Արեւիկը՝ խավարի մեջ

20/06/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արմավիրի մարզի Արեւիկ գյուղից արեւն, ասես, վաղուց է խռովել: Այստեղ ապրող մարդիկ` իրենց հիմնախնդիրներով, գրեթե նման են մյուս բոլոր գյուղերի բնակիչներին. տարբերվում են միայն մի հատկությամբ` արեւիկցիներն իրենց դժվարությունները դարձրել են կենսակերպ ու չեն էլ նկատում դրանք:

Արեւիկի կենտրոնական փողոցում գտնվող նախկին մանկապարտեզի կիսավեր շենքում այսօր ապրում է 11 ընտանիք: Առաջին անգամ գյուղ մտնողին անմիջապես գրավում է այս շենքը, ու եթե չլինի պարաններից կախված գունավոր լվացքը, երեւակայել անգամ չես կարող, որ ստվարթաղթե պատուհաններով շինությունը բնակելի շենք է: Բակում հանդիպում եմ գյումրեցի տիկին Մանիկին` թոռան՝ Մարիամիկի հետ: Չնայած Մանիկն, արդեն 6 տարի է` բնակվում է Արեւիկում, ու երկրաշարժից էլ անցել է շուրջ 21 տարի, բայց աղետը չի մոռանում: «Ես աշխատում էի հացի ցեխում: Երբ որ երկիրը դղրդաց, ամբողջ փուռը բլել էր: Շատերը մահացան, ես էլ ծանր վնասվածքներ ստացա»,- ասում է գյումրեցի տիկին Մանիկը, որն այդպես էլ չի հարմարվում գյուղի կյանքին, ավելի ճիշտ` չի հարմարվում Գյումրուց հեռու գտնվելուն: «Ասում են` սա Արեւիկ գյուղն ա, աղջիկ ջան: Բայց էստեղ արեւ էլ չկա, էստեղ արեւը երես ա շրջել»,- նշում է տիկին Մանիկն ու փոքր-ինչ լռելուց հետո շարունակում է խոսել, պատմել հետագա ծրագրերի մասին: «Երկրաշարժից հետո մի դոմիկ ա մնացել Լենինականում: Ուզում եմ նորից գնանք էնտեղ: Հես ա, մի քանի տարի ա` տղաս ու հարսս դաշտում ձմերուկ են աճեցնում, բայց մի կոպեկի օգուտ էլ չի մնում: Էդ ա կյանքը, ի՞նչ անես»,- ավելացնում է տիկին Մանիկը` խորը շունչ քաշելով: Ու չգիտես` Մարիամիկի կոշիկները հագցնելու ծանրությունի՞ց էր այդ խորը հոգոցը, թե՞ դառը հուշերից: Հենց այստեղ էլ կինը նորից հիշում է, որ ինքը գյումրեցի եւ հումորաշատ մարդ է: «Ինչ էլ էղնի լենինականցուն, մեկ է` հումորը չի կորչում, չնայած առաջվա նման էլ չենք ծիծաղում»,- ասում է գյումրեցի տիկին Մանիկը: Վերջինս արդեն 6 տարիների ընթացքում հասցրել է ձեռք բերել մտերիմներ այն կիսավեր շենքում, որտեղ ապրել, մեղմ ասած, հնարավոր չէ: Բայց կարիքի մեջ գտնվող այս մարդիկ անգամ չեն բողոքում իրենց խեղճացած վիճակից: Նրանք վաղուց հարմարվել են կիսասոված քնելուն, ձմռան ցրտին, ցերեկվա լույսից կտրված սենյակային կյանքին: Սակայն այս ամենին դեռ չեն հարմարվում փոքրիկները: Մարիամիկը մոտենում է ինձ, վերցնում է պայուսակս եւ ուզում է բացել այն: Տատը` տիկին Մանիկը, տեսնելով` առանց ձայնը բարձրացնելու, փաղաքուշ ասում է. «Աղջի, Մարիամ, չի կարելի»: Տիկին Մանիկը պահարանից հանում է իր երիտասարդ տարիների նկարները. ներկայի մասին կինը չի խոսում, մինչդեռ անցյալն էլ ցավեր ու կորուստներ է հիշեցնում: «Ի՞նչ արած, ապրում ենք»,- ջրակալած աչքերով պատմում է 1988թ. երկրաշարժից փրկված կինը, ով իր ապագան փնտրում է Մարիամիկի աչքերում: Այնուհետեւ բարձրացա կիսավեր շենքի երկրորդ հարկ: Դուռը բացում է մի փոքրիկ տղա: Նայում է ինձ ու սկսում է ծիծաղել: Քիչ անց նրան է մոտենում եղբայրը: Երկուսով սկսում են չարաճճի ժպտալ ու հրավիրել տուն: 4-5 տարեկան այս երեխաների աչքերում այնքան արեւ կար, որ գուցե կբավականացներ մի ամբողջ գյուղ լուսավորելու համար: «Մամ, մամ, արի»,- առանց միմյանց հերթ տալու կանչում էին տիկին Կազեին: Տիկին Կազեն այս ու այն կողմ է վազվզում, երեխաների հագուստն է ուղղում, հետո գալիս է, նստում է աթոռին, ձեռքերի ափերով ծածկում երեսը: Այդ պահին երեխաների հայացքում այնքան հոգատարություն կար դեպի իրենց մայրը: Փոքրիկների համար անհասկանալի էր մոր պահվածքը: Առանց ինձ նայելու` արեւիկցի կինը սկսում է պատասխանել հարցերիս: Պատասխանները կցկտուր էին ու անհասկանալի: Տիկին Կազեն, ինչպես մյուսները, չի դժգոհում խնդիրներից, ավելի ճիշտ` իրենց կյանքից: «Դե աշխատում եմ: Ամուսինս աշխատում է: Հա, դաշտում, բա ուրիշ որտե՞ղ: Ապրե՞լգ էդ ո՞րն ա»,- հատակին գամած աչքերով խոսում է տիկին Կազեն: Իսկ սենյակ մտած նրա մայրը` Ժենյա տատը, փորձում է թարգմանել աղջկա հույզերը: «Աղջիկ ջան, էս ձեւով ապրելը տանջանք ա, բեռ ա: Բա ի՞նչ անի: Երկու քյորփա էրեխա ունի, ամբողջ օրն աշխատում ա, վերջում ոչ մի բան ա մնում»,- թախտին նստած պատմում է Կազեի մայրը: Այդ պահին դուռը թակում են եւ ներս են գալիս Մարիամիկն ու տիկին Մանիկը: Երբ արդեն վերջացրել էի հարցուփորձս, տիկին Կազեն միանգամից աշխուժացավ: «Լավ էլի, եկեք գոնե մի բաժակ սուրճ խմենք: Հայի տուն ա»,- առաջարկում է տիկին Կազեն: Նրան միանում է տիկին Մանիկը: «Մենք նույն ձեւով էլ ապրելու ենք: Իզուր ես չարչարվում: Ո՞վ պիտի մեր մասին մտածի»,- ավելացնում է գյումրեցի կինը: Նրանցից ոչ մեկը օգնություն ստանալու ակնկալիք չունի: Նրանք նույնիսկ հրաժարվեցին լուսանկարվելուց: Խավարի մեջ գտնվող այս մարդիկ անգամ մոռացել են` ինչ է արեւը: Իսկ խնդիրների առատությունը մթության մեջ, ասես, անտեսանելի է դառնում: Օրինակ, գյուղում տարիներ շարունակ ոռոգման ջուր չկա, իսկ խմելու ջուրն էլ պակաս խնդիր չէ: Այս մասին գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Սամվել Առաքելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մի քանի տարի է` գյուղում ոռոգման ջուրը ստանում են խորքային հորերից: Սակայն սա էլ ծախսատար է, քանի որ խորքային հորից ջուրը ստանում են էլեկտրաէներգիայի միջոցով, իսկ էլեկտրաէներգիայի 1 կիլովատտն արժե 30 դրամ: Ու ստացվում է այնպես, որ գյուղացին իր հողը մշակելու համար, բացի ծախսած ջրից, վճարում է նաեւ էլեկտրաէներգիայի համար` չհաշված պարարտանյութերի, սերմերի ու ցելոֆանների գումարը: Մինչդեռ հաճախ քաղաքաբնակներից շատերին զարմացնում է այն փաստը, երբ լսում է, որ գյուղում բնակվողները հող չեն մշակում: Այս մոտեցումն արեւիկցի բնակիչներին բարկացնում է: «Թող գան մի օր հող մշակեն, հետո կասենք»,- նշում են նրանք:

2748 բնակիչ ունեցող գյուղն ապրում է մի տեսակ մշուշի մեջ: Գյուղի բնակիչներն ավելի շատ հիշում են նախկին գյուղն ու սովետական «էն լա՜վ կարգերը»: «Իմ անունը մի գրի: Ես, արդեն 77 տարի ա` ապրում եմ էս գյուղում: Առաջ պետությունը մտածում էր մեր մասին, իսկ հիմա պետություն չկա: Հեն ա` գյուղապետարանը: Ասենք, գյուղապետի ի՞նչ վեջն ա` ինքը իրա ավտոյով ա, բայց մեկ ա, ոչ մեկը չի օգնում գյուղացուն»,- ասում է արեւիկցի տատը` ավտոբուսի կանգառից ցույց տալով Արեւիկի գյուղապետարանը: Մի քանի մետր քայլելուց հետո` նորից ետ է դառնում դեպի ինձ ու ավելացնում` «Ի՞նչ անի գյուղապետը, վերեւներից ա պետք մտածեն»: Իսկ մինչ «վերեւները» ներքեւ նայեն, գյուղի բնակիչները շարունակում են իրենց հոգսաշատ առօրյայով ապրել:

1142,1 հա վարչական տարածք ունեցող Արեւիկը հիմնադրվել է 1918-20թթ.: Այդ ժամանակ գյուղում ապրում էին Արեւմտյան Հայաստանի Սուրմալուից գաղթածներն ու թուրքերը, որոնք քանակական առումով ավելի շատ էին, ու այդ է պատճառը, որ գյուղին տվեցին թուրքական անվանում` Աղջախ: Իսկ Արեւիկ անվանումը գյուղը ստացավ ավելի ուշ` 1949թ.: Բնակիչները մինչ օրս չեն էլ հասկանում, թե ինչո՞ւ է իրենց գյուղը կոչվում Արեւիկ, երբ իրենք խավարի մեջ են, եւ յուրաքանչյուր տուն կարիք ունի օգնության: Իսկ գյուղը վաղուց չի սպասում նամակների: Փոստատան աշխատող Նարինեն էլ չի հիշում, թե վերջին անգամ ե՞րբ նամակ եկավ գյուղ: Գյուղի բնակիչներից շատերն էլ, երբ հարցրի վերջին կարկտահարության մասին, սկզբից խուսանավեցին, ասացին, որ իրենց մոտ կարկուտ չի եկել, հետո ավելացրին` «Տեղ-տեղ կարկուտ ա եկել, ինչի՞: Բերքը փչացրել ա: Դե էս գյուղում մենակ խաղող են աճեցնում: Ու գիտե՞ք վատը որն ա` խաղողի գինն ամեն տարի ընկնում ա»: Հենց այսպես պատախանեցին գյուղացիները, որոնցից շատերը չեն վստահում լրագրողներին: Պատճառն այն է, որ հաճախ տարբեր գյուղեր գնալով, ստիպված ես պատասխան տալ բոլոր այն լրագրողների փոխարեն, ովքեր առաջարկում են գյուղապետերին կամ մարզպետներին` իրենց կատարած աշխատանքի համար վճարել: Իսկ նման դեպքերը, պարզվում է` շատ-շատ են: