Ամիսներ առաջ կյանքից վաղաժամ հեռացավ լուսանկարիչ, ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանը: Նրա նախաձեռնած բազմաթիվ ծրագրեր, ցավոք, անավարտ մնացին: Ռ. Մանգասարյանը «Պատկեր» ստուդիայի հիմնադիրն էր, տեղական եւ միջազգային մրցանակների մրցանակակիր: Նրա աշխատանքները ավելի շատ տպագրվում էին միջազգային, քան տեղական մամուլում: Ռուբենի լուսանկարները պատկերում էին Հայաստանի անցած պատմական ճանապարհը, Անկախության տարիները, Սպիտակի երկրաշարժը, Ղարաբաղյան շարժումը եւ պատերազմը, սոցիալական ծանր իրականությունը, հայ-թուրքական հարաբերությունները, մշակութային կյանքը…: Նա հեղինակ է մի քանի տասնյակ լուսանկարչական ռեպորտաժների, որոնք բազմիցս տպագրվել են «Թայմս», «Բոստոն Գլոբ», «Ֆիգարո», «Ջեո Կորեա», «Նյու Յորք Թայմս», «Ֆոկուս» եւ մի շարք այլ թերթերում եւ ամսագրերում: Նա համագործակցել է լրատվական բազմաթիվ գործակալությունների եւ աշխարհի տարբեր երկրների ֆոտոլրագրողների հետ: Ռ. Մանգասարյանին հաջողվեց ձեռք բերել ամերիկյան նշանավոր «National Geographic Traveler» հանդեսի հայաստանյան տարբերակը հրատարակելու իրավունքը: Տպագրության էր պատրաստվում ամսագրի 3-րդը համարը` նվիրված Հայաստան-Թուրքիա սահմանամերձ շրջաններին: Նրա ամենամեծ աշխատանքներից մեկը կարելի է համարել այն ֆոտոդպրոցը, որի երիտասարդ լուսանկարիչներն ընդգրկված էին միջազգային տարբեր նախագծերում, եւ այսօր դասվում են մեր լավագույն լուսանկարիչների շարքերում: Այդպիսի ծրագրերից էր «Մեհրաբարեւ» լուսանկարչական շարքը, որը ներկայացվել էր Երեւանում:
Ցուցահանդեսին մասնակցում էին Հայաստանի եւ Թուրքիայի ֆոտոլրագրողներ` Ռուբեն Մանգասարյանը, Գերման Ավագյանը, Կարեն Միրզոյանը, Նելլի Շիշմանյանը, Անահիտ Հայրապետյանը, Կերեմ ՈՒզելը, Մեհմետ Կաչմազը, Օսջան Յուրդալանը, Սերրա Ակչանը: «Մեհրաբարեւը» երկու երկրների մասին էր, որոնք, լինելով հարեւաններ, իրարից մեկուսացված են փակ սահմաններով եւ չունեն դիվանագիտական հարաբերություններ: «Մեհրաբարեւը» կրկնակի ողջույն է, քանի որ կազմված է թուրքերեն «մեհրաբա» (ողջույն) եւ հայերեն «բարեւ» բառերից: Ծրագրի գաղափարը ծնվել էր 2006 թ. մարտին Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում: Հայաստանում լուսանկարել են Թուրքիայից «Նառ ֆոտոս» գործակալության լուսանկարիչներ Թոլգա Սեզգինը, Կերեմ Ուզելը, Մեհմետ Կաչմազը, Օզջան Յուրդալանը, Սերրա Ակջանը: Իսկ Թուրքիայում լուսանկարել են Ռուբեն Մանգասարյանը, Կարեն Միրզոյանը, Նելլի Շիշմանյանը, Գերման Ավագյանը եւ Անահիտ Հայրապետյանը: «168 Ժամում» պարբերաբար կներկայացնենք այդ շարքի լուսանկարներն՝ ըստ հեղինակների: