Այդ միտքը՝ տարբեր ենթատեքստերում, անընդհատ շեշտում էր Նեապոլի Գեղեցիկ արվեստների ակադեմիայի դասախոս, արվեստի տեսաբան Ֆրանչեսկո Գալլոն, ով այս օրերին Երեւան է ժամանել շատ գեղեցիկ նպատակով։ Նա ցանկանում է մինչեւ ողնուծուծը արվեստով հագեցած ու արվեստով շնչող Իտալիայում ներկայացնել Մինաս Ավետիսյանի աշխատանքների ցուցադրական շարքը։ Մինասը մեզ՝ հայաստանցիներիս համար վաղուց արդեն սեփական ինքնությունը հասկանալու ուղի է բացել։ Հայրենիքի գույներին ու հայրենիքի ցավերին ամուր սոսնձված Մինասը կարողացել է շատ բանի մասին խոսել, ակնարկել կամ աղաղակել՝ օգտագործելով արվեստի լեզուն։ Նրա ստեղծած կամ էլ երազած վառ գույների ու ֆորմաների միջոցով յուրաքանչյուր մարդ կարող է հասկանալ այն իմաստը, որն իր մեջ պարունակում է ողջ աշխարհում մոդայիկ ու կարեւոր դարձած «իդենտիֆիկացիա» բառը։ Մենք հենց սա ենք՝ այս պարզ ու այրվող գիծը, այս բեկվող ուրվագիծը, կամ էլ, ինչպես կասեր ժամանակակից հայ նկարիչներից մեկը, սա է մեր «ոտնատեղը», որը թեեւ փոքր է, բայց մաքուր է ու ենթադրում է, որ մեր քայլը շարունակվելու է։
Ըստ հայտնի արվեստաբան, բազմաթիվ գրքերի հեղինակ Ֆրանչեսկո Գալլոյի՝ եթե ուզում ես ներկայանալ աշխարհին որպես արվեստի երկիր, պետք է սկսես ամենամաքուրից ու իսկականից։ Նա վստահ է, որ այդ մաքուրը հենց Մինասն է. «Ես համոզված եմ, որ Հայաստանը պետք է մաքուր արվեստով սկսի ներթափանցել Եվրոպա ու աշխարհ։ Եվ հետո արդեն ցուցադրի, թե ինչ նվաճումներ ունի, ասենք, դիզայնի կամ ճարտարապետության ոլորտներում»։ Մինաս Ավետիսյանի մոտ 100 գործեր հաջորդ տարի կներկայանան 4 իտալական քաղաքներում՝ Հռոմում, Վենետիկում, Ֆլորենցիայում եւ Նեապոլում (այժմ շատ աշխատանքներ սպասում են Մոսկվայում հոկտեմբերին տեղի ունեցող ցուցադրությանը)։ «Մինասի գործերը պետք է մուտք գործեն գլխավոր դարպասներով՝ Հռոմով, իսկ հետո անցնելով փոքր-ինչ նյարդային հռոմեացիների աչքերով՝ վերջում հանդիպեն չափազանց արվեստասեր ու ուշադիր նեապոլիտանցիների հետ»,- ասաց Ֆ.Գալլոն, ով պատմեց, որ Հայաստանի հետ իր առաջին ծանոթությունը դեռ մանկական տարիներին է տեղի ունեցել, քանի որ նրա տունը գտնվում է Նեապոլի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ, ու նա ակամայից է ծանոթացել հայկական պատմության հետ։ Ֆ.Գալլոն զարմանքով նկատեց, որ չի հասկանում, թե ինչո՞ւ Մինասը չի ցուցադրվում Վենետիկի հայտնի բիենալեում, չէ՞ որ Հայաստանը կարող էր մեծ հաջողությամբ օգտագործել նաեւ այդ «դարպասը»։
Մինասի ու Իտալիայի հանդիպումը հնարավոր դարձավ անցյալ տարի տեղի ունեցած Արշիլ Գորկու ստեղծագործական կյանքին նվիրված գիտաժողովի շնորհիվ, որի նախաձեռնողներից մեկը ֆլորենտացի-հայազգի քանդակագործ, Ֆրանչեսկո Գալլոյի ընկեր Վիգեն Ավետիսն է։ Նա յուրատեսակ կամուրջ հանդիսացավ Գեղեցիկ արվեստների ակադեմիայի եւ մեր Մշակույթի նախարարության միջեւ։ Եվ չնայած, որ Վ.Ավետիսը խիստ զբաղված մարդ է, նա կատարեց նաեւ թարգմանչի անշնորհակալ դերը՝ օգնելով Ֆ.Գալլոյի հետ զրույցի կայացմանը։
– Արվեստը զգայուն, զգացական բնույթ ունի, եւ այդ պատճառով էլ շատ կարեւոր է, որ մարդիկ արվեստի նմուշների հետ անմիջականորեն, «կենդանի» շփվելու հնարավորություն ունենան։ Յուրաքանչյուր արվեստի գործի հետ պետք է շփվել այնպես, կարծես դա քո ընտանիքի անդամներից մեկն է, քո սիրելի կինը կամ մտերիմ ընկերն է։ Միայն գրքերով չի ստացվի տեսնել ու զգալ արվեստի ուժը, անմիջական շփում է հարկավոր։ Անհատներ են պետք, որոնց միջոցով մարդիկ արվեստի հետ կծանոթանան։ Տրադիցիոնալիզմը արվեստի պատմության արգելակումն է, կանգառը։ Իսկ արգելակումը շատ վտանգավոր է, քանի որ կորչում է ստեղծագործական ոգին, որը միշտ պատմությունը առաջ է շարժում։ Իտալիայում հայկական արվեստը ցուցադրելու համար մենք ընտրեցինք հենց Մինասին, քանի որ նա «կենդանության» վառ օրինակ է, եւ որ ժամանակահատվածում էլ որ նա ապրեր, նա մեր ժամանակակիցը կլիներ։ Մինասն այն նկարիչներից է, որի արժեքը երբեք կանգ չի առնի, նա ապագայի արժեք է։ Նրա ստեղծագործությունների մեջ հայկական ցայտուն հոգեվիճակ ու մոդեռն ոգի կա։ Հիմա հարկավոր է լուրջ գիտական ուսումնասիրություններ կատարել, ի մի բերել նրա բոլոր ստեղծածն ու յուրատեսակ լրագրողական հետազոտություններ անցկացնելուց հետո՝ հավաքագրել բոլոր փաստերը, ընդհուպ՝ մինչեւ նրա ողբերգական մահվանը վերաբերող նյութերը։ Վստահ եմ, որ Երեւանում անպայման պետք է Մինասի մշտական թանգարան լինի, քանի որ այժմ նա սխալ է ներկայացված։ Ազգային պատկերասրահում ցուցադրված Մինասի գործերը ձուլվում են այլ նկարիչների աշխատանքների ու քանդակների հետ՝ թույլ չտալով, որ դիտողին փոխանցվի նրա զգայական արվեստը։ Ընդհանրապես Հայաստանում Մինասը շատ թերի կառուցված էքսպոզիցիաներով է ցուցադրվում։ Ամենասարսափելի էքսպոզիցիան Ժամանակակից արվեստի թանգարանում է։
– Արժեքավորն ու անարժանը զատելու համար ինչպիսի՞ մեխանիզմներն են արդյունավետ։ Արվեստի խորհուրդները կամ պետական կառույցները կարո՞ղ են կատարել այդ ֆունկցիան։
– Միշտ էլ պետք է մի հարթություն լինի, որտեղ հնարավոր է տեսնել, գնահատել արվեստի գործերը։ Պետական ոչ մի կառույց նման հարթություն լինել չի կարող։ Այդ պարտականությունը իր վրա կարող է վերցնել միայն շուկան։ Ես շատ աշխատություններ ունեմ արվեստի շուկաների վերաբերյալ ու գտնում եմ, որ ազատ շուկա ձեւավորելը անհրաժեշտություն է։ Չէ՞ որ շուկան այն վայրն է, որտեղ հստակ երեւում են մարդկային բոլոր փոխհարաբերությունները՝ չար կամ բարի, վատ կամ լավ։ Եվ հենց շուկայական հարաբերություններն են ինքնաբերաբար մաքրում ավելորդն ու թողնում իսկական արժեքները։ Ազատ շուկան է բացահայտում արվեստը։ Ոչ մի միություն կամ խորհուրդ չի կարող շուկայի փոխարեն որոշել, որ այս գործը լավն է, իսկ մյուսը՝ վատը։ Պետությունը պարզապես պետք է չխանգարի ազատ շուկային։ Կարող եմ ասել, որ արվեստի շուկան ծնվում ու ձեւավորվում է ամենաանսպասելի վայրերում, նույնիսկ չեք պատկերացնի, թե որքան անսպասելի։ Օրինակ, «պարազիտ» մոլախոտերով հարուստ հողի վրա հանկարծ մի գեղեցիկ ու զարմանալի ծաղիկ է աճում։ Եվ շուկայի խնդիրը հենց նման ծաղիկների ծննդին նպաստելու մեջ է։ Իհարկե, արվեստի շուկաները ստեղծվում են միայն ազատ հասարակություններում, քանի որ միայն ազատության մեջ ապրող հասարակության մեջ կարող է անհատականություն ունեցող արվեստի գործիչ ծնվել։ Շուկան ոչ թե ձուլում է բոլորին, այլ ընդգծում է անհատներին։
– Բայց Մինասը հենց տոտալիտար կարգերի ծնունդ է եղել, որտեղ ազատության մասին խոսք անգամ չկար։
– Խորհրդային կարգերը բոլոր ազգերին հավասարեցնում էին, նշանակություն չուներ՝ դու հայ ես, ռուս թե վրացի, դու պարտավոր էիր Սովետի մարդ լինել։ Իսկ Մինասը բացառություն էր, որի գոյությունը ապացուցեց, որ կյանքում միշտ բացառություններ են լինում, եւ բռնատիրական ու «փակ» պետություններում էլ կարող են հանկարծ ներքին մեծ ազատություն ունեցող նկարիչներ ծնվել։ Մինասը երբեք քաղաքական խնդիրներ կամ ծանր սոցիալական հարցեր չի բարձրացրել, նա իր ժամանակի բարդություններից վեր էր գտնվում։ Նա արվեստ էր ստեղծում, բայց նրա ներքին ազատությունը, որը փոխանցվում է մեզ նրա կտավներից, թույլ է տալիս արձանագրել, որ նա միշտ մեր ժամանակակիցն է լինելու։ Արվեստի խնդիրը ճշմարտություն որոնելն է, իսկ դա ոչ մի կապ չունի կոնկրետ ժամանակի հետ։ Ես, օրինակ, ինձ համարում եմ Ֆիդիասի ու Պոլիկտեսի ժամանակակիցը։
– Մեր այսօրվա կյանքը (ընդ որում, նշանակություն չունի՝ մենք Հայաստանո՞ւմ ենք ապրում, թե՞ այլ մի տեղ) ավելի ու ավելի է ձեռք բերում շոու-բիզնեսի ուրվագծեր։ Մաքուր արվեստը կարո՞ղ է շոուների եւ «գլամուրի» լեզվով խոսել ու շահել դրանից։
– Կարծում եմ, որ շոու-բիզնեսը կարող է օգնել արվեստին, քանի որ շոուի ֆորմատը մեծ հնարավորություններ է բացում արվեստի համար։ Արվեստի նպատակը հասարակության հետ կոնտակտ ստեղծելն է, նույնն էլ անում է շոու-բիզնեսը։ Եվ գլամուրային եղանակները այդ կոնտակտներից մեկը կարող են լինել։ Որքան շատ լինեն կոնտակտների ձեւերը, այնքան ավելի արագ ի հայտ կգա լավագույնը, քանի որ ցանկացած ոլորտում գործում է «մաղի» սկզբունքը։ Վատը մաղվում է, մնում է արժեքավորը։ Իսկ արժեքները հասկանալի ու տեսանելի են դառնում միայն մրցակցության շնորհիվ։ Պարզապես դրա համար շուկա է հարկավոր։ Այսինքն, պետք է շատանա ազատ գալերեաների, մասնավոր թանգարանների քանակը։ Շուկան է արվեստի ձեւավորողը, քանի որ բազմազանություն է ապահովում։ Այն նման է երգչախմբի աշխատանքին, որտեղ բոլորն անհատներ են, սեփական ձայնն ու դերն ունեն, սակայն միայն միասին կարող են երգել։ Մեծն ֆրանսիացի Վոլտերն ասել է՝ ես չեմ կիսում քո կարծիքը, բայց պատրաստ եմ կյանքս զոհել, որպեսզի դու կարողանաս քո կարծիքն արտահայտել ու ասել այն, ինչը ցանկանում ես ասել։ Կարծում եմ, սա է ազատության ամենադիպուկ բնութագրումը, որը գործում է ընկերական, ընտանեկան, աշխատանքային փոխհարաբերություններում։ Եվ դա վերացական միտք չէ, քանի որ հենց այդ նույն սկզբունքով էլ ստեղծվում ու ձեւավորվում են արվեստի շուկաները։
– Դուք նկատի ունեք ներքի՞ն, թե՞ օրենսդրական ազատությունը։
– Ազատությունը պետք է եւ՛ ներքին, եւ՛ արտաքին փաստ լինի։ Եթե ազատությունը միայն քո մեջ է, իսկ դրսում այն չկա, դա նշանակում է, որ բռնակալության պայմաններում ես ապրում։ Իսկ երբ հակառակն է լինում, եւ ազատ միջավայրում դու քեզ ազատ չես զգում, ուրեմն դու հասարակության համար կորուստ ես դառնում։
– Մի քանի օր անցկացնելով Հայաստանում՝ ինչպե՞ս կգնահատեք մեր հասարակության ինքնազգացողությունը։ Արվեստի պահանջարկ նկատե՞լ եք։
– Հայաստանի հասարակությունը ազատության ճանապարհին է գտնվում։ Եվ նկատելի է, որ դա ճանապարհի շատ դժվար անցանելի հատված է։ Եվ երբ այն ետեւում մնա, հայաստանյան հասարակությունը զարմանալի հզորություն ու ուժ ձեռք կբերի։ Երեկ ես խոսել եմ երիտասարդ հայ բիզնեսմենների հետ ու նկատել եմ, որ նրանք արտաքնապես շատ գեղեցիկ են, աշխատասեր են, լավատեսորեն են նայում ապագային, հարգում են այլ կարծիք ունեցող մարդկանց, ու ամենակարեւորն այն է, որ կրեատիվ մտքեր ունեն։ Իսկ ստեղծագործական միտքը հենց արվեստի պահանջարկի մասին է վկայում։
– Իսկ որպես տեսաբան-ախտորոշող, նաեւ՝ արվեստի բժիշկ, որքա՞ն եք կարեւորում հասարակության ընդհանուր ճաշակը, որի անկման մասին մեր երկրում շատ է խոսվում։
– Կարծում եմ, այդ թեման անսպառ է։ Ես, օրինակ, մարդկանց ճաշակի մասին շատ եմ զրուցել իմ ընկերներ Ջաննի Վերսաչեի ու Արմանիի հետ, որոնք գրանդիոզ ստեղծագործողներ են եղել ոչ միայն նորաձեւության աշխարհում, այլեւ՝ ավելի լայն հասարակական ազդեցություն են ունեցել։ Ես համոզված եմ, որ մոդան շատ հետաքրքիր կոնտակտներ է ստեղծում, չէ՞ որ այն նույնպես արվեստ է, որն իր շուկան ունի։ Եվ հենց այդ շուկան է ձեւավորում մարդկանց ճաշակը, ոճը, էլեգանտության ու հարմարավետության սեփական պատկերացումը։ Համոզված եմ, որ խոսելով հանրային ճաշակի մասին, նախեւառաջ պետք է ուշադրություն դարձնել հենց այն ոճի վրա, որը նախընտրում է մեծամասնությունը, եւ սկսել կրեատիվ մոտեցումներ ցուցաբերել այդ ոլորտում։
– Ի՞նչ, է մեր երկրում պոզիտիվ մտքերի առիթ տալիս։ Ի՞նչն է աչք շոյում։
– Հիացմունք է առաջացնում ձեր հնագույն ճարտարապետությունն ու ճարտարապետական ֆորմաները։ Օրինակ, առաջին բանը, որը տեսնում են Հայաստան ժամանող մարդիկ, դա ձեր օդակայանն է, որը շատ գեղեցիկ կապ է ստեղծում Հայաստանի եւ ողջ աշխարհի միջեւ։ Իսկ պոզիտիվ մտքեր են ներշնչում մարդիկ, որոնք ուզում են հպարտության զգացումով ապրել։ Ես զրուցեցի երիտասարդ հնէաբանների հետ ու համոզվեցի, որ նրանք ոչ միայն ֆիզիկապես են աշխատում, այլեւ՝ գործի են դնում իրենց ոգին։ Այսինքն՝ դանդաղորեն ու զգուշորեն մարդիկ փորձում են մոտենալ իրենց արվեստին ու պատմությանը։ Հայաստանի հարստությունը մարդիկ են, որոնք ներքին մեծ հնարավորություններ ունեն ու կամաց-կամաց սկսում են գիտակցել իրենց ուժն ու հպարտանալ այդ ուժով։
– Իսկ հպարտությունը չի՞ կարող դատարկ տեղում ծագել։
– Հպարտությունը երբեք շատ կամ անտեղի չի լինում։ Նաեւ վտանգավոր չի լինում։ Իհարկե, եթե դու ընդունում ես, որ քոնով հպարտանալը չի նշանակում՝ ուրիշինը ատել։ Եվ երբ ես ասում եմ, որ հպարտանում եմ ինձնով, ուրեմն սիրում ու հպարտանում եմ նաեւ քեզանով։ Հպարտությունը ազատ լինելու ձեւերից մեկն է։