«ԼՂՀ-ում կոռուպցիան կրում է հատվածական բնույթ, աչքի է ընկնում դրսեւորումների սակավությամբ եւ ծավալների փոքրությամբ: Բայց մեր արժեհամակարգին եւ բարոյականության վերաբերյալ պատկերացումներին խորթ է մի երեւույթ, որը ոտնահարում է պետության օրենքները»: Երեկ Ստեփանակերտում անցկացված «Քաղաքացիական հասարակությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարը» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: «Չարաշահումների եւ կաշառակերության դեմ պայքարը բնորոշ է գրեթե բոլոր պետություններին: Սակայն այն առանձնակի հնչեղություն է ստանում հատկապես մեր պետության համար, որը շարունակում է ապրել ադրբեջանա-ղարաբաղյան դեռեւս չկարգավորված հակամարտության իրողություններում: Արդարադատության, սեփական ուժերի ու ապագայի հանդեպ մարդկանց վստահությունը խաթարող ցանկացած բացասական երեւույթ մեր պարագայում ուղղակի սպառնալիք է պետության անվտանգությանը»,- ասել է նա` ավելացնելով, թե կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործում կարեւոր է պետական պաշտոնյայի «բարձր մասնագիտական եւ բարոյական հատկանիշներին միտված կադրային քաղաքականության դերը»: «Կոռուպցիան հասարակության կողմից պետք է անվերապահորեն դիտարկվի ոչ միայն որպես անխուսափելի պատիժ ենթադրող հանցատեսակ, այլեւ ամոթալի արարք, ոտնձգություն բարոյականության, անձնական եւ ազգային արժանապատվության հանդեպ»,- ասել է Բ. Սահակյանը: