Երբ թերթերից մեկի լրագրողն աշխատանքի բերումով հանդիպել էր ԱԱԾ քննիչներից մեկին, նկատել էր, որ այդ հիմնարկի աշխատասենյակներում անվնաս պահպանվում են Ֆելիքս Ձերժինսկու լուսանկարները: Չի կարելի ժխտել, թե Երկաթե Ֆելիքսի խունացած լուսանկարը խնամքով պահպանելը նոստալգիա է ռետրոյի, սեւ-սպիտակ լուսանկարների ժամանակաշրջանի հանդեպ: Սակայն կոնկրետ Ձերժինսկու լուսանկարների պահպանությունը վկայում է, որ վերջինիս խոսքերը, թե փողոցներում անվրդով քայլող մարդկանց ազատությունը ոչ թե այդ մարդկանց արժանիքն է, այլ անվտանգության մարմինների վատ աշխատանքի հետեւանքը, ազգային անվտանգության համակարգում չեն մոռացել: Հայաստանում այսօր էլ որեւէ մեկը չի կարող հարյուր տոկոսով վստահ լինել, որ իր ազատությունը չափող հիմնարկի քննիչները մի օր հանկարծ առավել ժրաջան չեն լինի: Ինչպես ժրաջան գտնվեցին մարտի մեկից հետո` իշխանությունների պատվերով ազատությունից զրկելով տասնյակ մարդկանց: Երեկ, ինչպես հայտնի է, «Յոթի գործով» չորսին դատավորները դատապարտեցին հինգ տարվա ազատազրկման, սակայն անմիջապես էլ դատարանի դահլիճից ազատ արձակեցին` հղում անելով համաներման որոշմանը: Այսինքն՝ Ալեքսանդր Արզումանյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Սուրեն Սիրունյանը եւ էլի շատերը այսուհետ կարող են ազատ լինել, սակայն հիշել, որ իրենց ազատությունը ոչ թե իրենց արժանիքն է կամ ԱԱ մարմինների ծուլության հետեւանքը, այլ միջազգային կառույցների մոնիտորինգի խմբերի: Սակայն ոչ մի պարագայում՝ ՀՀ նախագահի բարի կամքի կամ ներողամտության: Հակառակ դեպքում՝ ազատ կարձակվեին բոլորը եւ անհամեմատ ավելի վաղ:
Ընկածի, կարիքավորի, անազատության մեջ գտնվողի հանդեպ ներողամտությունը, մեծահոգությունը մեր շատ քաղաքացիներ, այնուամենայնիվ, համարում են սենտիմենտալ ապրումներ` վստահ, որ ներողամտությունը պետք է դրսեւորել ընտրովի, որ ներման արժանի չեն այն մարդիկ, ովքեր, ժամանակին գտնվելով ազատության մեջ, պատճառ են դարձել այլոց ազատազրկման: Որպես օրինակ՝ նշվում են նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի եւ Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի անունները՝ նկատելով, որ հրեշտակներ չեն նաեւ Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, էլի ոմանք: Իսկ ներելն այնպիսի գործողություն է, որի համար բավական է մեկ կողմը. նա, ում ներում ես, կարող է լինել եւ վերջացած ստահակ, սակայն կա պատվիրան՝ չդատելու մասին, հետեւաբար, բավական է քո ներողամտությունը, եւ վերջ. գործողությունը կատարված է:
Մեր երկրում ներողամտությունը համարվում է թուլության եւ անլիարժեքության վառ արտահայտված դրսեւորում: Դա է պատճառը, որ երկրի նախագահը նախապատվությունը տվեց ներելու` իր սահմանադրակա՛ն իրավունքին եւ չօգտվեց ի վերուստ տրված, առանց նախապայմանների ու հետին մտքերի, ներել կարողանալու իրավունքից. այդ դեպքում արդեն հղում անելու անհրաժեշտություն էլ չէր լինի:
Դժվար է ներողամտություն ակնկալել նաեւ մյուս կողմից. մեկ տարուց ավելի, առանց հիմնավորումների եւ ապացույցների, անազատության մեջ գտնվող մարդիկ ավելի հիմնավոր պատճառներ ունեն չներելու: Այդպես նախընտրեց վարվել Աժ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը` որոշելով վայր դնել պատգամավորական մանդատը` հարմար չգտնելով աշխատել այն մարդկանց հետ, ովքեր սեղմել են կոճակը՝ հօգուտ իրեն կալանելու որոշման: Կարծես նույնքան մարտական է տրամադրված նաեւ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Նա եւս հայտարարեց, թե պայքարը նոր է սկսվում: Ի՞նչ է ստացվում. ՀՀ նախագահը թեեւ համաներում է հայտարարել, սակայն անձամբ այդ մարդկանց չի ներել: Մարտի մեկի գործով կալանավորվածները թեեւ ընդունել են համաներումը եւ դատարանի դահլիճներից դուրս են եկել, չեն ներում համաներում հայտարարողներին: Այնպես որ, իրո՛ք, պայքարը շարունակվում է… պատվի համար: