Արդյունավետ տարի՞

22/06/2009

Շուրջ 30 անդամ ունեցող «ՀՀ-ի հիպոթեքային շուկայի մասնակիցների միության» համար 2008թ. եղել է արդյունավետ տարի: Նման կարծիք հայտնել է միության գործադիր տնօրեն Էդուարդ Օրեմյանը՝ երեկվա տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ։ Նա նաեւ նշել է, որ հաշվի առնելով պետական մարմինների կողմից առանձնակի ուշադրության արժանացած հիպոթեքային վարկավորման հետ կապված նախագծերն ու արդեն իսկ իրականացվող ծրագրերը, տվյալ դաշտում ավելի քան կարեւոր է դառնում միության եւ պետական մարմինների առավել սերտ համագործակցությունը: ՀՀ ԿԲ նախագահ Վաչե Գաբրիելյանն էլ, կարեւորելով ֆինանսական կազմակերպությունների եւ վարկավորման ընթացակարգերի առկայությունը հիպոթեքային շուկայի աճող պահանջարկը բավարարելու համար, այդ առումով ընդգծել է միության դերն ու նշանակությունը: Նախորդ 4 տարիներին բանկերի կողմից տրամադրված հիպոթեքային վարկերի միջին տարեկան աճը կազմել է 99%, մինչդեռ բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը աճել է շուրջ 48%-ով: 2008թ. մայիսի վերջի դրությամբ Հայաստանի ֆինանսական համակարգի կողմից տրամադրված հիպոթեքային վարկերի ծավալը կազմել է մոտ 92 մլրդ դրամ կամ ֆինանսական համակարգի վարկավորման ծավալների ընդհանուր պորտֆելի 13%-ը: «Ճիշտ է, 2008թ. չորրորդ եռամսյակից համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը զգացվեց նաեւ Հայաստանի ֆինանսական շուկայում, եւ դա հատկապես դրսեւորվեց շինարարության ոլորտում եւ դրա հետ կապված ֆինանսավորման ծրագրերում, սակայն ԿԲ-ն կառավարության հետ միասին քայլեր է ձեռնարկում իրավիճակը շտկելու եւ շուկան աշխուժացնելու ուղղությամբ»,- ասել է ԿԲ փոխնախագահը: