ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում երեկ ընդունվել է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին բանաձեւի նախագծում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի առաջարկն այն մասին, որ ԵԽ ԽՎ-ն շարունակելու է հետեւել Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ դեռեւս ընթացքի մեջ գտնվող քրեական գործերին եւ զարգացումներին:
Եվ սա ՀՀ-ի վերաբերյալ թվով չորրորդ բանաձեւի, թերեւս, «ամենակոշտ» ձեւակերպումն է: Բնականաբար, համազեկուցողների այս առաջարկը ողջունվել է ԵԽ ԽՎ լիագումար նիստում: Հիշեցնենք, որ շրջանառության մեջ դրված նախագծի վերաբերյալ առաջարկներ էին ներկայացրել ոչ միայն համազեկուցողները, այլեւ` Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության` ինչպես իշխող կոալիցիան ներկայացնող, այնպես էլ ընդդիմադիր անդամները: Սակայն ընդդիմադիր անդամների եւ ոչ մի առաջարկ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում չի ընդունվել: Սակայն ամեն ինչ` ըստ հերթականության:
Երեկ առավոտվանից լուրեր տարածվեցին այն մասին, որ ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության նոր անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մոտեցել է Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակությունների անդամներին` խնդրելով ստորագրել ԵԽ ԽՎ բանաձեւում իր կողմից առաջադրվելիք փոփոխությունների տակ, ինչը վերջիններս արել են մեծ ոգեւորությամբ ու պատրաստակամությամբ: Իրականում Փոստանջյանի ներկայացրած փոփոխությունները միանգամայն ընդունելի եւ հասկանալի են, բացառությամբ այն հանգամանքի, որ նա խնդրել է դրանց տակ ստորագրել նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակներին, ինչը ոչ թե կեղծ հայրենասիրության, այլ Հայաստանի պետական շահերի տեսանկյունից չի կարող որեւէ կերպ ընկալվել: Իսկ այդ փոփոխություններով, Զ. Փոստանջյանն առաջարկում է նախագծի` այն դրույթից հետո, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ ազատազրկված ոչ բոլորն են ազատ արձակվել համաներման հետեւանքով, ավելացնել՝ «Վեհաժողովը կոչ է անում Հայաստանի իշխանություններին` օգտագործել առկա բոլոր իրավական գործիքները մնացած մարդկանց եւս ազատ արձակելու համար»: Նա նաեւ առաջարկում է բանաձեւի նախագծում ավելացնել մի դրույթ, որով Վեհաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է անում վերակազմավորել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման փորձագետների Փաստահավաք խումբը եւ թույլ տալ այդ խմբում ներգրավել անկախ միջազգային փորձագետների: Եվ վերջապես «Ժառանգության» ներկայացուցչի երրորդ առաջարկն է` պահանջել ԵԽ ԽՎ համազեկուցողներից, որպեսզի նրանք Հայաստան այցելեն մինչեւ Վեհաժողովի ձմեռային նստաշրջանը` այդ բանաձեւի պահանջների հետ կապված Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույց պատրաստելու նպատակով: Երեւանում գտնվող Զ. Փոստանջյանի գործընկերները երեկ հրաժարվել են մեկնաբանել «Ժառանգության» ներկայացուցչի այս քայլը: Մասնավորապես, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասել է. «Ես չեմ մեկնաբանի, քանի դեռ Զարուհի Փոստանջյանը չի վերադարձել եւ չի ասել, թե այնտեղ ինչ է կատարվում»: Նույն պատասխանն է տվել նաեւ խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը. «Ես որեւէ կարծիք չեմ ասի, քանի դեռ Զ. Փոստանջյանի հետ որեւէ կապ չկա»: Իսկ Ստեփան Սաֆարյանը «7 օր» կայքի թղթակցին ասել է. «Ադրբեջանցի պատվիրակը ստորագրել է Արցախի փառապանծ հերոսամարտիկ Սասուն Միքայելյանին եւ մյուսներին բանտերից անհապաղ ազատ արձակելու պահանջի տակ»: Եվ հարցին, թե արդյոք հարցրե՞լ են` Ս. Միքայելյանը կուզենա՞ր, որ ադրբեջանցին ստորագրեր այդ փաստաթղթի տակ, Ս. Սաֆարյանը պատասխանել է. «Սասուն Միքայելյանի խնդիրը չէ: Դա հասարակության պահանջն է»:
Ի դեպ, Փոստանջյանի վերադարձին անհամբեր սպասում է նաեւ «Ժառանգության» հիմնադիր, ԵԽ ԽՎ-ում այլեւս նախկին ընդդիմադիր անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով, մեր տեղեկություններով, իր կուսակցի վերոնշյալ քայլը որակել է «դավաճանական»: Հիշեցնենք, որ Ր. Հովհաննիսյանը պարբերաբար ԵԽ ԽՎ-ում հայտարարում էր, թե ինքը երբեք որեւէ քայլ չի անի, որը «ջուր կլցնի Հայաստանի թշնամիների ջրաղացին»:
Ի դեպ, պարզվում է` սա քննարկման թեմա է դարձել նաեւ Ադրբեջանում: Երեկ ադրբեջանական ԶԼՄ-ները` վկայակոչելով ԵԽ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովին, տեղեկացրել են, թե Զ. Փոստանջյանը ստորագրություն ստանալու հարցով չի դիմել իրենց պատվիրակության անդամներին: Սակայն, ավելի ուշ, հայկական կայքերում տեղադրվեցին այն փաստաթղթերը, որոնց տակ թուրք պատվիրակների ստորագրությունների հետ մեկտեղ՝ կա նաեւ Ադրբեջանի պատվիրակ Գյուլթաքին Հաջիբայլիի ստորագրությունը:
Ինչեւէ, նշենք, նաեւ, որ երեկ ԵԽ ԽՎ «Անպատժելիության դեմ պայքարին» նվիրված նիստի ժամանակ, ըստ «Ա1+»-ի՝ ելույթ է ունեցել նաեւ Զարուհի Փոստանջյանը եւ հայտարարել է, որ Հայաստանում անպատժելիության մթնոլորտ է տիրում, Մարտի 1-ը բացահայտված չէ, քանի որ կարեւոր անձը` Ռոբերտ Քոչարյանը, ով Մարտի 1-ի մեջ մեղավորություն ունի, «օգտագործել է զինված ուժերը` հակառակ ՀՀ Սահմանադրությանն, ու խախտելով մարդու իրավունքների միջազգային կոնվենցիայի 15 հոդվածը՝ հայտարարել է արտակարգ դրություն 20 օրով»: «Ա1+»-ի փոխանցմամբ` Փոստանջյանի նման վարքագիծը խիստ վրդովեցրել է ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության մյուս անդամներին:
Մերժված եւ ընդունված առաջարկներ
ԵԽ ԽՎ ընթացակարգի համաձայն` երեկ, մինչեւ ԵԽ ԽՎ լիագումար նիստում ՀՀ-ի վերաբերյալ հարցի քննարկման մեկնարկը, տեղի է ունեցել Մոնիտորինգի հանձնաժողովի նիստ, որտեղ հստակեցվել են Հայաստանի վերաբերյալ նախատեսվող նոր` թվով չորրորդ բանաձեւի այն դրույթները, որոնք պետք է հաստատվեն լիագումար նիստում: Եվ այսպես. ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը մերժել է ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի առաջարկը` «Ա1+»-ին վերաբերող պարբերությունը բանաձեւի նախագծից հանելու կապակցությամբ: Մերժվել են նաեւ Զարուհի Փոստանջյանի բոլոր երեք վերոնշյալ առաջարկները, որոնք կապված էին Մարտի 1-ի եւ դրա հետեւանքով կալանավորված անձանց ազատ արձակելու, Փաստահավաք խմբի վերակազմավորման, ինչպես նաեւ՝ ՀՀ պարտավորությունների կատարման համար հստակ ժամկետ սահմանելու հետ: Փոխարենն ընդունվել է Դավիթ Հարությունյանի առաջարկությունն այն մասին, որ համաներումը կկիրառվի այն մարդկանց վրա, ովքեր փախուստի մեջ են եւ միայն մինչեւ հուլիսի 31-ը կհանձնվեն իրավապահ մարմիններին: Մասնակի ընդունվել է նաեւ այն առաջարկը, համաձայն որի` «Վեհաժողովը կոչ է անում Հայաստանի հանրության թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական քաղաքական ուժերին` բաց չթողնել այդ նոր հնարավորությունը եւ մասնակցել բաց, կառուցողական եւ լուրջ երկխոսությանը բարեփոխումների վերաբերյալ, որոնք պահանջվում են Վեհաժողովի կողմից, եւ մերժել բոյկոտներն ու հակամարտության այլ գործողությունները, որոնք խոչընդոտում են Հայաստանի քաղաքական կայունությանը եւ ժողովրդավարական զարգացմանը»: Այս առաջարկից հանվել է հետեւյալ ձեւակերպումը. «… մերժել բոյկոտներն ու հակամարտության այլ գործողությունները, որոնք խոչընդոտում են Հայաստանի քաղաքական կայունությանը եւ ժողովրդավարական զարգացմանը»:
Ի դեպ, ընդունվել է նաեւ այն առաջարկությունը, ըստ որի` Վեհաժողովը կարեւոր է համարում Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի զեկույցը` «չնայած Փաստահավաք խմբի լուծարմանը եւ այն հարցին, թե արդյո՞ք քննությունը կատարվել է անկողմնակալ եւ արժանահավատ` ԵԽ չափանիշներին համապատասխան»: Ընդունվել է նաեւ Դավիթ Հարությունյանի առաջարկությունը, ըստ որի՝ ՀՀ-ն հավատարիմ է մնում ԵԽ ԽՎ 1609 բանաձեւում արտահայտված դիրքորոշմանը, եւ հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտը կարգավորող երկու հանձնաժողովները պետք է արտահայտեն ողջ հասարակության բոլոր շերտերի կարծիքը:
Համաներմամբ էջը չի փակվել
Երեկ առավոտյան, ինչպես եւ սպասվում էր` Ստրասբուրգ է ժամանել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով մինչեւ Հայաստանի մասին հարցի քննարկումը հանդիպումներ է ունեցել ԵԽ ԽՎ գլխավոր քարտուղար Լուիս Մարիա դե Պյուչի, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի եւ ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բոյեր-Բուքիքիոյի հետ: Նա հանդիպել է նաեւ Քաղաքական միավորված եվրոպական ձախերի խմբակցության ղեկավար Թինի Կոքսի, Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Լյուկ Վանդենբրանդի հետ: Ավելի ուշ դը Պյուչը պաշտոնական ճաշի է հրավիրել ԵԽ ԽՎ նստաշրջանի ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանին, որից հետո նա նաեւ հանդիպել է եվրոպական լիբերալների եւ ժողովրդավարական ալյանսի ղեկավար Մ. Կորշիի եւ եվրոպական ժողովրդավարական խմբակցության ղեկավար Ա. Ուիլշարի հետ: Նախքան քննարկումը, Հ. Աբրահամյանը հանդիպել է նաեւ լրագրողների հետ, որտեղ հայտարարել է, թե ինքը գոհ է ՀՀ ԱԺ եւ ԵԽ ԽՎ համագործակցությունից: Նաեւ շնորհակալություն է հայտնել համազեկուցողներին, որոնք, ըստ նրա` մեկ տարվա ընթացքում աջակցություն են ցուցաբերել Հայաստանին: Ըստ «Ա1+»-ի` Հ. Աբրահամյանը հայտարարել է, թե բոլորի համար էլ ակնհայտ է, որ մարտի 1-ի ողբերգությունը «շատ ծանր անդրադարձավ նորընտիր նախագահի եւ իշխանության համար, եւ մենք ամեն ինչ անում ենք, որ մարտի 1-ի էջը փոխենք եւ սկսենք նոր էջից, եւ պարտավոր ենք դա անել ամբողջ հասարակությունով»: Հիշեցմանն էլ, թե` երեկ առավոտյան կայացած ասուլիսում ԵԽ ԽՎ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հայտարարել է, որ համաներման մասին որոշում ընդունելով՝ Մարտի 1-ի էջը չի կարելի փակված համարել, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է. «Համամիտ եմ գլխավոր քարտուղարի հետ: Դեռ կան գործընթացներ, որ պետք է իրականացվեն, ընթանում են նաեւ քննություններ, որոշ մարդիկ փախուստի մեջ են, դա պրոցես է, որ դեռ չի ավարտվել, բայց քաղաքական կամք ենք դրսեւորել եւ անելու ենք ամեն ինչ, որպեսզի քննության արդյունքը մինչեւ վերջ թափանցիկ, ազնիվ լինի: Նաեւ մեծ հույս ունեմ, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում Նիկոյանն ամեն ինչ անելու է, որ հանձնաժողովի միջոցով ճշտենք եւ է՛լ ավելի ինֆորմացիա ստանանք կատարվածի մասին»: Անդրադառնալով համաներման մասին ՀՀ նախագահի որոշմանը, Հ. Աբրահամյանն ասել է. «Սերժ Սարգսյանը մեծ մարդասիրական քայլ դրսեւորեց համաներման հայտարարմամբ, եւ դա արեց ճիշտ ժամանակին: Լավ է ուշ, քան երբեք»: Հարցին էլ, թե` դեռեւս 16 մարդ, որոնք համարվում են քաղբանտարկյալ, այնուամենայնիվ, շարունակում են մնալ մեկուսարաններում, եւ կա՞ն արդյոք այլ գործիքներ, որոնց կիրառմամբ կարող են նրանք ազատ արձակվել, Հ. Աբրահամյանը պատասխանել է. «Ձեր նշած 16 մարդու ուղիղ կեսը կապ չունեն Մարտի 1-ի հետ, դուք խոսում եք մարդկանց մասին, որոնք դատապարտվել են դավաճանության, ապօրինի զենքի կրելու, օգտագործելու մեջ. համաներումը չի տարածվում այդ հոդվածների վրա, իսկ Մարտի 1-ի դեպքերով, օրինակ, մարդ կա, որ հարվածել է ոստիկանի գլխին եւ հասցրել ծանր մարմնական վնասվածք, մարդ կա, որ ապօրինի զենքի կրման հոդվածով է դատապարտված, եւ համաներումը չի կիրառվում այդ հոդվածների վրա, համաներումը չի տարածվելու նրանց վրա»: