Նորից խաղատների մասին

22/06/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դեռեւս երկու ամիս առաջ անդրադարձել էինք խաղատների թեմային, որի դեմ սկսել էին պայքարել այն հայ կանայք, որոնց ամուսինները եւ երեխաները այդ խաղատների «զոհերն» են դարձել: Հոդվածի հրապարակման հաջորդ շաբաթների ընթացքում խաղատան «զոհերի» կանայք ու մայրերը կրկին զանգահարում էին խմբագրություն ու պատմում իրենց ամուսինների կամ որդիների տանուլ տված հերթական գումարների մասին: Մենք տպագրել էինք նաեւ նրանց բողոքի բաց նամակն` ուղղված ՀՀ նախագահին:

«Մեզ ոչ մեկն էլ չի լսի»,- ասում էին նրանք` այլեւս որեւէ մեկի հետ հույս չկապելով: ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հունվարի 14-ին նամակ էր գրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որտեղ նշել էր. «Ցավում եմ, սակայն անօրինականությունը մեզանում ամենալուսավոր տեղերում է: Մասնավորապես, «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն կարող են գտնվել քաղաքների վարչական տարածքներից դուրս»: Այնուհետեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը նշում է Երեւանի Իսակովի պողոտայում գտնվող խաղատների մասին: «Տեղեկացնում եմ, որ Երեւան քաղաքի Իսակով պողոտայի վերջում, այսինքն` Երեւանի վարչական տարածքում` շատ լուսավոր, պայծառ տեղում գործում են 5 խաղատներ»,- գրել էր Ա. Բախշյանը վարչապետին ուղղված նամակում: Նաեւ հարցեր էր ուղղել Տ. Սարգսյանին. «1. Վերոնշյալ օրենքի խախտման համար ո՞վ է պատասխանատու, 2. Ո՞ւմ թույլտվությամբ եւ հովանավորությամբ են գործում խաղատները, 3. Ինչո՞ւ միջոցներ չեն ձեռնարկվում ապօրինի գործող խաղատների գործունեությունը կասեցնելու ուղղությամբ, 4. Ինչո՞վ կբացատրեք նման աղաղակող անօրինականության գոյության փաստը»: Ի պատասխան Անահիտ Բախշյանի հռետորական այս հարցադրումներին, փետրվարի 3-ին ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար պարոն Գեղամ Ղարիբջանյանին ուղղված նամակում հայտնում է (մեջբերում ենք միայն այն հատվածը, որտեղ կա հստակ պատասխան.- Մ.Մ.). «ՀՀ Ֆինանսների նախարարությունը Երեւանի վարչական սահմաններից ներս շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման լիցենզիա չի տրամադրել, իսկ գրությունում հիշատակած Իսակովի պողոտայի վերջում գործող խաղատները գտնվում են ՀՀ Արարատի մարզի Արգավանդ համայնքի վարչական սահմաններում, ինչը հաստատում է Արգավանդի համայնքի ղեկավարի տեղակալը»,- նշված է պատասխան նամակի վերջում: Իսկ կցված գրության մեջ, որն ուղղված է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Ա. Գրիգորյանին, ասվում է հետեւյալը. «Սույնով տեղեկացնում եմ, որ Ծովակալ Իսակովի փողոցի ձախակողմյան հատվածի ճամփեզրին կառուցված եւ գործող` «Կարապ», «Միլան», «Տրիումֆ», «Բլեֆ», «Կորոնա», «Զոլոտոյ արբուզ», «Վուլկան», «Լոտոս» եւ «Ռիո» (VIP) խաղատները գտնվում են ՀՀ Արարատի մարզի Արգավանդ համայնքի վարչական սահմաններում»: Հաջորդ նամակը «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը հասցեագրել էր ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի այլեւս նախկին պետ Մանուկ Վարդանյանին: «Խնդրում եմ ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսված 10-օրյա ժամկետում տրամադրել հետեւյալ տեղեկությունները. Արարատի մարզի Արգավանդ համայնքի ստույգ սահմանագիծը Երեւանի Իսակովի պողոտայի հետ, 2. Օդանավակայանի ճանապարհին գտնվող (Ծովակալ Իսակովի պողոտայի վերջում, ճանապարհի ձախ կողմում գտնվող) 9 խաղատների սեփականության իրավունքը հաստատող սեփականության վկայագրերը, ինչպես նաեւ քարտեզ` համայնքների սահմանագծով (Երեւանի եւ Երեւանից դուրս)»,- գրել էր ԱԺ Կրթության, գիտության, երիտասարդության, մշակույթի եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը: Վերջինս դեռեւս չի ստացել երկրորդ նամակի պատասխանը: Իսկ ապրիլի 7-ին մեր թերթի խմբագրություն ուղարկած հայտարարության մեջ Ա. Բախշյանը խաղատների դեմ պայքարի մասին գրել էր հետեւյալը. «Նույն ավերիչ գործունեությունն են իրականացնում քաղաքում տեղակայված տարբեր «Վիվառո», «Եվրոֆուտբոլ», «Տոտո» եւ այլ բուքմեյքերական կազմակերպությունների շահումով խաղասրահները, որտեղ սպորտային այս կամ այն թիմի վրա գումարներ են դրվում եւ թիմի պարտության դեպքում տանուլ են տրվում ներդրված գումարները»: «Ինչ է նշանակում՝ գովազդել անվճար տաքսի ծառայություններ, խաղատներում բաժանել անվճար սնունդ եւ ալկոհոլային խմիչք: Մարդիկ հոգեկան խանգարման վիճակում դուրս են գալիս կազինոներից եւ կարող են դիմել անկանխատեսելի քայլերի: Քանի-քանիսն են ինքնասպանություն գործել` իրենց ցած նետելով Կիեւյան կամրջից, նրանք շատ ավելի «լուրջ գործեր» ունեն: Մի՞թե սա ազգային անվտանգության խնդիր չէ»,- նշված էր մեր թերթում հրապարակված նամակում:

Ըստ խաղատների գործունեությունը կանոնակարգող կառավարության նախկին որոշման, խաղատները պետք է գտնվեին Երեւան քաղաքից 50կմ հեռավորության վրա, իսկ կառավարության նոր որոշմամբ` խաղատները պետք է գտնվեն Երեւանի վարչական տարածքից դուրս: Օրեր առաջ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը պետք է ներկայացվի Ազգային ժողով: Ըստ այդ նախագծի` հնարավոր կլինի հայաստանի տուրիստական տարածքներում ստեղծել խաղատների եւ խաղասրահների համախմբված եւ զարգացած կենտրոններ, ինչը կհեշտացնի զբոսաշրջիկների զվարճանքի վայրեր այցելելը, ինչպես նաեւ կնպաստի հյուրանոցային բիզնեսի զարգացմանը: Ընթերցողը, թերեւս, կհիշի կառավարության այդ նիստի հեռուստատեսային լուսաբանումը, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը մատ թափ տալով հայտարարում էր, որ 2013թ. հունվարի 1-ից Հայաստանում խաղատներ են լինելու միայն Ծաղկաձորում, Սեւանում եւ Ջերմուկում, եւ որ կառավարությունը առանձին քննարկելու է այդ ոլորտում 100 մլն դոլարից ավելի ներդրումային ծրագրերը: «Սա է մեր սկզբունքային դիրքորոշումը, 2013թ.-ից խաղատներ չպետք է լինեն երկրի կենտրոնական մասում եւ Երեւանի շրջակայքում: Վե՛րջ…»,- ի լուր բոլորի՝ հայտարարեց Տ. Սարգսյանը, ով ցանկացած առիթ օգտագործում է իր քարոզչական նպատակների համար:

Ընդ որում, նա այդ «վերջը» այնպիսի սարսափազդու տոնով էր ասում, որ մարդկանց մոտ կարող էր թյուր կարծիք ստեղծվել, թե կառավարության նիստերի դահլիճում նստածներից որեւէ մեկը (այդ թվում ինքը` Տ. Սարգսյանը) լուրջ է վերաբերվում դրան: Իսկ իրականությունը փոքր-ինչ այլ է եւ փորձ է արվում քողարկել քարոզչական պոպուլիզմի շղարշով: Այն, որ խաղատները իսկապես բացասական ազդեցություն են թողնում հասարակության որոշակի հատվածի վրա, անվիճելի է: Ճիշտ այնպես, ինչպես եւ այն, որ խաղատների գործունեությունը անհրաժեշտ է լրջորեն կանոնակարգել: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում էլ խաղատներ կան, բայց այդ երկրների կառավարությունները փորձում են այնպես անել, որ, ըստ էության, անխուսափելի այդ երեւույթից պետությունը հնարավորինս շատ հարկեր ստանա, մյուս կողմից՝ խաղատները նպաստեն որոշակի տարածքների զարգացմանը (ինչպես, ասենք, ԱՄՆ-ում անապատի ուղիղ կենտրոնում կառուցվել է Լաս Վեգասը)` եւ հնարավորության սահմաններում հասարակության խոցելի խավերին հեռու պահեն դրանցից: Իսկ Հայաստանում «բարի նպատակների» անվան տակ ընդամենը խաղատների տեղն են փոխում` դրանով նախ վնասներ հասցնելով գործող խաղատների սեփականատերերին, որոնք բոլոր դեպքերում ներդրումներ են արել, մյուս կողմից՝ ակնկալելով ավելի շատ գումարներ ստանալ ապագայում կառուցվելիք նման օբյեկտներից: Ներողություն, իսկ ո՞վ է ասել, որ Դիլիջանի, Ջերմուկի կամ Ծաղկաձորի կանանց ամուսիններն ու տղաները չեն այցելելու խաղատներ եւ էլի «անդունդի եզրին չեն կանգնելու»: Այսինքն` կառավարության այս նախաձեռնությունը ամենեւին պետք չէ դիտարկել որպես նաեւ մեր թերթում բարձրացված ու իրականում գոյություն ունեցող խնդրի լուծում: Եվ պետք է թույլ չտալ, որ կառավարությունն իր այս նախաձեռնությունը ներկայացնի որպես «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանի բարձրաձայնած խնդիրը լուծելու «բարի կամք»: Տիկին Բախշյանը իր գործունեությամբ իսկապես պայքարում է բազմաթիվ մարդկանց իրավունքների պաշտպանության համար, եւ ցավալի կլինի, եթե նրա գործունեությունն օգտագործվի կառավարության ու Տիգրան Սարգսյանի քարոզչության նպատակով: «Վերջ»: