Եվրախորհրդարանի հունիսի 4-7-ը կայացած ընտրությունները Հայաստանում քչերին էր հետաքրքրում: Նույնիսկ շատ քաղաքական գործիչներ կամ ընդհանրապես տեղյակ չէին այդ իրադարձության մասին, կամ էլ ուղղակի անտարբեր էին: Այդուհանդերձ, հետաքրքիր է` ինչպես են գնահատում ՀՀ քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչները Եվրախորհրդարանի վերջին ընտրությունները, եւ նրանց կարծիքով՝ ինչպե՞ս կարող են դրանք անդրադառնալ ԵՄ-ի կողմից իրականացվող Նոր հարեւանության քաղաքականության վրա, որն ուղղակիորեն առնչվում է նաեւ Հայաստանին:
Նաիրա Զոհրաբյան, ԱԺ Եվրոինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ. «Եվրախորհրդարանի ընտրության հանդեպ տոտալ պասիվությունը շրջանառության մեջ դրեց նոր տերմին՝ «չմասնակցության նիշ», որը, օրինակ, Ֆրանսիայում հասավ ռեկորդային ցուցանիշի՝ 57 տոկոս։ «Չմասնակցության ցուցանիշի» որոշակի տատանումներով վիճակը նույնն էր գրեթե ամենուր: Ի՞նչ արձանագրեցին ԵԽ ընտրությունները։ 2004թ. ընտրություններից հետո ԵՄ-ում աճում է «ապաքաղաքականության տենդենցը»։ Եթե մեկ ձեւակերպմամբ ամփոփենք Եվրախորհրդարանի ընտրության ողջ պատկերը, ապա այն հետեւյալն էր՝ սոցիալ-դեմոկրատական ուժերի պարտություն, աջ-պահպանողականների հաղթանակ։ Ինչը նշանակում է, որ ըստ էության, ուժերի դասավորությունը Եվրախորհրդարանում էական փոփոխություններ չի կրի։ Ինչ վերաբերում է հարցին` կարո՞ղ են արդյոք Եվրոպական նոր հարեւանության ծրագրի վրա ազդեցություն ունենալ այս ընտրությունները, ապա ռազմավարական առումով որեւէ փոփոխություն, վստահ եմ, չի լինի։ Քանզի ԵՄ-ի քաղաքականությունը մեր տարածաշրջանում հստակ է եւ այն չի կարող կախված լինել խորհրդարանի կազմից։ Ուստի, միանշանակ է, որ եվրոպական քաղաքականությունը մեր տարածաշրջանում գնալով ակտիվանալու է։ Այնպես որ, կարծում եմ, թե՛ «Եվրոպական հարեւանության քաղաքականություն» ծրագիրը, եւ թե՛ «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը, որը ԵՄ-ի եւ մեր տարածաշրջանի միջեւ համագործակցության բավականին լուրջ հեռանկար է խոստանում, որեւէ ռազմավարական փոփոխություն չեն կրելու»։
Ստեփան Սաֆարյան, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր. «Նման ընտրությունների արդյունքները, ճիշտն ասած` այնպիսի մեծ պետություններում կամ ուժային կենտրոններում, ինչպիսիք ԱՄՆ-ը կամ ԵՄ-ն են, որպես կանոն, շատ քիչ ազդեցություն կարող են ունենալ ԵՄ-ի կողմից վարվող արտաքին քաղաքականության վրա: Որովհետեւ ԵՄ կառուցվածքները բավականին կոշտ են, եւ անկախ նրանից, թե ովքեր կընտրվեն, կան արդեն իսկ ընդունված, հավանության արժանացած փաստաթղթեր, ինչպիսիք, օրինակ, Եվրոպական հարեւանության քաղաքականությունն է եւ «Արեւելյան գործընկերության» ծրագիրը, որոնք անկախ ամեն ինչից` իրականացվելու են: Խնդիրը այն է, թե` կախված այս կամ այն քաղաքական հոսանքի դոմինանտությունից, ինչ թափով եւ ինչ եղանակներով կիրականացվեն այդ ծրագրերը եւ ինչ հետեւողականությամբ:
Այդուհանդերձ, այդ ընտրությունների արդյունքները, մեծ ազդեցություն, որպես այդպիսին, չեն կարող թողնել արդեն իսկ ընդունված ծրագրերի իրականացման վրա:
Տիգրան Թորոսյան, ԱԺ Եվրոինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի անդամ, անկախ պատգամավոր. «Եվրախորհրդարանի ընտրության արդյունքների ազդեցությունը ԵՄ քաղաքական կյանքի վրա գնահատելու համար անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի հանգամանք: Նախ, Եվրախորհրդարանի ազդեցությունը քաղաքական կյանքի վրա բավական թույլ է, քանի որ այդ կառույցի որոշումներն առաջին հերթին խորհրդատվական նշանակություն ունեն: Հեշտ է նկատել նաեւ, որ Եվրախորհրդարանի քաղաքական խմբակցությունների տեսակետները միմյանցից տարբերվում են ոչ թե արմատական հարցադրումներով, այլ այս կամ այն խնդրի վերաբերյալ դիրքորոշումների նրբություններով: Ավելին, հատուկ ջանքեր են գործադրվում առկա տարբերությունների վերացման ուղղությամբ անգամ այնպիսի մասնավոր հարցում, ինչպիսին պատգամավորների աշխատավարձն է: Եթե մինչ այժմ նրանց աշխատավարձերը որոշում էին իրենց երկրները, ապա այսուհետեւ սահմանված է միասնական աշխատավարձ: Այս պարագայում ակնհայտ է, որ չպետք է սպասել որեւէ լուրջ քաղաքական փոփոխություն այս ընտրությունների հետեւանքով: Անգամ դժվար է հիշել, թե վերջին անգամ երբ է նման բան տեղի ունեցել:
Իսկ ինչ վերաբերում է հարցին` ընտրության արդյունքները կազդե՞ն Նոր հարեւանության ծրագրի իրագործման ընթացքի վրա, թե՞ ոչ, ապա` իհարկե չեն ազդի: Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ չկա որեւէ քաղաքական նախադրյալ այդ ծրագրում արմատական փոփոխություններ անելու համար, առավել եւս, որ ծրագրի զգալի մասն արդեն ետեւում է: Առավել եւս, որ Եվրամիությունը ընդլայնում է նման բնույթ ունեցող ծրագրերը, մասնավորապես, սկսում է նոր ծրագիր` «Արեւելյան գործընկերություն», դրանում ընդգրկված երկրների համար ավելի հետաքրքիր հեռանկարներով:
Հովհաննես Իգիթյան, Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ. «Ես ուղղակի ձեւով չէի կապի Եվրոպառլամենտի ընտրությունները Նոր հարեւանության ծրագրի հետ: Ընդհանրապես մենք կարող ենք մեկնաբանել Եվրոպառլամենտի այս ընտրությունները եւ տեսնել, որ ընդհանուր մոտեցումն է փոխվում: Որոշ ուժեր, որոնք կենտրոնամետ են մի երկրում, ավելի շատ ձայներ են ստանում մեկ այլ երկրում եւ հակառակը, ազգայնական ուժերը մեկ այլ երկրում ավելի շատ ձայներ են ստանում, քան իրենց երկրում: Սա մի գործընթաց է, որը պետք չէ կապել Հայաստանի հետ, դա կապենք այն հանգամանքի հետ, որ ԵՄ-ն ինքը փնտրում է այն բանաձեւը, որով ինքը պետք է էֆեկտիվ աշխատի: Գաղտնիք չէ, որ այդ սահմանադրության բացակայությունը, որը այս կամ այն երկրի այս կամ այն արգումենտի պատճառով չի ընդունվում, խանգարում է ԵՄ-ին ձեւավորել այն իրավական հիմքը, որով Եվրամիությունը պետք է, կոպիտ ասած, «Կոնֆեդերացիայի» ձեւով գոյատեւի: Սա մի գործընթաց է, որը ես ոչ մի ձեւով չեմ կապում Նոր հարեւանության եւ «Արեւելյան գործընկերության» ծրագրերի հետ: «Արեւելյան գործընկերության» ծրագիրն այն սկզբունքներն են, մոտեցումն է, որը արդեն արտահայտել է ԵՄ-ն: Բայց այստեղ կան գործընկերներ` 6 երկիր, ահա այստեղ ամեն երկիր ինքը պետք է որոշի` ինչ չափով է տեղավորում այստեղ, այդ ծրագրի մեջ, կամ ինչ չափով ինքը կուզենար այդտեղ տեղավորվել: Եվ այսօր այդ ծրագրի էֆեկտիվ գործունեությունը մեր դեպքում կախված է միայն ու միայն մեր իշխանություններից: Ինչքանով նրանք անկեղծ են, երբ ասում են՝ մենք մեր երկիրը կառուցում ենք նույն չափանիշներով, ինչ չափանիշներով կառուցում է ԵՄ-ն»: