Պետության ներսում քաղաքական կյանքը, ինչպես մարդու կենսագործունեության ցանկացած այլ ոլորտ, անհնարին է պատկերացնել առանց ընդդիմության, այսինքն` առանց այլ տեսակետի, այլ տեսանկյունի:
Պատահում է, որ գործող իշխանությունը պաշտոնաթող է լինում, եւ նրա տեղը գալիս է ընդդիմությունը` դառնալով իրական առաջնորդող ուժ, այլ ոչ թե միայն քննադատող: Երկրում գոյություն ունեցող իրավիճակը հաճախ փոխում է ինչպես ընդդիմության առաջ քաշած փաստարկները, այնպես էլ նպատակին հասնելու նրա միջոցները: Իսկ ընդդիմության նպատակները տարբեր են լինում` իշխանության գործողությունների աննշան շտկումներից սկսած մինչեւ այդ իշխանության տապալումը: Այս ամենը գոյության իրավունք ունի, քանզի ընդդիմությունը կյանքի ընկալման կարեւոր կարգավորիչ է:
Ընդդիմության բովանդակությունն ընկալման մի քանի ուղղություն ունի` 1. չկա խնդիրների եւ իրականության ընկալման միջեւ հիմնական տարբերություն, այլ կա տակտիկական տարակարծություն, 2. խորը հակասություններ կան ինչպես հասարակության զարգացման եւ խնդիրների լուծման տակտիկայում, այնպես էլ ռազմավարության մեջ, 3. իրականության ընկալումը նույնն է, ինչ որ իշխանություններինը, սակայն ճիշտ որոշումներ կայացնելու հարցում ընդդիմադիրները տեսնում են կամքի բացակայություն, 4. ընդդիմությունը չի հասկանում իշխանության գործողությունները` դրանք համարելով անարդյունավետ, 5. ղեկավարների հավակնոտությունն ու գոռոզամտությունը` որպես իշխանություններին չընդունելու փաստարկ, 6. գործող իշխանությունների անտարբերությունը հասարակության որոշակի խավերի կարիքների հանդեպ, որոնք չեն ազդում հիմնական վեկտորի վրա, սակայն առիթ են տալիս ընդդիմությանը հայտարարելու պետության փրկիչ, 7. իշխանությունների ակնհայտ կոռումպացվածությունը հասարակությանն առիթ է տալիս դիմելու ընդդիմադիր ուժերի օգնությանը, թեեւ նրանց չի հավատում…
Ասել է թե, շատ են այնպիսի իրավիճակները, երբ ընդդիմությունը պաշտպան է կանգնում այս կամ այն արժեքներին կամ հայտարարում այն մասին, որ զարգացման ուղիները ճիշտ չեն, որ սխալ կադրային քաղաքականություն է վարվում, կամ խոսում է պետության կառուցման եւ արտաքին քաղաքականության ոլորտներում տակտիկական խնդիրների սխալի մասին, եւն: Ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, ընդդիմությունը հզոր է ու հարգանքի արժանի ոչ այնքան թվաքանակով եւ հուզական ճառերով, որքան հասարակ մարդկանց կարիքների նկատմամբ ուշադրությամբ (թեեւ «իշխանություն-ընդդիմություն»` աշխարհի ամենակատարյալ համակարգում` անգլիական խորհրդարանում, լինում են եւ՛ սուր ու սրամիտ, եւ՛ անգամ թունոտ ճառեր), հասարակության յուրաքանչյուր անդամի ու պրոբլեմների խնդիրների ճիշտ վերլուծությամբ, տնտեսական ու սոցիալական հարցերի համակարգված ըմբռնումով այս բարդ ու հակասական աշխարհում, որտեղ գոյություն ունի պլյուսների ու մինուսների հարաբերակցություն:
Ընդդիմությունը ոչ միայն պոպուլիստական կարգախոսներ ունի, որոնցով կարելի է խաբել միայն ոչ հասուն հասարակությանը` նրան էլ ավելի խոր ճգնաժամի հասցնելով, նա ունի նաեւ իրական վերլուծություններ: Անձնական վիրավորանքները ցույց են տալիս ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության թուլությունը, եւ վիրավորանք են ողջ հասարակության համար, քանզի հասարակությունը չի հասկանում եւ գիտակցում, թե ում է շարունակում պահել իշխանության բուրգի գագաթին:
Ընդդիմության մեթոդներն ավելի ճկուն պիտի լինեն, իսկ գործողությունները` ավելի խելամիտ, թե չէ կստացվի այն, ինչ այժմ տեղի է ունենում Վրաստանում: Կարծում եմ` այնտեղի ընդդիմությունն ասելու բան չունի, այսինքն` չկան երկիրը տնտեսական ճգնաժամից հանելու յուրօրինակ եւ իրական վեկտորներ: Եվ հարց է ծագում. ինչո՞ւ պիտի նրանք կանգնեն իշխանության գլուխ, ոչ թե Սահակաշվիլին:
Թույլ վերլուծություններն ու պետական կարգի այսօրվա խնդիրները չհասկանալը հայկական ընդդիմությանը դարձնում են… գործող իշխանության մի մասը` իբրեւ հուսալի եւ քիչ արդյունավետ ընդդիմախոս: Թեեւ հասարակության համար ակնհայտ է, որ իշխանությունները կարիք ունեն ինչպես պրոֆեսիոնալ (նկատի չունենք կոռումպացվածության տեսակետից), անբիծ ու զարգացած բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ նրանց ընտրելու նոր համակարգի:
Ե՞րբ իսկապես կհասկանանք, որ մենք բոլորս գտնվում ենք մի նավակում, եւ մեզ հարկավոր են իրական փոփոխություններ ինչպես մեր գիտակցության, այնպես էլ ողջ հասարակության ու մեր արժեքային համակարգի մեջ:
Այս ամենն ըմբռնելը հենց դեպի ապագա տանող միակ ուղին է, որտեղ շատ են ինչպես պատմականորեն մեզ բաժին հասած, այնպես էլ տնտեսական բարդ խնդիրները: Տարածաշրջանը, որտեղ ապրում ենք, դինամիկ զարգանում է. նոր պետությունների ձեւավորումը, հակասություններն ու առկա հիմնախնդիրների մասին մեր թույլ պատկերացումներն անարդյունավետ են դարձնում Հայաստանի համար այսօր բավականին դրական կոնյունկտուրան: Մենք վատ ենք պատկերացնում այն տարածաշրջանը, որտեղ վճռվում են մեր պետական, տնտեսական խնդիրներն ու հարցերը, մենք դեռ բավարար չենք ուսումնասիրել մեզ հետ փոխհարաբերությունների մեջ գտնվող առանձին վերցրած սուբյեկտներին: Մենք անընդհատ առաջ ենք քաշում մեր ամենակարեւոր փաստարկը` Արցախը, քանի որ ուրիշ ոչ մի բան չենք տեսնում: