Հունիսի 18-ին միջազգային բորսաներում նավթային ֆյուչերսների գները շարունակել են բարձրանալ եւ առեւտրային օրվա արդյունքում հաստատվել են մեկ բարելի դիմաց 71 դոլար նշակետի վրա: Արդյունքում` վերջին երկու օրերի ընթացքում նավթի գները բորսաներում աճել են 1,3%-ով: Նավթային ֆյուչերսների պաշտոնական գները կազմել են. Նյու Նորքի New York Mercantile Exchange-ում` Light, Sweet Crude Oil-ը 71,34 դոլար (+34 ցենտ) մեկ բարելի դիմաց, Լոնդոնի InterContinental Exchange Futures Europe-ում` IPE Brent Crude-ը 71,06 դոլար (+21 ցենտ) 1 բարելի դիմաց: Սա թերեւս հրաշալի լուր է Հայաստան բենզին ներկրող մի քանի օլիգարխների համար, որոնք Հայաստանում բենզինի` արդեն գրեթե ամենշաբաթյա թանկացումները հիմնավորում են նավթի միջազգային գների աճով: Այն դեպքում, երբ խոսքը ֆյուչերսային գների մասին է, այսինքն՝ այն գների, որով նավթը վաճառվելու է որոշակի ժամանակ անց: