Սոցիալական եւ տնտեսական հարցերի ինստիտուտ
Վարշավայի քաղաքապետարանի ավագանու անդամ
Վարշավա
Հատուկ «168 Ժամի» համար
Հունիսի 7-ին կայացած Եվրոպառլամենտի ընտրություններում Լեհաստանում վստահ հաղթանակ տարավ իշխող աջ-ցենտրիստական «Քաղաքացիական պլատֆորմը»՝ ստանալով քվեների 45%-ը։
1989թ. ի վեր սա ՔՊ-ի ամենամեծ հաղթանակն էր, որը ոգեւորեց իշխող կուսակցությանն ու վարչապետ Դոնալդ Տուսկին։ «Կառավարությունը ստացավ վստահության նոր քվե»,- հայտարարեց Տուսկը։ Մինչդեռ իշխանության հաղթանակը ԵՊ ընտրություններում արձանագրվեց աննախադեպ ցածր մասնակցության ֆոնին։
Եվրոպառլամենտի ընտրություններում Լեհաստանում մասնակցեց ընտրողների ընդամենը 24%-ը։ Ո՞րն է նման ցածր մասնակցության պատճառը։ Միանգամից նշենք, որ ընտրողների անտարբերությունը չի կարող բացատրվել նրանով՝ իբր լեհերը դժգոհ են ԵՄ քաղաքականությունից։ Հակառակը, Եվրամիությունը շարունակում է գրավիչ մնալ լեհերի համար, հատկապես՝ լայնամասշտաբ ֆինանսական աջակցության առումով։ 2007-2013թթ. Լեհաստանը ԵՄ-ից կստանա ընդհանուր առմամբ 87 միլիարդ եվրո, որը կուղղվի ենթակառուցվածքների զարգացմանը, մարդկային կապիտալի, շրջակա միջավայրի պահպանությանը, գյուղատնտեսությանը, փոքր եւ միջին բիզնեսին աջակցությանը։ Լեհաստանը համեմատաբար ավելի քիչ է տուժել համաշխարհային ճգնաժամից, եւ կանխատեսումների համաձայն՝ կարող է դառնալ ԵՄ անդամ քիչ թվով երկրներից մեկը, որը 2009-ին զրոյականից բարձր տնտեսական աճ կունենա։ Բացի ֆինանսական օգնությունից, ԵՄ-ին անդամակցությունը Լեհաստանին այլ հնարավորություններ է տալիս, մասնավորապես՝ ապրանք-ծառայությունների, աշխատուժի եւ կապիտալի ազատ տեղաշարժի իրավունք։ Լեհերը կարող են առանց անձնագրի շրջել ԵՄ երկրներում, սովորել՝ առանց լրացուցիչ թույլտվությունների, եւ աշխատել՝ հիմնականում առանց սահմանափակումների։ Այս ամենի հետ մեկտեղ՝ լեհերի մեծամասնությունը չի մասնակցում այն կառույցի խորհրդարանի ձեւավորմանը, որն իրենց տալիս է նման հնարավորություններ։ Ցածր մասնակցության վրա ազդում են 4 հիմնական գործոններ.
1. Վստահության պակասը, որ քաղաքական գործիչները կարող են ինչ-որ բան փոխել դեպի լավը կամ կատարել իրենց խոստումները,
2. ԵՄ քաղաքացիների ցածր տեղեկացվածությունը Եվրոպառլամենտի ընտրությունների եւ ընդհանրապես՝ այդ կառույցի դերի մասին՝ ԵՄ-ում որոշումների կայացման գործընթացում։
3. Ընդհանուր մոտեցումը, որ ԵՄ նոր անդամների դերը Եվրամիության քաղաքականության մշակման հարցում շատ փոքր է։
4. Քաղաքական գործիչների անգործությունը՝ եվրոպական կառույցների, արժեքների, ժողովրդավարության մասին տեղեկացվածությունը բարձրացնելու հարցում։
Ցավոք, Լեհաստանում ԵՊ ընտրությունը պարզապես գեղեցկության եւ PR ստրատեգիաների ցուցադրություն է, եւ ոչ մի ընդհանուր բան չունի իրական քաղաքական ծրագրերի հետ։ Նկատվում է խնդիրները շարքային քաղաքացիների հետ քննարկելու պակաս։ Մտահոգիչ է նաեւ այն, որ քաղաքական գործիչները կարծես ցանկություն չունեն շտկել վիճակը, ինչը վտանգի տակ է դնում ժողովրդավարությունը եւ ժողովրդի մասնակցությունը քաղաքական գործընթացներում։ Նույն երեւույթը նկատվում է ոչ միայն Լեհաստանում, այլեւ ԵՄ եւ աշխարհի մյուս երկրներում։ Այդ իսկ պատճառով, Լեհաստանում եւ ամենուր, քաղաքականությունը պետք է դառնա ավելի թափանցիկ, իրատեսական, հաշվետու եւ վերջին հաշվով՝ հասցեագրված լինի ժողովրդին։ Այլապես մենք կունենանք ժողովրդավարություն՝ առանց արմատների՝ առանց ժողովրդի վստահության։
Եվրախորհրդարանի ընտրություններում ԵՄ քաղաքացիներն ընտրում են կուսակցություններին, որոշ երկրներում՝ նաեւ անկախ պատգամավորների։ Եվրախորհրդարանի կազմում կան խմբակցություններ, որոնց մեջ էլ այդ կուսակցությունները մտնում են։ Ներկայումս ամենամեծ ներկայությունը խորհրդարանում ունի աջ ցենտրիստական Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, կամ, ինչպես նրանց ընդունված է անվանել՝ եվրոպական դեմոկրատները՝ 264 մանդատ։ Երկրորդ տեղում սոցիալիստներն են՝ 161 մանդատներով, որոնց հաջորդում են լիբերալները՝ 80 մանդատ, «կանաչները»՝ 53, Միավորված ձախերը՝ 32, Եվրոպայի ազգերի միությունը՝ 35, եւ անկախ պատգամավորները՝ 18 տեղ։ Այսպես կոչված, «մյուսները», որոնց թվին են դասվում ծայրահեղ աջ ուղղվածության կուսակցությունները, վերջին ընտրություններում ստացել են 93 մանդատ։