Եվրոպական պառլամենտի ընտրությունները Բուլղարիայում

25/06/2009

Հունիսի 7-ին Բուլղարիայի քաղաքացիները ընտրեցին Եվրոպական պառլամենտի 17 բուլղարացի անդամներին, որոնք առաջիկա 5 տարիներին կներկայացնեն երկիրը Եվրամիության միակ ընտրովի մարմնում։ Սա Բուլղարիայում անցկացվող երկրորդ եվրոպական ընտրությունն էր՝ 2007թ. ընտրություններից հետո։

Եվրոպառլամենտի ընտրությունները սովորաբար ավելի պակաս հետաքրքրություն են ներկայացնում ԵՄ երկրների ընտրողների համար, քան ազգային ընտրությունները, եւ Բուլղարիան այդ առումով բացառություն չէր։ Իհարկե, 2007թ. ընտրողների 29% մասնակցության համեմատ այս տարի քաղաքացիներն ավելի ակտիվ էին՝ 39%, սակայն դա զգալիորեն զիջում էր ԵՄ-ում արձանագրված միջին ցուցանիշին՝ 43%։ Նշենք նաեւ, որ մասնակցության ԵՄ միջին ցուցանիշն էլ իր հերթին պատմականորեն ամենացածրն էր. 1979թ. Եվրոպառլամենտի ընտրություններին մասնակցել է ընտրողների 62%-ը։ Մյուս հատկանշական կողմ այն է, որ ԵՊ բուլղարացի անդամների ընտրությունները երկրի ազդեցիկ կուսակցությունների համար ավելի շատ նախապատրաստական փուլ էր՝ հուլիսի 5-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների համար։ Կուսակցությունները, բացառությամբ մի քանիսի, ավելի քիչ ջանքեր ու էներգիա էին ներդրել քարոզարշավի ընթացքում, որը սովորականից ավելի կարճ տեւեց (ընդամենը 21 օր)։ Ընդ որում, ուշադրության կենտրոնում ոչ թե համաեվրոպական հարցերն էին՝ ինչպիսիք են, ասենք, ԵՄ ապագա դերը գլոբալ զարգացումներում, Լիսաբոնյան համաձայնագիրը կամ Թուրքիայի անդամակցությունը, այլ ներքաղաքական խնդիրները՝ կոռուպցիան եւ տնտեսական վիճակը։ Իսկ ընտրության արդյունքները կուսակցությունների համար ոչ այլ ինչ էին, քան քաղաքական տրամադրությունների ընդարձակ եւ ներկայացուցչական հետազոտություն՝ իրենց համար շատ ավելի մեծ նշանակություն ունեցող ԱԺ ընտրություններից առաջ։

Երրորդ. ակնհայտ դարձավ, որ հաղթող կուսակցության՝ Սոֆիայի քաղաքապետ Բոյկո Բորիսովի ԳԵՐԲ-ի աջակիցների թիվն ավելի քիչ է, քան սպասվում էր։ Այն ստացավ ձայների 24.4%-ը։ Երկրորդ տեղում ԳԵՐԲ-ի հիմնական մրցակից, վարչապետ Սերգեյ Ստանիշեւի՝ Բուլղարիայի Սոցիալիստական կուսակցությունն էր (ԲՍԿ)՝ 18.5%, որին հաջորդում էին էթնիկ թուրքերի՝ Իրավունքների եւ ազատությունների շարժումը (ԻԱՇ)՝ 14.1%, ծայրահեղ աջ Հարձակողական կուսակցությունը (11.96%), նախկին թագավորի NDSV կուսակցությունը (7.96%) եւ Կապույտ կոալիցիան (7.95%), որը Բուլղարիան դուրս բերեց 1996-97թթ. տնտեսական ճգնաժամից։ Եթե հուլիսի 5-ի ԱԺ ընտրություններում պահպանվի ուժերի նույն համամասնությունը, ապա շատ դժվար կլինի ցանկացած 2 կամ 3 կուսակցությունների համար կառավարություն ձեւավորելը։

Նշենք նաեւ, որ ԵՊ ընտրությունները ուղեկցվեցին ընտրախախտումների եւ մանիպուլյացիաների մասին ահազանգերով։ Ընտրակաշառքն այս անգամ ավելի մեծ խնդիր էր, քան 2005թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Եվրահանձնաժողովն այս առնչությամբ պահանջեց Բուլղարիայից արձագանքել այս ամենին։ Նշենք, որ ձայներ գնելու մեխանիզմներն այս անգամ ավելի էին կատարելագործվել, եւ կանխիկ վճարումների դեպքերը նվազել էին։ Բացի այդ, ի հայտ եկան 2 նոր ֆենոմեններ՝ կորպորատիվ քվեարկություն (corporate voting) եւ քվեների «փոխներարկում» (vote transfusion)։ Նորաստեղծ «Լիդեր» կուսակցությանը պատկանող մի քանի մեծ ընկերությունների եւ հանքերի աշխատակիցներին զգուշացրել են, որ պետք է իրենց քվեն տան այդ կուսակցությանը, եթե չեն ուզում աշխատանքից ազատվել կամ ավելի քիչ աշխատավարձ ստանալ։ Արդյունքում «Լիդերը», այն վայրերում, որտեղ հանքեր եւ ընկերություններ ունի, հավաքեց 50% ձայն։ Ինչ վերաբերում է ձայների փոխներարկմանը, ապա այս երեւույթը նկատվեց թուրքական Իրավունքների եւ Ազատությունների շարժման դեպքում։ Այս ուժի ընտրազանգվածը շատ կարգապահ է եւ ենթարկվող, սակայն այս անգամ նրանց ձայների մի մասը գնաց «Լիդերին» կամ NDSV-ին, որը նախընտրական սոցհարցումների համաձայն՝ գրեթե շանսեր չուներ ԵՊ-ում ներկայացուցիչ ունենալու։ Մեկնաբանների կարծիքով, այս ամենը իշխող կոալիցիայի (ԲՍԿ, ԻԱՇ եւ NDSV) ռազմավարությունն է, որը ցանկանում է ամեն գնով գոյատեւել։ Քվեների փոխներարկման նպատակն է՝ ապահովել մի քանի ոչ մեծ եւ մարգինալ կուսակցությունների քաղաքական ներկայացվածությունը, ինչը ԳԵՐԲ-ի հաղթանակի դեպքում կդժվարացնի կաբինետի ձեւավորումը։ Եվ կրկին, այս ամենը փորձարկվեց ԵՊ ընտրությունների ժամանակ՝ որպես մարզանք՝ հուլիսի 5-ի ընտրություններից առաջ։

Ստեֆան ՌԱԼՉԵՎ
Անկախ լրագրող, Սոֆիա
Հատուկ «168 Ժամի» համար