«Դատավորներն» ու վարպետները

19/06/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որն իր աշխատանքները սկսելու է հուլիսի 12-ին, արդեն հրապարակել է տարբեր անվանակարգերը «դատող» ժյուրիների կազմը:

Ինչպես ասաց փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը` ժյուրիի կազմը վկայում է տվյալ փառատոնի հեղինակության մասին, քանի որ մրցույթի մասնակիցների ցանկից բացի, կարեւորվում է նաեւ «Ո՞վ է դատելու» հարցը:

Այս տարի միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահը կլինի ճապոնացի ռեժիսոր ու սցենարիստ Կոհեյ Օգուրին, ով թեեւ այնքան էլ ծանոթ չէ աշխարհում, որքան այլ ճապոնացի ռեժիսորները, սակայն մեծ համբավ ունի հայրենիքում եւ նկարահանում է շատ գեղեցիկ, այլաբանական գլուխկոտրուկներ հիշեցնող ֆիլմեր, որոնց մեջ կարեւորվում է ոչ թե գրական սյուժեն ու դիալոգները, այլ` անշտապ վիզուալ կերպարների կապը: Այդ անվանակարգի ժյուրիի անդամներից կլինեն նաեւ Հայաստանում քաջ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը, գերմանացի կինոտեսաբան ու պրոդյուսեր Ալբերտ Վիդերշպիլը, իսպանացի կինոպրոդյուսեր Պակո Պոշը, ում հետ հայտնի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը նկարահանել է իր առաջին ֆիլմը, ամերիկահայ դրամատուրգ ու դերասան Էրիկ Պողոսյանը, ով նկարահանվել է բազմաթիվ հոլիվուդյան ֆիլմերում, վրացի ռեժիսոր Նանա Ջորջաձեն, ում ֆիլմերը ոչ միայն մրցանակների են արժանացել Կաննի փառատոնում, այլեւ` ներկայացված են եղել «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում (նրա ամենահայտնի ֆիլմը Պիեռ Ռիշարի մասնակցությամբ «100 բաղադրատոմս` սիրահարված խոհարարի ճաշացանկից» կատակերգությունն է):

Միջազգային վավերագրական ֆիլմերի ժյուրին կգլխավորի Ռուսաստանի խոշորագույն հեռուստատեսային ու կինոարտադրող «ՍՏՍ մեդիա» ընկերության նախագահ Ալեքսանդր Ռոդնյանսկին, ով իր կարիերան սկսել է որպես վավերագրող, իսկ այնուհետ զբաղվել է պրոդյուսերական աշխատանքով: «ՍՏՍ-Մոսկվա» հեռուստաալիքը, որը նա տնօրինում է, այժմ ամենահետաքրքիր ռուսական ալիքներից է:

Որպես կանոն, «Ոսկե ծիրանի» համար ամենադժվար կազմվող անվանակարգը լինում է «Հայկական համայնապատկերը», քանի որ հայկական կինոն աչքի չի ընկնում բազմազան ու առատ աշխատանքներով: Այս տարի այդ անվանակարգում կլինի միայն մեկ խաղարկային ֆիլմ, որը նկարահանված է Հայաստանում` «Տաքսի էլի լավ ա» կոլաժային կոմեդիան, որն ըստ «Ոսկե ծիրանի» կազմակերպիչների` միակ կինոաշխատանքն է, որը կարելի է մրցույթին պիտանի համարել: Փոխարենը իրենց ֆիլմերը կցուցադրեն հայկական ծագում ունեցող այն ռեժիսորները, որոնք աշխատում են այլ երկրներում: Նրանց թվում են Ռուսաստանում ֆիլմեր ստեղծող Կարեն Հովհաննիսյանը («Ուրվականը») եւ Վարդան Հակոբյանը («Պլատոն»), իրանցի Վարուժ Քարիմ-Մասիհին («Վարանում»), ֆրանսիացի Ֆրեդերիկ Բալեգջյանը («Մի աշխարհ` մեզ»), գերմանացի Նուրան Դավիթ Քալիսը («Մայրս, եղբայրս ու ես») եւ ամերիկացի Մայքլ Գյուրջյանը («Տեղափոխում»): Հայաստանի նոր կինոշունչը, նոր հույսերը ավելի շատ կապվում են վավերագրական եւ կարճամետրաժ ֆիլմերի հետ, որոնց ստեղծումը կապված չէ խոշոր գումարների հետ: Այս տարի «Ոսկե ծիրանի» ընտրական ցանցի միջով անցած եւ հայկական համայնապատկերը ամբողջացնող ֆիլմերի գլխավոր «դատավորը» կլինի հոլանդացի կինոարտադրող Հայկ Բալյանը, ով մեծ հեղինակություն է համարվում Բենիլյուքսի երկրներում: Ընդ որում` նա ոչ միայն ֆիլմարտադրող ընկերություն է տնօրինում, այլեւ` Ամստերդամի կենդանաբանական այգիներից մեկն է ղեկավարում:

«Ոսկե ծիրանի» օրերին սովորաբար վարպետության դասեր են անցկացնում հայտնի կինոռեժիսորները: Այս տարի վարպետների շարքում կլինեն ամերիկյան անկախ կինոյի ուղղության հիմնադիրներից մեկը` Ռոբ Նիլսոնը, ում շնորհիվ մեծ կինո մուտք գործեցին թվային տեխնոլոգիաներն ու «ճակատային ռեժիսուրայի ոճի» սկիզբը դրվեց: Նրա վարած վարպետության դասերն անկասկած մեծ օգուտ կտան երիտասարդ հայ կինոռեժիսորներին: Վարպետության դասեր կվարեն նաեւ լեհ ռեժիսոր Եժի Սկոլիմովսկին ու ռուս ռեժիսոր Սերգեյ Սոլովյովը, ում 20 տարի առաջ ստեղծած «Ասսա» ֆիլմը իր շարունակությունն է ձեռք բերել «Ասսա-2» անվանումով: Պատվավոր հյուրերի շարքում կլինեն նաեւ դերասանուհի Տատյանա Դրուբիչն ու ռեժիսոր Ռոման Բալայանը: