Անտարբերության եվրոպական սինդրոմը

25/06/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Այս ամսվա սկզբին Եվրամիության անդամ 27 երկրներում տեղի ունեցան Եվրոպական խորհրդարանի՝ Եվրամիության բարձրագույն օրենսդիր եւ վերահսկողական մարմնի ընտրությունները։

Ընտրությունների գլխավոր արդյունքն այն էր, որ աջակողմյան կուսակցությունները (պահպանողականներ) կարողացան պահպանել մեծամասնությունը Եվրոպառլամենտում։ Աջ ցենտրիստական Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, կամ, ինչպես նրանց ընդունված է անվանել՝ եվրոպական դեմոկրատները, ստացան 736 պատգամավորական մանդատներից 264-ը։ Երկրորդ տեղում սոցիալիստներն են՝ 161 մանդատներով։ Եվրոպառլամենտում մանդատներ ստացան նաեւ լիբերալները՝ 80 մանդատ, «կանաչները»՝ 53, միավորված ձախերը՝ 32, Եվրոպայի ազգերի միությունը՝ 35, եւ անկախ պատգամավորները՝ 18 տեղ։ Այսպես կոչված, «մյուսները», որոնց թվին են դասվում ծայրահեղ աջ ուղղվածության կուսակցությունները, ստացան 93 մանդատ։

Փաստորեն, ընտրությունների արդյունքներով՝ Եվրոպառլամենտում կտրուկ, շրջադարձային փոփոխություններ չեղան։ Դա վկայում է այն մասին, որ Եվրոպառլամենտը սկզբունքորեն կպահպանի գործունեության հիմնական ուղղություններն ու գերակայությունները։

Հունիսի 4-7-ը կայացած ընտրություններում արձանագրված բազմաթիվ հետաքրքիր փաստերից մեկն էլ այն է, որ պահպանողականներն ավելի շատ քվեներ են ստացել, քան սոցիալ-դեմոկրատները։ Վելուծաբանների կարծիքով, դա նշանակում է, որ նույնիսկ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ներկայիս պայմաններում Եվրոպայի երկրների մեծ մասում քաղաքացիները հավատում են գործող ֆինանսատնտեսական համակարգին եւ նրա «վերածննդի» հնարավորությանը։

Այդուհանդերձ, այս ընտրությունների սենսացիան, դիտորդների մեծամասնության կարծիքով՝ այն է, որ պատմության մեջ առաջին անգամ աջ ծայրահեղական Բրիտանական ազգային կուսակցությունը (որը հանդես է գալիս կառավարության իմիգրացիոն քաղաքականության դեմ) Եվրոպառլամենտում մանդատ ստացավ։ Այն դեպքում, երբ Մեծ Բրիտանիայի իշխող՝ լեյբորիստական կուսակցությունը ընտրություններում ստացած քվեների քանակով ընդամենը երրորդ տեղն է գրավել։ Առաջատարը ընդդիմադիր պահպանողական կուսակցությունն է, իսկ երկրորդ տեղը գրավել է Անկախության բրիտանական կուսակցությունը, որը հանդես է գալիս Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու գաղափարի օգտին։ Եվրոպառլամենտի վերջին ընտրությունների հաջորդ կարեւոր նրբերանգը, որի մասին խոսում են բոլորը, պատմության մեջ արձանագրված ընտրողների ամենացածր մասնակցությունն է. ընտրությանը մասնակցել է ընտրության իրավունք ունեցող 375 միլիոն քաղաքացիների 43.2%-ը։ Սա յուրօրինակ ռեկորդ է։ Համեմատության համար նշենք, որ 30 տարի առաջ ԵՊ ընտրություններին մասնակցել է ընտրողների երկու երրորդը։ Իսկ այս անգամ ընտրություններին մասնակցել է ընտրողների կեսից պակաս հատվածը, որոշ երկրներում՝ նույնիսկ մեկ երրորդից էլ պակաս։

Ամենացածր մասնակցությունը գրանցվել է Լիտվայում՝ ընդամենը 15.7%։ Լիտվայի նորանկախ պատմության 18 տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, որ ժողովուրդը, փաստորեն, արհամարհել է ընտրությունները։

Ընդհանուր առմամբ, ողջ Եվրոպայում է նկատվում ընտրողների անտարբերության աճի միտում։ Վերլուծաբանների կարծիքով՝ գլխավոր պատճառը համաշխարհային ճգնաժամն է։ Այն ազդում է մարդկանց տրամադրությունների վրա, եւ նրանք չեն կարողանում կողմնորոշվել՝ ո՞ր քաղաքական հոսանքը ի վիճակի կլինի դրսեւորել լավագույն ինտելեկտուալ եւ կազմակերպչական ունակություններ եւ դիմակայել ներկայիս մարտահրավերներին։