Բաժանում են նամակը

20/06/2009

Թեհրանում ընդդիմության կողմնակիցները բաժանում են փողոցներում «գաղտնի նամակի» կրկնօրինակների թռուցիկները, որն իբր երկրի ներքին գործերի նախարար Սադեկ Մախսուլին ուղարկել է հունիսի 13-ին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Ըստ «The Independent»-ի, ուղերձի տեքստից երեւում է, որ ընտրություններին հաղթել է ոչ թե Մահմուդ Ահմադինեջադը, այլ վերջինիս գլխավոր մրցակից Միր Հոսեյն Մուսավին: Այաթոլլայի «հրահանգների» համաձայն՝ քվեարկության արդյունքները «համապատասխանեցվել էին հեղափոխության եւ իսլամական համակարգին համաձայն», հաղորդել է նամակի հեղինակը: Տեքստից նաեւ բխում է, որ Ալի Խամենեին որոշ «մտավախություններ» է ունեցել ընտրությունների հանգուցալուծման վերաբերյալ, իսկ բոլոր թեկնածուները եւ կուսակցության առաջնորդները գտնվում են «ուժեղացված հսկողության տակ»։ Նամակում մեջբերված են նաեւ ընտրության «իրական արդյունքները», որոնք արմատապես տարբերվում են պաշտոնականներից. ըստ այդմ Մուսավին ստացել է ավելի քան 19 մլն ձայն, Մեհդի Կարուբին՝ մոտ 13,4 մլն, եւ Ահմադինեջադը 5,7 մլն ձայնից մի փոքր պակաս: «The Independent»-ի հոդվածի հեղինակ Ռոբերտ Ֆիսկը փորձում է հասկանալ` արդյոք այդ փաստաթուղթը կեղծի՞ք է, թե՞ նման ուղերձ իրականում ուղարկել են այաթոլլային: Մի կողմից՝ կեղծ փաստաթղթերը մեկ անգամ չէ, որ գործածվել են Իրանի պատմության ընթացքում, իսկ մյուս կողմից՝ նամակի բովանդակության որոշ հատվածներ այդքան էլ ձեռնտու չեն Մուսավիին, քանի որ ենթադրում են ընտրությունների երկրորդ փուլի անցկացում: