Ամայի տարածքում տեղադրված վագոն-տնակը հեռվից գնչուական վրան է հիշեցնում: Հարակից տարածքից մեծ թվով փոքրիկ տղաներ են մոտենում, որոնք խումբ կազմած ինչ-որ բան են մտմտում:
Թվում է` ամբողջ մի թաղամասի երեխաներ են հավաքվել ու տղայական հարց են քննարկում: Մինչդեռ պարզվում է` ոչ թե ամբողջ թաղամասի, այլ ընդամենը մի ընտանիքի երեխաներ են` հարազատ եղբայրներ: Ալինայի եւ Խաչիկի ութ երեխաներից յոթը տղաներ են, որոնք մեծանում են Արմավիրի մարզի Թաիրով գյուղի ամայի տարածքում տեղադրած մի վագոն-տնակում: Տղաներից ավագը` Գարուշը, սփրթնած, հյուծված ու անխոս է: Փոքրերի չարաճճիություններից նյարդայնանում, լարվում է: Գարուշի մայրը` Ալինան, ասում է. «Տղայիս մոտ երիկամների անբավարարություն հիվանդությունն ի հայտ եկավ: Մարմինն ուռում, պայթում ա… Արդեն ահագին ժամանակ ա՝ դիալիզ ա ստանում, թե չէ` առանց դրա…»: Թե չէ` առանց դրա Գարուշի կյանքը վտանգի տակ է: Երկու օրը մեկ Թաիրովի վագոն-տնակից հասնում են «Արաբկիր» բժշկական կենտրոն՝ դիալիզ ստանալու: Գարուշի կյանքը հազիվ են փրկել, քանի որ ծնողները չէին կարողանում հիվանդանոցում անվճար բուժօգնություն ստանալու համար համապատասխան փաստաթղթերը ձեռք բերել: «Վճարովի ի վիճակի չէինք, 36.000 դրամ ամեն դիալիզի համար որտեղի՞ց ճարեինք: Բայց երեխաս ձեռքից գնում էր: Մենք գրանցում չունենք, էստեղ առանց փաստաթղթերի, անհասցե ենք ապրում, իսկ հիվանդանոցից գրանցման փաստաթուղթ էին ուզում»,- ասում է 37-ամյա Ալինան, ով ստիպված է եղել ծանոթներից մեկին խնդրել որդուն իր բնակարանի հասցեում գրանցելու համար: Գարուշը ներկայումս իրենց ծանոթներից մեկի բարեհոգության շնորհիվ գրանցված է Էջմիածնում, դրա համար էլ կարողանում է դիալիզ ստանալ, այլապես վճարովի բուժծառայությունից օգտվել չկարողանալու պատճառով կարող են անկանխատեսելի հետեւանքներ լինել:
Ալինան եւ Խաչիկն արդեն տասը տարի երեխաների հետ ապրում են վագոն-տնակում, որն աննկարագրելի է իր անհարմարավետությամբ: Տնակի մեջ քայլելիս ոտնաձայների դմբդմբոցն այնպես է արձագանքում, որ թվում է` ուր որ է հատակը կփլվի, ու կհայտնվես եսիմ որտեղ: Ալինան ասում է. «Բնակարան չենք ունեցել, վարձով ենք ապրել, բայց վերջին տարիներին անհնար էր էդքան վարձ տալ: Բարի մարդիկ գտնվեցին, ովքեր մեզ այս վագոնը նվիրեցին, բերեցինք էստեղ ու սկսեցինք ապրել: Էս հողամասն էլ մշակում ենք»: Չնայած այս ընտանիքի սոսկալի վատ կենսապայմաններին, այդուհանդերձ, ութ երեխաների ծնողները համակերպվել են իրենց կենցաղին, եւ այս կյանքից ընդամենը մեկ ակնկալիք ունեն` զբաղեցրած հողամասը սեփականաշնորհել եւ հանդիսանալ հողատարածքի օրինական շահագործողներ: ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին ուղղված նրանց դիմումը բավարարվել է, քանի որ նա հանձնարարել էր այս ընտանիքին անվարձահատույց հողահատկացում կատարել, մինչդեռ նրա մահից հետո հարցը սառեցվել է: Փոխարենը` Թաիրովի գյուղապետ Սամվել Վարդանյանը պահանջում է ապօրինի կերպով զբաղեցրած տարածքն ազատել, սպառնում է վտարել, կամ լավագույն դեպքում` մասնակցելով աճուրդին, 700քմ-ի դիմաց վճարել մոտ 4200 դոլար: Ալինան ասում է. «Երեխաներս սոված կոտորվում են, ես որտեղի՞ց էդքան գումար ճարեմ: Խնդրեմ, գնացե՛ք մեր խանութ, վերցրեք պարտքերի ցուցակն ու համոզվեք, որ մենակ հացի համար ինչ մեծ թվեր ենք պարտք»: Սնունդի պարտքը կուտակվել է մեծամասամբ վերջին չորս ամիսների ընթացքում, որովհետեւ ութ երեխա ունեցող այս բազմազավակ ընտանիքին զրկել են 55.000 դրամ ընտանեկան նպաստից: Ընտանեկան նպաստից զրկելը պատճառաբանվել է գրանցման հասցեի, սեփականության իրավունքի վկայականի բացակայությամբ. «Մինչեւ էդ տվել են նպաստ, բայց հենց սկսեցինք հողը սեփականաշնորհելու համար դիմել պետությանը` զրկեցին: Երեւի ուզեցին պատժել»: Ներկայումս 9 հոգանոց ընտանիքը գոյատեւում է Գարուշի 1-ին կարգի հաշմանդամության 11.500 դրամով եւ ընտանիքի հոր` Խաչիկի, բանվորությունից ստացված գումարով: Հարակից տարածքում կառուցվող մեծ թվով առանձատներում Խաչիկը բանվորություն է անում, սակայն այդ աշխատանքը վաղվա օրվա համար որեւէ երաշխիք չունի: Նրա աշխատանքը կախված է գործատուի քմահաճույքից: «Չկա ստաբիլ աշխատանք, էսօր կա, իսկ վաղը կարող է չլինել: Բայց ամեն դեպքում ամուսինս շատ աշխատող, ստեղծող ա: Ցանկացած գործ կանի, որ երեխեքին մի կտոր հաց հասցնի»,- ասում է Ալինան, ով նույնպես հաշմանդամ է: Նրա ոտքի թրոմբը պայթել է, ինչի պատճառով նա ի վիճակի չէ ծանր աշխատանք կատարել: Ութ երեխաներից միակ աղջիկը` 18-ամյա Անահիտը, թեեւ երազում էր բարձրագույն կրթություն ստանալու մասին, այդուհանդերձ, դպրոցն անգամ չավարտեց, 8-րդ դասարանից դուրս եկավ. «Դե՛, հնարավորություն չկա, ծնողներս չէին հասցնում: Գրքի փող, ֆոնդի փող, իսկ եթե բոլորինս միասին վերցնենք` մեծ գումար ա կազմում»,- ասում է Անահիտը:
Ներկայումս այս ընտանիքում չորս դպրոցական երեխա կա, որոնք կարող են միջնակարգ գիտելիքներից էլ զրկվել միայն նրա համար, որ ծնողները չեն հասցնում վճարել գրքերի, գրենական պիտույքների, հագուստի համար: Այստեղ բոլորն էլ դեռ մանուկ հասակից լծվում են ընտանիքի հոգսն ինչ-որ կերպ թեթեւացնելու գործին: Ութ երեխաներ ունենալը, պարզվում է` եղել է Խաչիկի երազանքը, քանի որ այս տղամարդը շատ է սիրում երեխաներ: Երեխաների քանակից չի նեղվում, բայց փոխարենը տանջվում է այս երկրում սեփական մի թիզ հողատարածք չունենալու համար: Խաչիկը պատրաստ է առավոտից մինչեւ գիշեր բանվորություն անել, ծանր աշխատանք կատարել երեխաներին մի կտոր հաց հասցնելու համար, բայց, երբ գիտակցում է, որ երեխաներն էլ ապագայում իր պես անտուն, անօթեւան են մնալու` աշխարհը գլխավերեւում շուռ է գալիս: Չորս տարեկան Խոսրովը լույս աշխարհ է եկել վագոն-տնակում: 2005թ. առողջապահական հաստատություններում ծննդօգնությունը մեծ գումար արժեր: Ալինան վախենալով ոտք դնել ծննդատուն` որոշել է վագոնում ծննդաբերել: «Դե ի՞նչ անեի, մտածում էի` գնամ հիվանդանոց` աջ ու ձախ փող են ուզելու: Երեխային ունեցա, բայց մինչեւ էսօր ծննդական չեմ կարում հանեմ»,- ասում է Ալինան:
Խոսրովը խորիմաստ ժպտում է ու մտքում ուզում է պատկերացնել իր ծնունդը: Պարզ ու մաքուր աչքերով այս տղան չի էլ պատկերացնում, որ Հայաստանում` իր ծննդավայրում, ինքը եւ՛ կա, եւ՛ չկա: Եթե Խոսրովի ծնողների, եղբայրների ու քրոջ գոյությունն ամրագրված է միմիայն անձը հաստատող փաստաթղթերում, ապա իր` Խոսրով Խաչիկյանի անձն այս երկրում առհասարակ գոյություն չունի: Չնայած դրան, այս փոքրիկ տղան այնքան երջանիկ ժպիտ ունի, որ թվում է` աչքիդ առաջ հորինվել է այն թշվառ վագոնը, որի մեջ այս երեխան մեծանում է: