Միայն փաստերի դեպքում

20/06/2009

ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը դեռեւս ուսումնասիրում է միջմարզային երթուղիները սպասարկող տրանսպորտի սակագների բարձրացման վերաբերյալ 18 ընկերություններից ստացված հայտերը: Երեկ այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: «Դեռ միանշանակ չէ` կբարձրանա՞ն սակագները, թե՞ ոչ: Կան խնդիրներ, կան տարբեր իրավիճակներ, եւ այս ամենը լուրջ ուսումնասիրելուց հետո միայն կարելի է լուծումներ տալ»,- ասել է նա: Ըստ Գ. Սարգսյանի՝ այս պարագայում հաշվի են առնվում մի շարք բաղադրիչներ, որոնք ընկած են տրանսպորտի սակագների հիմքում: Օրինակ, ուղեւորափոխադրումների քանակը եւ վառելիքի գինը: Վերջինիս թանկացումը, ըստ նրա` տրանսպորտի սակագնի մեջ փոքր ազդեցություն է թողնում, իսկ ուղեւորահոսքը` շատ մեծ: «Իսկ այսօր մի շարք ուղեւորափոխադրողներ պնդում են, որ ուղեւորահոսքը մինչեւ 30 տոկոսով կրճատվել է, սակայն, թե դա որքանով է իրական եւ հիմնավորված, պետք է ստուգել»,- ասել է նա` հավելելով, թե սակագները կավելանան միայն համապատասխան հաշվառումների եւ վիճակագրական վերլուծությունների հիման վրա` «համոզվելուց հետո, որ ուղեւորահոսքն իրոք պակասել է, եւ որ ծախսը մեկ ուղեւորի հաշվով շատացել է»: