ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` տիկնոջ` Սանդրա Ռուլովսի հետ: Հայաստանի եւ Վրաստանի առաջին տիկինները` Ռիտա Սարգսյանը եւ Սանդրա Ռուլովսը, երեկ այցելեցին արվեստագետ, նկարիչ-դիզայներ Նուռի` Արման Դավթյանի Երեւանում գտնվող արվեստանոցը: Նուռի ստեղծագործությունները հայտնի են ոչ միայն մեր երկրում, այլեւ արտերկրում: Արվեստագետը Առաջին տիկնանց ներկայացրել է իր աշխատանքները, որոնք պատրաստված են թանկարժեք, կիսաթանկարժեք քարերից, մետաղներից, կաշվից եւ այլ նյութերից: «Ես իմ արվեստի մեջ հոգի եւ միտք եմ դնում, գեղեցիկն արժեք չունի, եթե այն անիմաստ է»,- ասել է Նուռը: Նա իր յուրօրինակ աշխատանքները ստեղծելիս, թանկարժեք, կիսաթանկարժեք քարերից բացի, օգտագործում է ամենատարբեր նյութեր, բնությունից տրված ցանկացած իր` փետուր, չորացրած ծաղիկներ եւ այլն: Նա մասնակցել է մի շարք միջազգային ցուցահանդեսների եւ իր աշխատանքները ներկայացրել է աշխարհի բազմաթիվ երկրներում` Ռուսաստան, Իտալիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա եւ այլն: «Բնությունն ամեն ինչ տվել է, գեղեցիկ գույներ, պատկերներ, տեսարաններ եւ բավականին համահունչ համադրել է, մնում է տեսնել, ոգեշնչվել եւ այդ ամենը ներկայացնել արվեստում»,- ասել է Նուռը: Սանդրա Ռուլովսը Նուռին է նվիրել իր «Իդեալիստի պատմությունը» վերնագրով գիրքը, իսկ արվեստագետը նրան նվիրել է արծաթից պատրաստված իր աշխատանքներից: