Հասանելի է նաեւ հայերենը

22/06/2009

«Windows XP», «Windows vista» եւ «Office 2007» ծրագրերն արդեն հասանելի են հայերեն լեզվով եւ տրամադրվում են անվճար: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը` հավելելով, որ այդ ծրագրային ապահովման անգլերեն տարբերակների փոխարեն կարելի է դրանց հայերենը ներբեռնել ինտերնետից կամ դիմել «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակ: Գ. Բարսեղյանի խոսքով` «Office 2007» գրասենյակային փաթեթում արդեն ներառված է հայկական ուղղագրական մաս` «Unicode» կոդավորումով: Մինչեւ այս տարեվերջ «Մայքրոսոֆթը» կսկսի «Windows 7» օպերացիոն համակարգի վաճառքը, որի ուղղությամբ արդեն բանակցություններ են տարվում եւ որի տեղայնացման ու հայերենացման ուղղությամբ աշխատանքներ են նախատեսված: Դրանք կլինեն շարունակական, եւ «Մայքրոսոֆթի» հնարավորինս շատ ծրագրային փաթեթներ հասանելի կլինեն Հայաստանում: Գ. Բարսեղյանը կարեւորում է այդ ծրագրերի հայերենացումը, որովհետեւ այդպիսով դրանք ավելի մատչելի կլինեն ռուսերենին եւ անգլերենին չտիրապետողների համար: «Մեզ համար կարեւորագույն խնդիր է տեղեկատվական տեխնոլոգիաները մատչելի դարձնել բոլորի համար»,- ասել է նա` նկատելով, որ հայերենով համակարգչային տերմինների կիրառելիությունը ժամանակի խնդիր է: