Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը շուրջ 10 տարի մտորել է իր «Հիսուսի կենդանագիր պատկերը» ֆիլմի շուրջը: Նա համոզվել է, որ պատմությունը շատ ավելի բարդ ու գեղեցիկ բան է, քան մենք պատկերացնում ենք: Եվ այդ պատճառով էլ մեր օրերում շատ մեծ գին ունի նորովի ընկալելու եւ վերաիմաստավորելու մեր ունակությունը:
«Մենք զարմանալի ժողովուրդ ենք. ունենք Խորենացի, Կորյուն, բայց չենք կարդում նրանց աշխատությունները, ունենք փաստեր, որոնց վրա չենք ուզում ուշադրություն դարձնել»,- ասաց նա իր ֆիլմի պրեմիերայից առաջ: Ընդ որում` Տ. Խզմալյանը գրեթե միշտ իր ֆիլմերի առաջին դիտումների շանսը տալիս է լրագրողներին` ասելով, որ ինքը պատմաբան կամ վերլուծաբան չէ, այլ` մարդ, որը փորձում է դիլետանտի, սովորական մարդու նման ուշագրավ փաստեր պեղել պատմության ոլորաններում ու ներկայացնել դրանք առավել էմոցիոնալ ու դիպուկ: Նա ասում է, որ ֆիլմի հետագա ճակատագիրը պիտի որոշվի հանրության ցանկության համաձայն:
«Հիսուսի կենդանագիր պատկերը» ֆիլմի առանցքում Հիսուսի կենդանության օրոք ստեղծված դիմանկարն է, որը կարելի է համարել Քրիստոսի իրական գոյության թերեւս միակ ու ամենազորեղ ապացույցը, որը փաստում է ոչ թե նրա մահվան հանգամանքների, այլ` կյանքի մասին: Այդ դիմանկարը փաստի անառարկելի ուժ ունի, սակայն տարբեր պատճառներով մինչ օրս նման ուժից զրկված է ու այլ ընդունված սրբության նշաններին (նիզակի, խաչի կամ քղամիդի հատվածի) հատուկ հնչեղ դերակատարություն չի ստացել:
Պատմիչներ Խորենացու ու Քերովբեի վկայությամբ` Եդեսիայի արքա Աբգարը հատուկ զրույց ունենալու առաքելությամբ իր սուրհանդակ Անանիային ուղարկել է Հիսուսի մոտ: Այդ զրույցը կայացել է Հիսուսի խաչելությունից երկու օր առաջ, եւ Հիսուսն օտարերկրյա արքայի ներկայացուցչին ասել է, որ եկել է «պարզաբանելու ժամանակը»: Զրույցից հետո Անանիան, ով նկարչական շնորհ ուներ, ստեղծել է Հիսուսի դիմանկարն ու այնուհետեւ այն մեծ ակնածանքով հասցրել Աբգարին: Եվ հենց այդ դիմանկարը ստանալուց հետո Աբգար թագավորը որոշեց քրիստոնեության տարածողը դառնալ:
Այդ դիմանկարը տարօրինակ ու առեղծվածային ճակատագրի է արժանացել: Երկար տարիներ Եդեսիայում պահվելուց ու այդ ժամանակահատվածում` քաղաքի յուրատեսակ հրեշտակ-պահապանը լինելուց հետո, այն տեղափոխվել է Կոնստանդնուպոլիս, այնուհետեւ խաչակիրների միջոցով հասել է Փարիզ եւ Հռոմ, իր վերջնական հանգրվանը գտնելով Ջենովայի փոքր կաթոլիկ եկեղեցիներից մեկում, որը կրում է Սուրբ Բարտոլեմեի անունն ու պատկանում է հայկական կաթոլիկ եկեղեցական համայնքին: Այդ դիմանկարը հիմա էլ կա, տարին երկու անգամ (Սուրբ Ծննդի ու Սուրբ Հարության օրերին) ցուցադրվում է հանրությանը, սակայն մեծ իմաստով այն անհայտ է մնում քրիստոնյաների համար: Ջենովայի եկեղեցին չի գործում, միայն ժամանակ առ ժամանակ է բացում իր դռները, իսկ հայ նկարչի վրձնին պատկանող Հիսուսի դիմանկարը պահվում է փակի տակ եւ լուռ ու խոհեմ սպասում է իր բացահայտման ժամին:
Ֆիլմի հեղինակը նշում է, որ այդ դիմանկարն իրոք պահապան հրեշտակի առաքելություն է կատարել: Օրինակ, այն պահից սկսած, երբ Բյուզանդիան հրաժարվեց այդ դիմանկարից` այն փոխանցելով ֆրանսիացի դեսպաններին (թուրքերի արշավանքի դեմ պայքարելու խոստում ստանալու դիմաց), Պոլիսն անկում ապրեց ու մի քանի տասնամյակ հետո վերջնականապես նվաճվեց թուրքերի կողմից: Հիսուսի պորտրետը պետությունների անկախության ու մարդկային ազատության յուրատեսակ երաշխավորողն է եղել: «Հիսուսի դիմանկարը մագնիսի դեր է կատարել եւ կարծես միշտ իր անբացատրելի ձգողական ուժի շնորհիվ իր շուրջն է հավաքել ու պաշտպանել հայերին»,- ասաց Տ.Խզմալյանը: Նա վստահությամբ նշեց նաեւ, որ մենք` ժամանակակից հայաստանցիներս, արժանի չենք այդ դիմանկարը մեր հողի վրա ունենալու ենթադրյալ հնարավորությանն անգամ: «Ես, օրինակ, վախով եմ մտածում այն մասին, որ օրերից մի օր Արարատը մերը կլինի, քանի որ հենց Արարատը մեզ տան, մենք գագաթին կազինո կամ ռեստորան կբացենք: Մենք դեռ արժանի չենք դրան»,- ասաց նա` ավելացնելով, որ թեեւ իր նոր ֆիլմն անկասկած սենսացիոն աստառ ունի, սակայն իր նպատակն ավելի խորքային շերտերի ցուցադրումն է եղել: «Ամեն բան հավատքի հետ է կապվում: Ես ուզում եմ, որ մենք հիշենք. հայերը արքաների ու ասպետների զավակներ են, որոնց հատուկ չի եղել ստրկամիտ մտածողությունը»,- ասաց նա:
Որպես փաստի բացահայտում ու ուղերձ՝ «Հիսուսի կենդանագիր պատկերը» ֆիլմն, իհարկե, մեծ դեր կարող է խաղալ` անցյալի գեղեցկությունն ու կորուստները վերականգնելու եւ այսօրվա խճճված իրավիճակի հետ կամուրջներ կառուցելու գործում, սակայն որպես զուտ վավերագիր ֆիլմ՝ այն չի կարելի հաջողված համարել: Հեղինակը որոշել է, որ դիմանկարի ցուցադրումը պետք է թողնել վերջին կադրերի համար` ասելով` ահա այն, հիացեք: Այդ քայլը կարող էր արդարացված լինել, եթե 1 ժամանոց ֆիլմը տեսագրված հարուստ նյութ ներառեր իր մեջ եւ ավելի խորամանկ ու խելացի կառուցված տեսաշար ունենար: Ստացվեց այնպես, որ տեքստին նշանակություն տալով` անտեսվում է պատմության վիզուալ ուժը: Տ.Խզմալյանը օգտագործել է «Սպարտակ» բալետի, իտալական դիմակահանդեսի ու Երուսաղեմի հայ ու վրացի հոգեւորականների կռվի երկարատեւ հատվածները: Եվ արդյունքում ֆիլմը կարելի է աչքերը փակ լսել եւ նայել միայն այն կտորը, որտեղ ցուցադրվում է Անանիայի ստեղծած Բարձրյալի մարդկային պատկերը:
Տ.Խզմալյանը պատմեց, որ 10 տարի առաջ որոշվել էր այդ ֆիլմի նկարահանումը վստահել ռեժիսոր Հովիկ Հախվերդյանին ու հայտնի հայագետ, արձակագիր Կիմ Բակշիին, սակայն ֆիլմի ստեղծումը ծախողվեց, եւ այժմ այն ոչ այնքան կատարյալ տեսքով է ներկայանում: «Ես ինքս լավ տեսնում եմ ֆիլմի թերությունները, սակայն կարծում եմ, որ այն պետք է որպես առաջին քայլ համարել»,- ասաց Տ.Խզմալյանը: Հուսով ենք, որ նման քայլեր անելու պատրաստ ռեժիսորներ կամ այլ ոլորտների ստեղծագործողներ դեռ կգտնվեն հայոց հողի վրա: Եվ ինչը այժմ շատ արդիական է` կգտնվեն մարդիկ, որոնք տեր կկանգնեն մեր հոգեւոր ունեցվածքին: Հիսուսի դիմանկարի ստեղծման պատմության հետ ծանոթանալով` կարելի է շատ ուշագրավ դիտարկում անել. ապացուցել, որ միշտ շահում են այն արքաները (նախագահները, կառավարիչները կամ ժամանակակից լեզվով ասած` մենեջերներն ու «PR» մասնագետները), որոնք սուրհանդակ (նախարար, ծառայող, աջակից) են դարձնում տաղանդ ունեցող մարդուն: Եվ եթե 2 հազարամյակ առաջ բանակցություններ վարելու համար նկարել չիմացող մարդ ուղարկվեր (ասենք՝ անուս ու ապաշնորհ զինվորը), մենք չէինք ունենա այս գեղեցիկ, խորհրդավոր օրինակը: