ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե ինքը կարող է փաստերով ապացուցել, որ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն «անցել է ընդդիմության կողմը»: «Ինչպես գիտեք, Մարդու իրավունքների պաշտպանը լրիվ ընդդիմության կողմն է անցել, եւ իր զեկույցներից դա երեւում է շատ պարզ, շատ պարզ: Եթե պետք է, ես կարող եմ ապացույցներ բերել, թե նա ինչ է գրում այդ զեկույցներում 2008թ.»,- ասել է նա: Ավելին, ըստ Ռ. Պետրոսյանի` հենց այդ զեկույցի հետեւանքով արդեն լուծարված Փաստահավաք խմբում ընդդիմությունն ուներ երեք ներկայացուցիչ: «Այնպիսի լարվածություն էր առաջացել այդ խմբում, որ հինգից չորսը իրար հետ չէին խոսում»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը` հավելելով, թե խմբի աշխատանքն անարդյունավետ էր, ինչը վերականգնել պետք չէ: