Անձնական թշնամանք չկա

25/06/2009

Ընդդիմության կողմից հնչած հայտարարություններին ի պատասխան, թե անազատության մեջ գտնվող Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի նկատմամբ իշխանություններն «անձնական թշնամանք» են դրսեւորել` նրան դատապարտելով 8 տարի ազատազրկման, երեկ ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն ասել է. «Անձնական որեւէ մոտեցում ՀՀԿ-ի կողմից չկա: Եթե իրենք իրենց կառավարման ժամանակներում անձնական մոտեցումներով են առաջնորդվել եւ շրջանցել օրենքները, ապա մենք առաջնորդվում ենք ոչ թե անձնական սիմպատիաներով ու անտիպատիաներով, այլ` օրենքով: Կոնկրետ Սասուն Միքայելյանի նկատմամբ անձնական մոտեցում չի դրսեւորվել»: Նրա պնդմամբ` այս համաներումը «Հայաստանի նորագույն պատմության մեջ արված մարդասիրական փաստ է, որը ցույց է տալիս, որ իշխանությունները մեծ քաղաքական կամք են դրսեւորել»: Հարցին` «Եթե չլիներ ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանը, ապա «քաղաքական կամք» կդրսեւորվե՞ր իշխանությունների կողմից», Է. Շարմազանովը պատասխանել է. «Հայաստանի իշխանությունները ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնում են ոչ թե ելնելով եվրոպական այս կամ այն կառույցի խնդրանքներից, հորդորներից կամ պահանջներից, այլ զուտ նրա համար, որ մեզ համար ժողովրդավարական բարեփոխումները ներքին պահանջմունք է»: