Բնակիչներից գանձվող գումարները թաղապետարանը գրպանում է

03/08/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ համատիրության նախագահ-կառավարիչ
Վլադիմիր Ղազարյանը մեր ներկայությամբ, վերջիններիս ներողամտությունը
հայցելով, պատճառաբանեց, թե աղբահանության աշխատակիցները 4 ամիս թերացել
են իրենց աշխատանքը կատարելու հարցում: Նա բնակիչների գլխի տակ փափուկ
բարձ դնելով՝ խոստացավ, որ հաջորդ օրն իսկույնեւեթ աղբը կհանվի, իսկ ինձ
խորհուրդ տվեց վաղը կրկին գալ եւ ականատես լինել, թե Արաբկիր համայնքում
ինչպիսի կարգապահությամբ են խոստումներն իրականացվում: Անցել է մեկ շաբաթ,
իսկ Կոմիտաս 19/8 շենքն արդեն աղբով ծածկվում է, այս 7 օրվա ընթացքում
միայն աղբամուղն են երեկ բացել: Համայնքի բնակիչներն արդեն հաշտվում են
առնետների հետ նույն հարկում ապրելու մտքի հետ, քանի որ աղբը չի հանվել:

Օրերս վարչապետի Վերահսկողական ծառայությունը ստուգումներ է կատարել
«Արաբկիր բարեկարգում» ՓԲԸ-ում, որի տնօրենն է Հրաչ Մարգարյանը, եւ նույն
Վլադիմիր Ղազարյանի տնօրինության տակ գտնվող «Շենքերի կառավարում
համատիրությունում», որի մեջ մտնում են 6 նախկին ԲՇՏ-ները՝ որպես
մասնաճյուղեր: Կառավարության Վերահսկողական ծառայությունը թերություններ
ու խախտումներ է արձանագրել, բայց թաղապետարանը կառավարության
աշխատակիցներին կաշառք խոստանալով փորձում է կոծկել իր կողմից թույլ տրված
անօրինական գործողությունները: Մի շարք բացթողումների հետ միաժամանակ,
պարզվել է, որ համատիրության միջոցով ավտոտնակների եւ այլ
ծառայությունների սպասարկման համար բնակիչներից գանձվող գումարները
գրպանվել են: Հասկանալի է, թե ապօրինությունների հարցը բարձրաձայնելն ինչ
հետեւանքներ կարող է ունենալ: Արաբկիրի թաղապետարանի կոմունալ բաժնի պետ
Հրայր Անտոնյանը «դոլարահավաք» է նախաձեռնել «Շենքերի կառավարում
համատիրության» 6 մասնաճյուղերի տնօրեններից: «Դոլարահավաքը»
պատճառաբանվել է՝ իբրեւ թե խոստացվել է կառավարության Վերահսկողական
ծառայության ներկայացուցիչներին՝ որպես կաշառք՝ 1500 դոլարի չափով,
որպեսզի վերջիններս լռեն: Ավելին, այդ գումարից 1000 դոլարը պարտավորվել է
տալ թաղապետարանի Կոմունալ բաժնի պետ Հրայր Անտոնյանը, իսկ 500-ը պետք է
բաշխեն մասնաճյուղերի տնօրենների միջեւ, որպեսզի յուրաքանչյուր կառավարիչ
83-ական դոլար գումարի հարց լուծի: Հիշեցնենք, որ թաղապետարանի Կոմունալ
բաժինը պատասխանատու է համայնքի փողոցների բարեկարգման եւ ասֆալտապատման,
կանաչապատման, արտաքին լուսավորության աշխատանքների, ջրային կառույցների
եւ ոռոգման ցանցերի վերանորոգման, սանմաքրման, աղբահանության, շենքերի
տանիքների եւ մուտքերի վերանորոգման աշխատանքները կազմակերպելու համար:
Եվ, բացի այն, որ համատիրության վեց մասնաճյուղերի տնօրեններից ամեն ամիս
ստանում են բնակիչներից հավաքագրած գանձումները (ավտոտնակի սպասարկման,
պարտադիր նորմերի վարձ, օժանդակ տարածքի, նկուղի, աղբահանության վարձ),
նաեւ պետբյուջեից հսկայական գումարներ են ստանում: Օրինակ, միայն 2005թ.
պետբյուջեից Արաբկիր համայնքի Կոմունալ բաժնի աշխատանքների համար
հատկացվել է 544մլն դրամ: Քիչ փող չէ: Բնականաբար, թաղապետարանի Կոմունալ
բաժնի պետն ինքնագլուխ չէ, եւ միայնակ չէ մսխում պետբյուջեից տրված եւ
բնակիչներից գանձվող գումարները: Այս ամենի գլխին կանգնած է Արաբկիրի
թաղապետարանի ղեկավարությունը: