Այս տարվա հունվար-մայիս ժամանակաշրջանում մեր երկրի տնտեսությունը անկում է ապրել 15.7%-ով։ Ռեկորդային այս ցուցանիշը երեկ հրապարակել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Նման ցուցանիշ չէր նշվում անգամ ամենահոռետեսական կանխատեսումներում։ Օրինակ՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը 2009թ. համար կանխատեսել էր 6-11%-անոց անկում, սակայն արդեն փաստացի ցուցանիշը հիմք է տալիս պնդելու, որ 11%-անոց անկման դեպքում մի բան էլ պետք է երջանիկ լինենք։ ԱՎԾ նախնական տվյալներով, հունվար-մայիս ամիսներին ՀՆԱ ծավալը կազմել է 839 մլրդ 356.6 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ընդամենը 84.3%-ը: Արդյունաբերական արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 10.5%-ով, գյուղատնտեսության արտադրանքը՝ 2.9%-ով, իսկ ծառայությունները՝ 1.7%-ով։ Ամենախոշոր անկումը՝ ավելի քան 2 անգամ, գրանցվել է շինարարական ոլորտում (56.1%): Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը աճել է 9.8%-ով՝ կազմելով 83.900 մարդ։ Արտաքին առեւտրաշրջանառությունը 2009թ. հունվար-մայիս ամիսներին կազմել է 1.3 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա ժամանակահատվածի համեմատ նվազելով 33.7%-ով: Ներմուծումը կրճատվել է 29.9%-ով, իսկ արտահանումը՝ գրեթե կրկնակի անգամ՝ 47.8%-ով։ Ինչպես ասում են, վիճակը շա՜տ լուրջ է։ Այն, որ այս տարվա առաջին 5 ամիսների մակրոտնտեսական ցուցանիշներն ավելի վատն են լինելու, քան հունվար-ապրիլին արձանագրված 9.7%-անոց անկումը, պարզ էր արդեն մի քանի օր առաջ։ Ինչպես ընդունված է ասել, մեսիջներ էինք ստանում։ ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը դեռ հունիսի 9-ի նիստում, երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց մինչեւ 6%, արդեն իսկ ոչ լավատեսական շեշտադրումներ էր արել. «Այդուհանդերձ, խորհուրդը համաձայնեց, որ գնաճի նվազման ուղղությամբ ռիսկերն այս պահին գերակշռող են, քանի որ ՀՆԱ կրճատումը տեղի է ունենում գնահատվածից ավելի արագ տեմպերով, իսկ տնտեսության հիմնարարներով որոշվող հավասարակշռության մակարդակին փոխարժեքի վերադառնալու հետեւանքով գնաճի նպատակային թիրախը գերազանցելու ռիսկերի դրսեւորումը քիչ հավանական է»,- ասված է ՀՀ ԿԲ հաղորդագրության մեջ։
Ընդհանրապես, ԿԲ-ն մյուս կառույցների համեմատ վերջին շրջանում միշտ ավելի անկեղծ է գտնվել եւ լավատեսական կանխատեսումներով աչքի չի ընկել, ինչը չես ասի կառավարության մասին։ Սակայն այս անգամ Կառավարությունը՝ ի դեմս վարչապետ Տիգրան Սարգսյանի, գերազանցեց ԿԲ-ին։ 2 օր առաջ՝ ԱՎԾ տվյալների հրապարակման նախօրեին տեղի ունեցած կառավարության նիստում, Տիգրան Սարգսյանը բառացիորեն ասաց. «Իհարկե, հասկանալի է, որ տեխնիկական ռեցեսիայի խնդիր էլ կա, այսինքն` տնտեսական անկման բարձր ցուցանիշները, որ մենք այսօր ունենք, պայմանավորված են նաեւ այն հանգամանքով, որ անցած տարվա առաջին վեց ամիսներին ունեցել ենք տնտեսական աճի բարձր ցուցանիշներ եւ այդ ֆոնի վրա մեր անկման ցուցանիշները լինելու են բավականին մեծ»։ Իհարկե, կապ չունի` ինչի ֆոնին են ցուցանիշները վատը լինելու, փաստն այն է, որ երկնիշ անկում է գրանցվել։ Տ. Սարգսյանը նաեւ նշել էր, որ ցուցանիշները դեռեւս շարունակում են վատանալ, եւ որ ամենածանր ամիսները լինելու են առաջին 9 ամիսները, տարվա վերջում տնտեսական ցուցանիշները կսկսեն բարելավվել։ Փաստորեն՝ դատելով վարչապետի խոսքերից, դեռ 4 ամիս էլ անկման աճի միտումը շարունակվելու է։
Ավելին՝ վարչապետն այնքան մտահոգված էր երկրի վիճակով, որ նախարարներին արգելեց 1 ամսով արձակուրդի գնալ այս ծանր պայմաններում։ Հորդորեց մնալ եւ աշխատել։ Միգուցե այդ քայլի մեջ պոպուլիզմի տարրեր կան, սակայն, չենք կարծում, որ իրավիճակի լրջության գիտակցումը էական դեր չի խաղացել այս հարցում։ Անկախ ամեն ինչից՝ հիմարություն կլինի մտածելը, թե կառավարությունը եւ անձամբ Տ. Սարգսյանը չեն ցանկանում, որ տնտեսության վիճակը բարելավվի։ Սակայն, եթե այս առումով նախարարներին արձակուրդից զրկելն ինչ-որ տեղ տրամաբանության մեջ տեղավորվում է, ապա վարչապետի ելույթի՝ դրան հաջորդած ծավալուն վերջաբանը հակասում է ընդհանուր տրամաբանությանը։ Հիշեցնելով, որ ամառվա սեզոնը ծանր աշխատանքի սեզոն է լինելու կառավարության համար, որովհետեւ ցուցանիշները դեռեւս շարունակում են վատանալ, վարչապետը որպես թիվ մեկ խնդիր նշել է հետեւյալը. «Համար մեկ խնդիրը, որ մեր առջեւ կանգնած է, այն է, որ մենք ձեզ հետ միասին բոլորս պետք է օժանդակենք Պետական եկամուտների կոմիտեին։ Պետք է գիտակցենք, որ հարկահավաքման խնդիրը միայն պետական եկամուտների կոմիտեի խնդիրը չէգ»։ Ավելին, նախարարները, ամառային հանգստի փոխարեն, պետք է նստեն, մտածեն եւ վարչապետին ներկայացնեն, թե «իրենց ոլորտում ինչ լրացուցիչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել, որպեսզի մենք հարկահավաքման գործում օգնենք Պետական եկամուտների կոմիտեին»։ Մենք էլ մտածում էինք՝ նախարարները ամռան շոգին կմնան Երեւանում ու կմտածեն, թե իրենց ոլորտներում ի՞նչ քայլեր կարելի է անել, որ տնտեսվարողների վիճակը լավանա։ Սակայն պարզվում է՝ նրանք պիտի հակառակն անեն՝ տնտեսվարողին «քամելու» նոր, կրեատիվ եղանակներ մտածեն՝ այն էլ՝ ճգնաժամային պայմաններում։ Համաձայնեք, որ տաժանակիր աշխատանք է՝ հաշվի առնելով, որ քամելու տեղ չի մնացել։ Չնայած՝ մասնավոր տնտեսվարողներից (մանավանդ մանր եւ միջին) լրացուցիչ գումարներ պոկելու ճանապարհներ մոգոնելու հարցում մեր իշխանավորներն անգերազանցելի են, ավելին՝ նրանք մասնագիտացած են հենց ա՛յդ «ասպարեզում»։ Ու բացառված չի, որ մեկ ամիս հետո շատերը զղջան, որ ժամանակին չեն հավաքվել կառավարության շենքի մոտ՝ «Արձակուրդ նախարարներին» պաստառներով։ Որովհետեւ հանգստից զրկված մարդը սովորաբար ավելի ագրեսիվ է լինում։