«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է «ոսկյա մուրաբա»: Հիշեցնենք,
որ նախադեպը եղել էր խաղողի թփով ոսկյա տոլման: 2005թ. հուլիսի 7-ին
Սյունիքի մարզի Սյունիք գյուղի բնակիչ Մարինե Համբարձումյանը փորձել է
Ռուսաստան տանել մոշի մուրաբայի մեջ պահածոյացված 570 գրամ
չհայտարարագրված ոսկի:
«Զվարթնոց» օդանավակայանի մաքսակետի աշխատակիցները ռենտգենյան
սարքավորումների միջոցով հայտնաբերել են մուրաբայի միջի ոսկին, բռնագրավել
եւ ուղարկել փորձաքննության: Փորձաքննությունից հետո կպարզվի, թե ի՞նչ
արժողությամբ եւ ի՞նչ հարգի (պրոբ) ոսկի է եղել: Հնարավոր է, որ
մուրաբայազերծ արված ոսկու քաշը 20-30 գրամով պակասի: Համաձայն մաքսային
օրենքի, եթե չհայտարարագրված, ապօրինի տեղափոխվող ոսկու մաքսային արժեքը
գերազանցի 2 մլն դրամը, կհարուցվի քրեական գործ, հակառակ դեպքում՝
մաքսանենգը պետք է տուգանք վճարի ապրանքի մաքսային արժեքի չափով:
Փորձաքննության արդյունքները դեռ պարզ չեն:
Մաքսային տվյալներով՝ 2004թ. Հայաստան են ներկրվել 366,5 մլն դրամի
ոսկերչական իրեր, որից 2,3 մլն դրամ մաքսային արժողությամբ իրերը եղել են
վարպետների ձեռքի պատրաստած: Նույն ժամանակում արտահանվել են 17730,1 մլն
դրամի ոսկյա իրեր: 2005թ. առաջին կիսամյակում ներմուծված ոսկյա իրերի
մաքսային արժեքը կազմել է 283,3 մլն դրամ, եւ արտահանվել է 6634,8 մլն
դրամ արժողությամբ ոսկի: Մաքսավորները արտահանման ու ներմուծման այս մեծ
տարբերությունը բացատրում են նրանով, որ ոսկին Հայաստանում ավելի էժան է:
Ոսկեղենը ներմուծվում է հիմնականում Ամերիկայից, Թաիլանդից, Թուրքիայից,
Իտալիայից եւ Շվեյցարիայից: Արտահանվում է հիմնականում Ամերիկա,
Շվեյցարիա, Ռուսաստան, Բելգիա եւ Հունգարիա: 2005թ. առաջին կիսամյակում
գրանցվել է մոտ 5,4 կգ ընդհանուր քաշով ոսկյա իրերի ապօրինի տեղափոխման 10
դեպք, որից միայն մեկն է եղել ներմուծում: Մաքսային օրենքի համաձայն՝
ոսկյա իրերի արտահանումն ազատվում է մաքսային տուրքից եւ ավելացված արժեքի
հարկից (ԱԱՀ): Իսկ ներմուծումը հարկվում է՝ 10% մաքսային տուրք եւ 20%
ԱԱՀ: Անկախ նրանից՝ հարկվո՞ւմ է, թե՞ ոչ, հայտարարագրումը պարտադիր է:
Բայց եթե տեղափոխողը ոսկյա իրերը կրում է որպես զարդ, եւ՛ մուտքի, եւ՛
ելքի դեպքերում չի հայտարարագրում եւ հարկեր չի վճարում: Այստեղ հնարավոր
է, որ արտահանողը կամ ներմուծողը վաճառքի նպատակով տեղափոխի, ասենք,
200.000 դրամ արժողությամբ զարդեր, սակայն ինքը կրի եւ չհայտարարագրի՝
պատճառաբանելով, թե իր անձնական զարդերն են:
«Հնարավոր է, իր իրավունքն է,- ասում է Մաքսային պետական կոմիտեի
Իրավաբանական վարչության պետ Գեւորգ Ներսիսյանը: -Մենք այդ դեպքում ոչինչ
չենք կարող անել, բայց այդպիսի դեպքեր շատ քիչ են պատահում»:
Տարօրինակ է, որ ոսկյա իրերի ապօրինի՝ չհայտարարագրված տեղափոխման 10
դեպքերից ինը եղել է արտահանում: Սա՝ այն դեպքում, երբ արտահանումն
ազատված է բոլոր տիպի հարկերից: Այդ դեպքում ո՞րն է ոսկիները թաքցնելու
պատճառը: Միգուցե վա՞խը մաքսավորներից:
«Բացառված է,- պատասխանեց պարոն Ներսիսյանը: -Պատճառաբանությունները
տարբեր են. մարդիկ պատճառաբանում են, թե վախեցել են եւ չեն ուզեցել՝
տեղեկատվություն լինի, որ այդքան ոսկի ունեն: Որովհետեւ եթե մեզ հարցում
լինի, մենք կպատասխանենք, որ, այո՛, այսքան ոսկի է հայտարարագրված: Ըստ
իս, խուսափում են դրանից: Հնարավոր է նաեւ, որ չգիտեն, թե արտահանման
դեպքում ազատված են հարկերից ու տուրքերից: Ցանկացած զարդ, ոսկյա իր
արտահանելիս չի հարկվում, ուղղակի պետք է հայտարարագրվի»:
Գեւորգ Ներսիսյանի ասելով՝ թաքցնողն իր վարքով եւ անհանգիստ շարժուձեւով
էլ է մատնում իրեն: Իսկ մաքսավորներն աշխատանքային փորձառության ընթացքում
ձեռք են բերել «զոհին» բռնելու սուր հոտառություն: Եթե նույնիսկ սարքը
չհայտնաբերի, մաքսավորը «կհոտոտի»: Հիշենք այս ձմռանը նորհաճընցի Սամվել
Իսախանյանի թաքցրած ադամանդները: Օդանավակայանի սարքավորումները թաքցրած
ադամանդը չեն կարող հայտնաբերել, բայց մաքսավորները, այնուամենայնիվ,
հայտնաբերել էին:
«Այս դեպքում մենք նախօրոք ինֆորմացիա ենք ունեցել»,- ասում է պարոն Ներսիսյանը: