Էլի խուսափեցինք պատժամիջոցներից

22/06/2009 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Երեկ մեկնարկել է ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանը, որից առաջ տեղի է ունեցել Մոնիտորինգի հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել է նաեւ Հայաստանի հարցը: ԵԽ ԽՎ լիագումար նիստում, ինչպես հայտնի է` Հայաստանի հարցը քննարկվելու է հունիսի 24-ին` կեսօրին: ԵԽ ԽՎ-ում ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանի եւ ՀՀ պատվիրակության կազմում «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանի հավաստմամբ` Հայաստանի նկատմամբ ԵԽ ԽՎ-ն որեւէ պատժամիջոց չի կիրառելու:

Երեկ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն Մոնիտորինգի նիստում ներկայացրել են հունիսի 15-17-ը ՀՀ կատարած իրենց այցի արդյունքները: Իսկ համազեկուցողների կողմից ներկայացվելիք նոր զեկույցի նախագիծը քննարկման կդրվի լիագումար նիստի ընթացքում: ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ` Մոնիտորինգի նիստում համազեկուցողների ընդհանուր գնահատականը դրական է եղել։ «Իսկ Հայաստանը, բնականաբար, շարունակելու է մնալ մոնիտորինգի ենթակա»,- նիստից հետո ասել է Դ. Հարությունյանը: Իսկ պատվիրակության անդամ, ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանի գնահատմամբ` Մոնիտորինգի նիստում իրավիճակն «էականորեն փոխեց հայտարարված համաներումը»: Ըստ նրա` «համաներումը փաստաթղթի տրամաբանությունը շուռ է տվել»: Ա. Ռուստամյանը նաեւ տեղեկացրել է, որ ԵԽ ԽՎ-ում լուրջ հարցեր կան` կապված մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրությամբ զբաղվող փաստահավաք խմբի գործունեության հետ: «Այս հարցերը մնում են կախված, եթե հնարավոր չեղավ վերականգնել փաստահավաք խումբը, ուրեմն` ծանրության կենտրոնը տեղափոխվում է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի վրա»,- ասել է Ա. Ռուստամյանը` հավելելով, որ մնացած բարեփոխումների վերաբերյալ վերահսկողությունը շարունակվելու է: Մոնիտորինգի նիստին մասնակցել է նաեւ ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանը, ով նիստից հետո «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում ասել է. «Սանկցիաների մասին այս անգամ խոսք լինել չի կարող: Բայց նաեւ խոսք լինել չի կարող ՀՀ-ին մոնիտորինգի տակից հանելու մասին»: Ա. Գրիգորյանի ասելով` ինքը եւ ՀՀ պատվիրակության կազմում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը նիստի սկզբում ներկայացրել են երկրում տիրող իրավիճակը, համաներման խնդիրը, ՀՀ-ի վերաբերյալ ընդունված բանաձեւերի կատարման ընթացքը: Արման Գրիգորյանն իր ելույթում անդրադարձել է նաեւ փաստահավաք խմբի գործունեության կասեցմանը: Ըստ նրա` ՀՀ իշխանությունները «տորպեդահարել են փաստահավաքի գործունեությունը», ինչին ի պատասխան՝ համազեկուցող Ջ. Պրոսկոտը հակադարձել է` ասելով, թե «ավելի շատ փաստահավաք խմբում ներգրավված փորձագետները չկարողացան իրենց քաղաքական հայացքները մի կողմ դնել եւ փաստեր հավաքել»: «Նա իրավունք չուներ նման հայտարարություն անել, քանի որ, եթե ծանոթ լիներ փաստահավաք խմբի անդամների հրապարակած զեկույցներին` նման բան չէր ասի: Ինքը չէր տեսել, թե ինչ զեկույց են հրապարակել»,- Մոնիտորինգի նիստից հետո` ի պատասխան Ջ. Պրեսկոտի հայտարարության, ասել է Զ. Փոստանջյանը: Իսկ ՀԱԿ ներկայացուցիչ Ա. Գրիգորյանն էլ ասել է, թե Պրեսկոտի հայտարարությունն ավելի շատ ոչ թե ինչ-որ մեկին արդարացնելու խնդիր ուներ, այլ «պարզապես ուզում էր ասել, որ միտումնավոր տորպեդահարում չի եղել»: «Բայց նա միաժամանակ չի համարում նորմալ այն իրավիճակը, որ փաստահավաք խումբ գոյություն չունի, նա ասել է, որ համաձայն չէր Փաստահավաք խմբի ղեկավար Վահե Ստեփանյանի վարքագծի հետ, նա ասում էր, որ պետք է խումբը մնար եւ աշխատեր»,- ասել է Ա. Գրիգորյանը: Ի դեպ, նա առաջարկել է ԵԽ ԽՎ-ին, որ` «եթե ՀՀ-ում հնարավոր չեն համարում փաստահավաք խմբի վերականգնումը, ապա թող միջազգային փաստահավաք խումբ ստեղծվի միջազգային անկախ փորձագետներից, որոնց անաչառության վրա որեւէ մեկը չի կասկածի, կամ որ «կռիվ չանեն» խմբի անդամներն իրար հետ, թող վերականգնեն փաստահավաք խումբը եւ նրա գործունեությանը ավելացնեն միջազգային փորձագետների, որոնք արբիտրի դեր կտանեն»:

Անդրադառնալով համաներման խնդրին, Ա. Գրիգորյանն ընդգծել է, թե համաներման ակտը որոշակիորեն բարդացրել է մնացած քաղբանտարկյալներին ազատ արձակելու խնդիրը, քանի որ սրանով սահմանափակվել է այն գործիքների առկայությունը, որոնք կիրառելի էին քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար: Ի դեպ, Դավիթ Հարությունյանի ասելով` Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից ընդունված նախագծում, որը ներկայացվելու է չորեքշաբթի օրը, առաջնահերթ խնդիր է համարվում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների կատարումը: «Հավանաբար, նաեւ որոշակի փոփոխություններ կարվեն այնպիսի մեխանիզմների առումով, որոնք կբարձրացնեն հանրային վստահություն եւ որոնք կլինեն այնպիսին, որ ինքնին վերացնեն կասկածները եւ ունենան կանխարգելիչ նշանակություն»,- ասել է նա: