ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ 2008 թվականի նոյեմբերի 21-ին ստորագրված «Օդային հաղորդակցության մասին» (Բաց երկինք) համաձայնագիրը, երկկողմ վավերացման գործընթացի ավարտից հետո, ուժի մեջ է մտել հունիսի 16-ին: «Մեր ավիաընկերությունները՝ նշանակված եւ՛ հայկական կողմից, եւ՛ ամերիկյան կողմից, համաձայնագրի շրջանակներում իրավունք ունեն իրականացնելու ոչ միայն կետից կետ փոխադրումներ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ, քաղաքից քաղաք, այլ նաեւ իրենք կարող են որոշակի ազատություններ ունենալ իրենց գործունեության մեջ: Դա տալիս է լրացուցիչ ճկունություն ավիաընկերություններին, կոմերցիոն տեսանկյունից հնարավորություն է տալիս այլ լուծումներ ունենալ»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է Հայաստանի կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:
Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ավիափոխադրող է նշանակվել «Արմավիա» ընկերությունը, որը, Մովսիսյանի փոխանցմամբ, պետք է հայտ ներկայացնի ԱՄՆ Տրանսպորտի նախարարությանը, ինչին կհետեւեն որոշակի գործընթացներ: «Համենայն դեպս, թռիչքային անվտանգության տեսանկյունով, ավիացիոն անվտանգության տեսանկյունով, կոմերցիոն տեսանկյունով խնդիրներն ուսումնասիրվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նաեւ այցեր են լինելու Հայաստանի Հանրապետություն, որպեսզի իրենք տեղեկացվեն, թե որքանով են համապատասխանում Հայաստանի Հանրապետության թռիչքային եւ անվտանգության կանոնները միջազգային եւ հատկապես եվրոպական ստանդարտներին»,- ասել է նա` ավելացնելով, որ այդ այցերի, ուսումնասիրությունների ու քննարկումների արդյունքում է, որ պետք է հայկական կողմին տրամադրվի դեպի Միացյալ Նահանգներ չվերթեր իրականացնելու թույլտվություն: Եվ հենց ամերիկյան կողմի ուսումնասիրությունների ժամանակացույցից է կախված, թե երբ կլինի Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առաջին ուղիղ չվերթը: