Շշպռեց

25/06/2009 Արա ԳԱԼՈՅԱՆ

Մեր տնտեսական կյանքը նորից հարուստ է նորություններով: Հակասական ու տեղ-տեղ զվարճալի նորություններով: Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակում է անցած 5 ամիսների ցուցանիշները: Պաշտոնապես ու բացեիբաց հայտարարվում է, որ մոտ 15 ու կես տոկոս տնտեսական անկում է արձանագրվել: Որ արտահանումը նախորդ տարվա համեմատ նվազել է 2 անգամ: Որ ներմուծումները նույնպես կրճատվել են մեկ/երրորդով: Ու հանկարծ հայտնվում է Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումն այն մասին, որ «գնաճի հրեշը» պաշտոնականից մեծ է լինելու: Պաշտոնականից սարսափելի ու մեծ` մոտ երկու անգամ: Ու համարյա հասնելու է մեր իշխանության սիրելի երկնիշ ցուցանիշին` 9 ու կես տոկոսին: Բայց հայ հասարակությունը պատրաստ էր լսելու այս տխուր վիճակագրությունն ու կանխատեսումը: Անցած շաբաթ անձամբ վարչապետն էր նախապատրաստել ժողովրդին լսելու տնտեսական բոթը: «Տնտեսական ցուցանիշները համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ վատանում են»,- հայտարարել էր վարչապետը կառավարության վերջին նիստին: Ափսոս Հայաստանում դեռ չի վերականգնվել խորհրդային տարիներին լայնորեն կիրառվող քաղպարապմունքների ավանդույթը: Թե չէ կարելի էր օրը ցերեկով գյուղացիներին կտրել դաշտ ու այգուց: Կտրել ու բերել քաղպարապմունքի, ուր մայրաքաղաքից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաները վարչապետի ելույթի հրապարակային ընթերցումներ կանեին: Ախր ելույթն իսկապես արժանի է դրան: Պատկերացրեք որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի, որ գործից կտրած, դադրած գյուղացիների համար խրոխտ ձայնով ընթերցում է վարչապետի ելույթի հետեւյալ հատվածը՝ «Բարձրաստիճան շատ պաշտոնատար անձինք դիմում են գրում արձակուրդ վերցնելու համար: Ինձ զարմացնում է այն հանգամանքը, որ բոլորը դիմում են գրում հենց մեկ ամսով: Կարծես թե ոչ մի արտառոց բան չի պատահել, մենք տնտեսական ճգնաժամն արդեն հաղթահարել ենք»: Գյուղացիները հենց էդ բարձրաստիճանի դիմաց անարգանքի սյունին կգամեին իրեն ու մյուս բարձրաստիճաններին: «Իսկ ո՞վ է ստորագրում նախարարների արձակուրդի դիմումը»,- կհարցներ ժողովին մասնակցող գյուղական ինտելիգենցիայի ներկայացուցիչը: Գավառագիտուն մի գյուղացի էլ կփորձեր ճշտել, թե ո՞ր օրենսգրքով ու ո՞ւմ է մեկ ամիս արձակուրդ հասնում: Կարճ ասած, կշշպռեին ու քաղաք կճամփեին էդ բարձրաստիճանին: Բայց, ցավոք, աշխատավորական ժողովներ էլ չկան: Փոխարենը կա Ազգային ժողով: Կառավարության բարձրաստիճանները նոր ավանդույթի համաձայն՝ հենց այդ ժողով են այցելում: Ավելին, նրանց օրենքով է պարտադրված այցելել ու պատասխանել Ազգային ժողովականների հարցերին: Հենց վարչապետը հայտարարեց, որ բարձրաստիճաններին արգելում է մեկ ամսանոց արձակուրդ վերցնել ու արտասահման մեկնել հանգստանալու, ԱԺ-ում իրար անցան: Ժողովականները կամ իրենց համարեցին բարձրաստիճան պաշտոնյա, կամ փորձեցին պաշտպանել կառավարության բարձրաստիճան կոլեգաների շահերը: Ու նորից մեջտեղ բերվեց կազինոների խնդիրը: Պատգամավորների հարցին, թե՝ «ինչո՞ւ են մայրաքաղաքից դուրս եկող բոլոր ճանապարհներին աջ ու ձախ կազինոներ», կառավարությունը պատասխանեց, որ Իսակովի պողոտայի մի հատվածը Արգավանդի ու այլ գյուղապետարանների տարածք է: Ոչ ոք չհիշեց, որ Պաշտպանության նախարարության նոր մասնաշենքի դիմաց գտնվող, կարծեմ, «Բագրեւանդ» կոչվող էլիտար թաղամասն իր «Նիագարա» խաղատնով հենց մայրաքաղաքի տարածքում է գտնվում: Չհիշեցին նաեւ, որ Հայաստանում պաշտոնապես ընդամենը 11 խաղատուն է արտոնագրված: Չհիշեցին, որ կազինոները չորս ամսվա ընթացքում ընդամենը 50 մլն դրամ են հարկ մուծել պետբյուջե: Բայց վարչապետի ելույթից ու պաշտոնական վիճակագրական հաշվետվություններից ակնհայտ էր, որ բյուջեի վիճակը լավ չէ: Փորձագետները դեռ երկու-երեք ամիս առաջ էին ասում, որ մայիս-հունիսից կառավարությունը թոշակ-նպաստ բաժանելու փող չի ունենալու: Հարկային մուտքերն անշեղորեն նվազում են: Նվազում են նաեւ նախորդ տարիներին հավաքած պահուստային ֆոնդերը: Եվ տարադրամային եւ դրամով պահուստավորվածները: Ու հանկարծ տնտեսական տեղեկատվությունը նոր ու բարի լուր տարածեց: Արժույթի միջազգային հիմնադրամը մեր կառավարությանը նոր պարտք է տալու 823 մլն դոլարի չափով: Տալու է ու հետեւի, որ դրանից 312 մլն դոլարը կառավարությունը թոշակ ու նպաստ բաժանի: Այս գումարը որոշ ժամանակ կհերիքի: Կհերիքի, որ կառավարությունն ու անձամբ վարչապետը բարոյատնտեսագիտական դասախոսությունների նոր ցիկլ սկսեն: Բայց լավ չէ, որ վարչապետը բարձրաստիճան պաշտոնյաներին արգելում է արձակուրդ արտասահման գնալ: Որ մեկ ամսով բարձրաստիճանները արտասահման գնային՝ թոշակ-նպաստների գումարը մեկ ամիս ավելի կհերիքեր: Ես անձամբ մտավախություն ունեմ, որ մեր բարձրաստիճանները արձակուրդները Երեւանում կանցկացնեն: Խաղատները Սեւան, Ջերմուկ ու Ծաղկաձոր տեղափոխելու որոշումը դեռ չի իրականացվել: