«ՀՌԱԿ-ի շուրջ վաղուց կան չթաղված քաղաքական դիակներ: Իսկ չթաղված դիակներից միշտ էլ գարշահոտություն է գալիս: Այս համագումարն այդ համատեքստում պետք է դիտել»,- երեկ հայտարարել է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը` անդրադառնալով նորաստեղծ Արմենական ռամկավար ազատական կուսակցությանը, որի համագումարը տեղի է ունեցել երեկ: Ըստ Հ. Առաքելյանի` այդ նորաստեղծ կուսակցությունը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի «տխրահռչակ քայլերի շարունակությունն» է: «Վարչապետը քաղաքականապես բոբիկ անձնավորություն է եւ քաղաքական հենարան է փնտրում: Եվ այդ կարճ խելքով էլ ուզում են մամուլից գաղտագողի իրականացնել կուսակցության գրանցումը: Մենք լուրջ ենք տրամադրված` տարատեսակ բաշիբոզուկների ոտնձգություններից պաշտպանելու մեր կուսակցությունը, կանոնադրությունը, ծրագիրը, դրոշը, զինանշանը, քայլերգը եւ կառույցները: Պետք լինի՝ մինչեւ Եվրադատարան գնալու ենք»,- «7 օր կայքին» ասել է ՀՌԱԿ ատենապետ Հ. Առաքելյանը` նորաստեղծ կուսակցությանը մեղադրելով անվանագողության մեջ: Ի դեպ, երեկ ԱՌԱԿ ատենապետի պաշտոնակատար Արմեն Մանվելյանը համագումարում հայտարարել է, որ իրենց կուսակցությունը «խնդիր չունի խարխլելու որեւէ այլ կուսակցության հիմքերը: Ոչ մեկի դեմ անձնական խնդիր չունենք»: