Ճգնաժամ

25/06/2009

440 միլիարդ եվրո՝ եվրոպական բանկերին

Եվրոպական Կենտրոնական բանկը (ԵԿԲ) հունիսի 24-ին եվրոյի գոտու առեւտրային բանկերին տրամադրել է ռեկորդային բարձր ծավալով վարկային միջոցներ՝ 442.24 միլիարդ եվրո։ Համեմատության համար նշենք, որ այդ գումարը գրեթե երեք անգամ գերազանցում է Ռուսաստանի նման պետության 2009թ. պետական բյուջեն։ ԵԿԲ վարկերը տրամադրվել են տարեկան 1% տոկոսադրույքով, 1 տարի ժամկետով։ Եվրոբանկի նախկին ռեկորդը գրանցվել էր 2007թ. դեկտեմբերին. այն ժամանակ առեւտրային բանկերին տրամադրվել էր 348.6 միլիարդ եվրո, 2 շաբաթ ժամկետով։ Նշված միջոցները պետք է օգնեն բանկերին՝ ֆինանսական ճգնաժամի պայմաններում լիկվիդայնության պակասը հաղթահարելու համար։ Դեռ 2008թ. նոյեմբերին ԵԿԲ-ից օգնություն էին խնդրել Եվրոպայի ավելի քան 830 վարկային կազմակերպություններ, որոնց ԵԿԲ-ն տրամադրել է 330 միլիարդ եվրո։

Ինչ վերաբերում է ռուսաստանյան բանկերին, նրանք իրացվելիության հետ կապված խնդիրներ ունեցան 2008թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, երբ ճգնաժամը այս երկրում ավելի սուր երանգներ ստացավ։ Հայրենի ֆինանսական հաստատություններին օգնելու նպատակով ՌԴ կառավարությունը մի շարք հակաճգնաժամային միջոցառումներ իրականացրեց։ Մասնավորապես, 200 միլիարդ ռուբլի տրամադրվեց «Ավանդների երաշխավորման գործակալություն» պետական կորպորացիային՝ բանկերի ֆինանսական առողջացմանը նպաստելու համար։ Բացի այդ, ՌԴ Ֆինանսների նախարարությունը սկսեց իրականացնել, այսպես կոչված, դեպոզիտային աճուրդներ, որոնց միջոցով բանկերում տեղակայվում էին բյուջեի՝ ժամանակավոր ազատ միջոցները։

Ինչ արժե երեխա ունենալը

Համաշխարհային ճգնաժամը, ըստ երեւույթին, շատերին ստիպել է հաշվել միջոցները ցանկացած քայլ կատարելուց առաջ։ Ընդ որում, ոմանք այս գործում շատ հեռուն են գնացել, կարելի է ասել՝ ավելի հեռուն, քան կարելի էր։ Շվեդ տնտեսագետները, օրինակ, հաշվել են, թե թագավորության սովորական ընտանիքի վրա որքան է «նստում» երեխա ունենալը: Նրանց հաշվարկների համաձայն` յուրաքանչյուր երեխայի վրա ծնվելու պահից մինչեւ ավարտական քննություններ հանձնելը (Շվեդիայում ավարտական քննություններ են հանձնում 19 տարեկանում) ծախսվում է 1 մլն շվեդական կրոն կամ մոտավորապես 100 հազար եվրո: Երկու երեխայի վրա ծախսվում է 1,8 մլն կրոն: «Երեխաները պարգեւ են, բայցեւայնպես, հետաքրքիր է իմանալ՝ որքան ծախս են նրանք պահանջում»,- ՏՏ գործակալությանը տված հարցազրույցում պատմել է «Սվեդբանկ» բանկի տնտեսագետ Մարիա Արենգարտը: Մասնագետների հաշվարկները հիմնված են օրորոցից մինչեւ դպրոցական վերջին զանգը երեխայի համար ծնողների կատարած միջին ծախսերի վրա: Ամենամեծ ծախսերը կատարվում են սննդի եւ հագուստի համար, որոնց այդ ժամանակաշրջանում բաժին է ընկնում ընդհանուր ծախսերի կեսը: Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ երեխան նաեւ եկամուտ է բերում. ամսական 1050 կրոնի չափով պետական նպաստները 19 տարվա ընթացքում 233 հազար կրոն գումար են կազմում:

Միլիարդատեր-խաբեբա Ստենֆորդին դատում են

Տեխասցի միլիարդատեր եւ խոշորագույն ֆինանսական բուրգերից մեկի ստեղծող Ալան Ստենֆորդի գործով դատավարությունը տեղի կունենա հինգշաբթի օրը ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքի դատարանում: Այդ մասին երեկ հաղորդել է «Ռոյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը: Ըստ մամլո ծառայության տվյալների՝ դատավարությունը կսկսվի տեղական ժամանակով առավոտյան ժամը 10-ին: Անցյալ շաբաթ Ստենֆորդին ներկայացվել է ֆինանսական բուրգի ստեղծման մեղադրանք, նրան սպառնում է 250 տարվա բանտարկություն: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է 8 միլիարդ դոլարի խարդախության մեջ։ Ուրբաթ օրը դատարանի դահլիճում Stanford Financial Group-ի սեփականատերը վերցվել է կալանքի տակ՝ 21 կետով, ներառյալ խարդախ սխեմայի ստեղծման մեղադրանքը: Արժեթղթերի եւ սակարանների հանձնաժողովը (SEC) փետրվարի 17-ին Ստենֆորդին առաջադրել է 8 միլիարդ դոլար գումարի խարդախ գործառնությունների մեղադրանք: Ըստ հանձնաժողովի գնահատումների՝ Ստենֆորդը, նրա ընտանիքի անդամները եւ բարեկամները ներդրողներին խաբելու նպատակով «կատարել են խոշոր խարդախություն՝ հիմնված կեղծ խոստումների» եւ անցյալ տարիների համար սարքված տվյալների վրա: Ըստ SEC-ի տվյալների՝ Stanford International Bank-ը վերջին 15 տարում իրականացրել է խարդախ սխեմա՝ հիմնված բարձր եկամտաբերություն երաշխավորող ավանդային վկայությունների վաճառքի վրա: Ներդրողները գնել են այդ թղթերը՝ հավատալով «անհավանական եւ անհիմն բարձր տոկոսադրույքների» խոստումներին: Հանձնաժողովը գանգատ է ներկայացրել Դալլասի ֆեդերալ դատարան, եւ դատավոր Ռիդ ՕգՔոնորը կարգադրել է սառեցնել Ստենֆորդի ակտիվները: Նշենք, որ սա իր մասշտաբներով երկրորդ ֆինանսական բուրգն է, որ վերջին տարիներին բացահայտվել է ԱՄՆ-ում: Հունիսի վերջին սպասվում է Բեռնարդ Մեյդոֆի (որը կարողացել էր ստեղծել իր մասշտաբներով աննախադեպ խարդախ սխեմա՝ յուրացնելով 65 միլիարդ դոլար) նկատմամբ դատավճիռը։

Գործազուրկներին՝ անվճար տոմսեր

Ավստրալական «Virgin Blue» ավիաընկերությունը անսովոր ակցիա է իրականացնում՝ հաճախորդներին ճգնաժամի պայմաններում պահպանելու համար։ Այն ուղեւորները, որոնք ինքնաթիռի տոմս գնելուց հետո կկորցնեն աշխատանքը, ետ կստանան տոմսի համար վճարված գումարները։ «Virgin Blue»-ից բացի, ակցիային մասնակցում են նաեւ «Pacific Blue», «Polynesian Blue» եւ «V Australia» ավիաընկերությունները։ «Virgin Blue»-ի գլխավոր տնօրեն Բրեթ Գոդֆրին այս առնչությամբ ասել է. «Անսովոր հանգամանքները (նկատի ունի ճգնաժամը.- Բ.Թ.) պահանջում են անսովոր միջոցառումներ»։ Նշենք նաեւ, որ աշխատանքը կորցնելուց բացի, ուղեւորները պետք է համապատասխանեն մի շարք լրացուցիչ պահանջների՝ գումարները ետ ստանալու համար։

Հարկադրված հանգիստ՝ Կոստա Ռիկայում

Ավստրալացիների նման՝ բիզնեսը պահպանելու միջոցներ են հնարել նաեւ կոստառիկացիները, իհարկե՝ այլ ոլորտում։ «Երբ ԱՄՆ-ում փռշտում են, մենք միանգամից հիվանդանում ենք»,- լրատվամիջոցներից մեկին վերջերս ասել էր Կոստա Ռիկայի մի հյուրանոցատեր։ Իհարկե, նա նկատի ուներ ամենեւին ոչ գրիպը։ Զբոսաշրջությունը, որն այս երկրի տնտեսության համար կենսական նշանակություն ունի, մեծ վնասներ է կրել ճգնաժամի պատճառով։ Ըստ մասնագետների գնահատականների, այս տարվա առաջին եռամսյակում Կոստա Ռիկա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է

13%-ով՝ անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Սակայն շատ ընկերություններ բավականին արագ արձագանքեցին իրավիճակի փոփոխությանը։ Այսպես, «Casa Roland» ցանցը, որը Խաղաղ օվկիանոսի ափին տեղակայված լյուքս դասի վիլլաներ է տրամադրում տուրիստներին, սկսել է մի ակցիա, որը կոչվում է. «Կրճատել են՝ հանգստացիր»։ Ընկերությունը առաջարկում է բոլոր այն մարդկանց, ում վերջին շրջանում ազատել են աշխատանքից, մեկ կամ երկու օր անվճար հանգստանալ իրենց վիլլաներից մեկում։ Դրան զուգահեռ, «Casa Roland»-ը նաեւ բոնուսներ է սահմանել՝ օրինակ՝ 1 շիշ անվճար գինի ընթրիքի ժամանակ։

Հարվարդն էլ տուժեց

Ճգնաժամն ազդել է ԱՄՆ-ի ամենահեղինակավոր եւ ամենահարուստ համալսարանի՝ Հարվարդի վրա, որը կանխատեսում է իր բազմամիլիարդանոց ֆինանսավորման զգալի կրճատում։ Այս մռայլ հեռանկարը Հարվարդի ղեկավարներին ստիպել է խնայել միջոցները եւ աշխատանքից ազատել 275 հոգու։ Կրճատման ալիքի տակ կընկնեն առաջին հերթին ադմինիստրատիվ աշխատողները, գանձապահները եւ տեխնիկական անձնակազմը։ Ինչ վերաբերում է պրոֆեսորադասախոսական կազմին, ապա նրանց աշխատանքին վտանգ չի սպառնում։ Մյուս աշխատողները գործազուրկ կդառնան արդեն հաջորդ շաբաթ։ Այս մասին կոլեկտիվին ուղղված նամակում տեղեկացրել է կադրերի գծով փոխնախագահ Մերիլին Հոսամաննը։ Բացի այդ, կրճատվել է նաեւ 40 հոգու աշխատանքային օրը։ «Associated Press»-ի տվյալներով, 2008թ. օգոստոսից մինչեւ դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում Հարվարդի նպատակային կապիտալը նվազել է 22%-ով՝ կազմելով 28.7 միլիարդ դոլար։ Սպասվում է, որ ուսումնական տարվա վերջին՝ հունիսի 30-ին, կապիտալի կրճատումը կկազմի 30%։ Ավելի վաղ ծախսերի կրճատման նպատակով համալսարանում սառեցրել էին աշխատավարձի վճարումը, կրճատել բյուջեն եւ դադարեցրել համալսարանին կից գործող գիտահետազոտական կենտրոնի աշխատանքները։ «Վերջին կես տարվա ընթացքում մեր կողմից իրականացված բոլոր քայլերը նպատակ ունեն պահպանել համալսարանի գիտական եւ կազմակերպչական պոտենցիալը»,- ասել է Հոսամաննը։

Մնացին առանց բոնուսների

Ռուսաստանյան ամենախոշոր ֆինանսական ընկերության՝ «Խնայբանկի» վարչության անդամները 2008թ. ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար պարգեւավճարներ չեն ստանա։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է «Խնայբանկի» վարչության փոխնախագահ Բելլա Զլատկիսը։ Նա նաեւ նշել է, որ ընկերության թոփ մենեջերները պարգեւավճարներ ստացել են նախորդ տարվա 8 ամսվա համար։ Նշենք նաեւ, որ 2008-ի նոյեմբերին «Խնայբանկը» որոշեց նվազեցնել ղեկավար աշխատողների աշխատավարձը։

Ի դեպ, «Խնայբանկը» միակ հաստատությունը չէ, որ նման քայլերի է գնում։ Ճգնաժամի պայմաններում ռուսաստանյան շատ բանկեր սկսել են ուշադրություն դարձնել թոփ-մենեջերների վարձատրության չափին։ Դրա հետեւանքներն իրենց մաշկի վրա զգացին առաջին հերթին պետական կոնցեռնների ղեկավարները։ Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 2-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նման ընկերությունների ղեկավարներին կոչ արեց «ինքնասահմանափակվել»։ Իսկ երկրի Ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը տեղեկացրել է, որ պետական ընկերությունների թոփ-մենեջերների պարգեւավճարները կսառեցվեն 2 տարով։

Միեւնույն ժամանակ, տարբեր ընկերություններում այս հարցի վերաբերյալ ունեն տարբեր մոտեցում։ Օրինակ, «ՀՏրվպՒՑՖ»-ը իր անկախ տնօրեններին արգելել է հրաժարվել պարգեւավճարներից, այն հիմնավորմամբ, որ դա կարող է բացասաբար ազդել ընկերության հեղինակության վրա։ Իսկ «թՈջտՐՏՎ վպՒՑՖ»-ը հակառակը՝ հրաժարվել է տնօրենների խորհրդի անդամներին ավելի գումարներ վճարել։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ «թՈջտՐՏՎ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը 2 ընկերություններում կատարած աշխատանքի դիմաց տարեկան ստանում է 5.3 միլիոն դոլար։ Ավելացնենք, որ «Խնայբանկը» Ռուսաստանի ամենախոշոր ֆինանսական ընկերությունն է եւ որոշ սեգմենտներում զբաղեցնում է շուկայի 50%-ից ավելին։ Բաժնետոմսերի կեսից ավելին պատկանում է պետությանը։

«Citigroup»-ը շռայլում է

Ֆինանսական ոլորտի թոփ-մենեջերների պարգեւավճարների թեման արդիական է նաեւ ԱՄՆ-ում։ Սակայն այստեղ, ինչպես երեւում է, ճգնաժամը չի ազդել սեփականատերերի առատաձեռնության վրա։ Ինչպես հաղորդում է «Բլումբերգը», ԱՄՆ խոշորագույն «Citigroup» բանկը որոշել է 50%-ով բարձրացնել իր աշխատակիցների աշխատավարձը՝ փոխհատուցելու համար տարեկան պարգեւավճարների կրճատումը։ Ամենից շատ կաճեն ներդրումային բանկիրների եւ, այսպես կոչված, թրեյդերների աշխատավարձերը։ Աշխատողների «սիրտը շահելու» համար «Citigroup»-ը որոշել է նաեւ պարգեւատրել նրանց օպցիոններով՝ բաժնետոմսերի գնման համար։ Նշենք, որ «Citigroup»-ն այս քայլին գնացել է՝ հետեւելով ԱՄՆ խոշորագույն մյուս բանկերի՝ «Morgan Stanley»-ի եւ UBS-ի օրինակին։ «Morgan Stanley»-ն, մասնավորապես, բարձրացրել էր իր աշխատակիցների բազային աշխատավարձը եւ խոստացել կրկնապատկել ֆինանսական տնօրեն Քոլմ Քոլլեհերի աշխատավարձը։ Նշենք, որ փոխհատուցումները եւ պարգեւավճարները «Citigroup»-ի ծախսային հոդվածներում առյուծի բաժին ունեն։ 2008թ. ընթացքում դրանց ծավալը կազմել է 32.4 միլիարդ դոլար, այն դեպքում, երբ ընկերությունը տարին փակել է 28 միլիարդ դոլարի մաքուր վնասով։