Քանաքեռ-Զեյթուն համայնքի Սասունցի Դավթի 10, բնակարան 26 հասցեի բնակիչ
կենսաթոշակառու Ռիմա Միրզոյանն ի ծնե հաշմանդամ է: 1988 թվականից տիկին
Միրզոյանին տրվել է երկրորդ կարգի ցմահ հաշմանդամության կարգավիճակ:
Միրզոյանների 5 հոգանոց ընտանիքը (ինքը, տղան, հարսը, երեխաները) ապրել է
մեկսենյականոց բնակարանում (18քմ): Ունեցել են մի փոքրիկ կրպակ, որը,
երկար ժամանակ է, չի աշխատում, այս մասին անգամ փաստում են քաղաքապետարանի
եւ թաղապետարանի կողմից ստուգումների ժամանակ կազմված ակտերը: Հինգ
հոգանոց ընտանիքի միակ կայուն եկամուտը եղել է տատի թոշակը: 2000թ. տղան,
2002-ից` նաեւ հարսը մեկ երեխայի հետ, սոցիալական ծանր պայմաններից
դրդված, լքում են Հայաստանը: «Թոռնիկներիցս մեծը 9,5 տարեկան է,- ասում է
Ռ. Միրզոյանը,- 1999 թվականից, չնայած մեր սոցիալական ծանր վիճակին եւ
ընտանիքիս բոլոր անդամների գործազուրկ լինելուն, մենք ոչ մի լումա
պետությունից օգնություն չենք ստացել»: Քանաքեռ-Զեյթուն սոցիալական
ծառայության տարածքային կենտրոնում պատճառաբանել են, որ Միրզոյանների
ընտանիքը հանգիստ կարող է կերակրվել կրպակի եկամուտով: «Եկեք ձեր աչքով
տեսեք՝ կրպակի տեղը վաղուց ավերակ է,- հրավիրում է տիկին Միրզոյանը,- իսկ
այն ժամանակաընթացքում, երբ կրպակը գործել է, ամսական եկամուտը 2-3.000
դրամը չէր գերազանցում, դա ոնց որ ինձ համար զբաղվելու տեղ էր ընդամենը,
ո՞նց կարելի է 60 տոկոսով անաշխատունակ համարվող հաշմանդամի նպաստը այդ
2-3.000 դրամի պատճառով կտրել»: Նրա հավաստմամբ՝ իրեն եւ ընտանիքի մյուս
գործազուրկ եւ անչափահաս անդամներին «Փարոսի» նպաստից զրկելու պատճառներն
այլ են եղել. «Քանաքեռ-Զեյթուն սոցծառայության պետ Ռուդիկ Խամոյանն ինձ
ասաց՝ 50 դոլար կբերես՝ ամբողջ տարին նպաստ կստանաս»: Ռիմա Միրզոյանն
ընտանիքի շահերը փորձել է պաշտպանել զանազան դատական ատյաններում, սակայն՝
անարդյունք. «Քանաքեռ-Զեյթունի Առաջին ատյանի դատարանը ոչ միայն
չվերականգնեց մեր իրավունքները՝ զանազան անհիմն պատճառաբանություններով,
այլեւ ընդհանրապես կոծկեց Ռուդիկ Խամոյանի կողմից հաշմանդամիս ծեծի
ենթարկելու դառը ճշմարտությունը, իսկ Վերաքննիչն ընդհանրապես անհիմն գտավ
եւ մերժեց իմ հայցը՝ հաշվի չառնելով անգամ բազմաթիվ իրական փաստեր ու
ապացույցներ»:
Ռիմա Միրզոյանը մեղադրում է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ 6 տարի
շարունակ իր ընտանիքին հասանելիք նպաստը յուրացնելու, ինչպես նաեւ՝
ընտանիքի քայքայմանը նպաստելու համար: «Այնպիսի անհույս ու անելանելի
վիճակ ստեղծեցին նրանք մեզ համար, որ տղաս ու հարսս ստիպված էին հեռանալ
Հայաստանից: Ո՞վ պիտի պատասխան տա իմ ընտանիքին հասցված նյութական ու
բարոյական վնասի համար»,- բողոքում է Ռ. Միրզոյանը:
Ն.Ա.