ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը երեկ հայտարարել է, որ եթե նույնիսկ Երեւանի ավագանու ընտրություններում խախտումներ արձանագրված 18 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները համարվեն անվավեր, ապա կուսակցություններին հասանելիք մանդատների չափը չի փոխվի: Անդրադառնալով ՀԱԿ-ի` ՀՀ վարչական դատարան ներկայացրած հայցին, Ազարյանը նշել է, թե ժամկետային ոչ մի զինծառայող քվեարկության չի մասնակցել, հաշվառում չունեցող քաղաքացիներ չեն ընդգրկվել ընտրացուցակներում, դիտորդների նկատմամբ խտրական վերաբերմունք չի ցուցաբերվել: Իսկ գործավարության մատյանների եւ ընտրական այլ փաստաթղթերի` ՀՀ ազգային արխիվ հանձնելու փաստը Գ. Ազարյանը բացատրել է ՀՀ ԸՕ 44-րդ հոդվածով, ըստ որի` ընտրական բոլոր փաստաթղթերի պահպանության համար պատասխանատու է ԿԸՀ-ն: Գ. Ազարյանի ասելով` հանձնաժողովը վերահաշվարկի դիմումների ստացման ժամկետի ավարտից եւ որոշ տեղամասերում վերահաշվարկի իրականացումից հետո բոլոր փաստաթղթերը ժամանակավորապես պահպանության է հանձնել ՀՀ ազգային արխիվին, որը փաստաթղթերի ժամանակավոր պահպանության համար ամենաապահով վայրն է: «Հայցադիմումի որոշ էջեր ինձ հիշեցնում են դիպլոմային աշխատանք, բայց պետք է ասեմ՝ չստացված դիպլոմային, քանի որ այնտեղ պահպանված չէր նաեւ հղման կանոնը. դիպլոմային աշխատանքի հեղինակները զլացել են հղում կատարել ԿԸՀ-ին, որտեղից քաղվել են անհրաժեշտ նյութերը»,- ասել է Ազարյանը: