Մայիսի 31-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններից հետո քաղաքական կուլիսային շրջանակներում քննարկվող հիմնական թեմաներից մեկը հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որին, ԱԺ բազմաթիվ պատգամավորների հավաստմամբ, ակտիվորեն պատրաստվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Ի դեպ, այս հարցն օրակարգային է դարձել գրեթե բոլոր պատգամավորների համար, որոնց մի մասը վախենում է մանդատը կորցնելուց, մյուսներն էլ` դեռեւս չեն կողմնորոշվում «ճամբարի» ընտրության հարցում: Իսկ ԱԺ միջանցքներում անցած շաբաթ ծավալվող մասնավոր զրույցների ու քննարկումների ժամանակ (որոնց մասնակից պատգամավորները համաձայնում են այս թեմայի վերաբերյալ կարծիք հայտնել` միայն իրենց անունը չհրապարակելու պայմանով) արտահայտվող հիմնական տեսակետն այն է, թե «Բարգավաճ Հայաստանում» վստահ են, որ արդեն հասունացել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով Ռոբերտ Քոչարյանի վերադարձն իրականացնելու պահը: Իսկ այդ «ազնիվ» գործին «Բարգավաճ Հայաստանը», նույն տեսակետների համաձայն, լծվել է 2008 թվականի նախագահական ընտրություններից անմիջապես հետո: Շատերը հենց դրանով են բացատրում այն հանգամանքը, որ ցանկացած մակարդակի, նույնիսկ` ամենափոքր գյուղի գյուղապետի ընտրություններին ԲՀԿ-ն ակտիվորեն մասնակցում է (հաճախ դա զուգորդելով «հնչեղ» քարոզարշավներով)` անգամ այն դեպքերում, երբ նախապես հայտնի է, թե քանի տոկոս է ստանալու: Այսինքն` ԲՀԿ-ն մասնակցելով նմանատիպ ընտրություններին, իրականում նախապատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եւ այս վարկածը լավագույնս ապացուցվեց Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի ժամանակ: Այս սցենարի հիմքում դրված է այն կանխավարկածը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին անխուսափելիորեն հաջորդելու են արտահերթ նախագահական ընտրությունները, ինչին էլ վերջին հաշվով ձգտում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Սակայն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար նախ անհրաժեշտ է, որպեսզի լուծարվի գործող Ազգային ժողովը, ինչը հնարավոր է միայն երկու դեպքում: Առաջին` ԱԺ-ն արձակելու իրավունք ունի միայն ՀՀ նախագահը, ինչը, իհարկե, ԲՀԿ-ի սցենարի տրամաբանության շրջանակներում իրատեսական չէ: ԱԺ-ի լուծարման երկրորդ տարբերակն այն է, որ ԱԺ պատգամավորների կեսից ավելին հրաժարվի իր լիազորություններից, եւ բոլորը միաժամանակ վայր դնեն իրենց մանդատները: Այլ ընթացակարգ` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, ըստ էության, օրենքով նախատեսված չէ: Եվ այսպես` ԱԺ արտահերթ ընտրությունների հասնելու համար այս սցենարի «հեղինակներին» անհրաժեշտ է ԱԺ-ում ունենալ 67 պատգամավոր: Սակայն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ունի ընդամենը 25 պատգամավոր, ՀՅԴ-ն էլ` 16: Այսինքն` այս պահին խորհրդարանի «քոչարյանական բլոկի» անդամների թիվը կազմում է 41 պատգամավոր, ուստի «նպատակին» հասնելու համար անհրաժեշտ է առնվազն եւս 26 պատգամավոր «վերբովկա» անել: Այդ գործընթացը, ինչպես տեղեկացրել ենք` ԲՀԿ-ն արդեն սկսել է: Եվ հենց ԲՀԿ-ի այս ծրագիրը տապալելու համար երկու շաբաթ առաջ ԱԺ-ում տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀԿ-ն ցանկանում է ԱԺ անկախ պատգամավորների գործունեությունը «ներդաշնակեցնել» Հանրապետական կուսակցության գաղափարներին ու այդ նպատակով բոլոր անկախ պատգամավորներին դիմումներ է բաժանել, որպեսզի վերջիններս ստորագրեն ու այդպիսով «ներդաշնակեցվեն» ՀՀԿ-ին: Այսինքն` տեղյակ լինելով ԲՀԿ-ի մտադրություններին, հանրապետականները որոշել էին առաջ ընկնել եւ ԱԺ անկախ 10 պատգամավորներին դարձնել ՀՀԿ-ական, որպեսզի նրանք ԲՀԿ-ի հետ «խաղեր տալու» հնարավորություն չունենան: Քանի որ այդ 10 անկախ պատգամավորների ԲՀԿ-ական դառնալու եւ ՀՅԴ-ի 16 «ռեզերվային» պատգամավորների առկայության դեպքում ԱԺ-ն լուծարելու համար պակասելու էր ընդամենը 16 պատգամավոր: Իսկ դա արդեն լուրջ սպառնալիք է ՀՀԿ-ի համար, քանի որ այսօր էլ կան շատ ՀՀԿ-ական պատգամավորներ (հաստատ` առնվազն 16 այդպիսիք կգտնվեն), ովքեր Քոչարյանի վերադարձի իրական լինելու դեպքում առանց վարանելու կփոխեն իրենց ճամբարը: Նաեւ այդ պատճառով ՀՀԿ վերնախավը որոշել էր այդ գործընթացը կանխել ոչ միայն ներքին կարգով, այլ նաեւ հրապարակայնորեն` հասկացնելու համար ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին եւ մյուս անկախ ու ՀՀԿ-ական պատգամավորներին, որ տեղյակ է արդեն մեկնարկած այս ծրագրի մասին: Ի դեպ, շատ պատգամավորների կարծիքով` ԲՀԿ-ն ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ նշանակելով ոչ վաղ անցյալում անկախ, անկուսակցական պատգամավոր, իսկ այժմ արդեն ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին, փորձում էր անկախ պատգամավորներին ցույց տալ, թե ինչպես է վարձահատույց լինում նրանց, ովքեր ընդունում են իր խաղի կանոնները:
Նշենք նաեւ, որ այս զարգացումներին տեղյակ պատգամավորների հավաստմամբ, իրականությանը համապատասխանում են այն տեղեկությունները, որ չնայած հետագայում ԲՀԿ-ից հնչած հերքումներին, իրականում Գագիկ Ծառուկյանը ցանկանում էր Ռոբերտ Քոչարյանին դարձնել ԲՀԿ պատվավոր նախագահ, ինչը, ինչպես հայտնի է` վերջին պահին ձախողվեց: Երեւանի ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ում կրկին ակտիվացել են Քոչարյանին պատվավոր նախագահ դարձնելու մասին խոսակցությունները: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա առաջիկա աշնանը:
Ի դեպ, Քոչարյանի վերադարձն ապահովելու նպատակով գործընթացներ են տեղի ունենում ոչ միայն ԱԺ-ում, այլեւ դրանից դուրս: Օրինակ, այս ուղղությամբ ակտիվորեն ու հրապարակային աշխատում է նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, ում գրքի` այս օրերին ԱՄՆ-ում անցկացվող շնորհանդեսն, ի դեպ, կազմակերպել է ՀՅԴ-ն` դրանով ցույց տալով, որ ՀՅԴ-ն, այնուամենայնիվ, Օսկանյանին համարում է իր գաղափարակիցը: Իսկ այն, որ Օսկանյանը շարունակում է դեռեւս մնալ անկուսակցական, ըստ մեր աղբյուրների, եւս պատահական չէ. Օսկանյանը փորձում է ցույց տալ, որ ինքը վերկուսակցական գործիչ է` այդպիսով նաեւ հակասության մեջ չմտնելով այն քաղաքական ուժերի հետ, ովքեր կանգնած են իր քաղաքական թիմի կողքին: Հենց դա է նաեւ պատճառը, որ Վ. Օսկանյանը չի արագացնում «Սիվիլիթասը» կուսակցության վերածելու գործընթացը:
Հ.Գ. Ի դեպ, սա իշխանափոխություն իրականացնելու, այսպես ասած` ֆորմալ` Սահմանադրական ճանապարհն է: Սակայն, ակնհայտ է, որ Քոչարյանի թիմակիցների հույսը միայն սա չէ: Քոչարյանի վերադարձով շահագրգռվածները շատ լավ հասկանում են, որ հասարակության մեջ երբեւէ Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործչի պահանջ չի առաջանալու: Ուստի, ըստ մեր աղբյուրների, Քոչարյանն ու նրա թիմը ներկայումս աշխատում են այդ «պահանջարկն» իշխանական էլիտայի մոտ ստեղծելու ուղղությամբ: