Երեկ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը փակ ռեժիմում կայացած նիստում դրական եզրակացություն տվեց համաներում հայտարարելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությանը: Մինչ այդ հայտնի էր արդեն, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 19-ին հրավիրել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է միայն համաներման հարցը:
Երեկ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստի ավարտից հետո պարզ դարձավ, որ համաներումը չի կիրառվելու մարտի 1-ի գործով կալանավորված բոլոր գործիչների նկատմամբ: Նախագահականից ԱԺ ուղարկված նախագծից պարզ դարձավ, որ համաներումը չի կարող կիրառվել ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի նկատմամբ, ում համար մեղադրող կողմը դատարանից 9 տարվա ազատազրկում է պահանջել: «Իմ կողմից արդարադատության նախարարին կոնկրետ հարցեր տրվեցին, թե մեր չորս գործընկերների, նաեւ Գագիկ Ջհանգիրյանի ու Սմբատ Այվազյանի վրա համաներում կարո՞ղ է տարածվել: Պատասխանները հետեւյալն են. Ս.Միքայելյանի վրա չի տարածվի, մնացածների վրա կտարածվի: Գ.Ջհանգիրյանն ու Ս.Այվազյանն ազատ կարձակվեն: Համաներումը կտարածվի Մարտի 1-ի գործով կալանավորվածների 90 տոկոսի վրա»,- քննարկումից հետո տեղեկացրեց անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:
Ս. Սարգսյանն ԱԺ-ին առաջարկել է պատժից ազատել առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկված այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Առաջարկել է նաեւ պատժից ազատել առաջին կամ երկրորդ կարգի այն հաշմանդամներին, 60 տարին լրացած այն անձանց, ՀՀ պաշտպանության համար մղվող մարտական գործողություններին մասնակցած, բռնադատվածի եւ այլ կարգավիճակ ունեցող այն անձանց, որոնք ազատազրկման են դատապարտված առավելագույնը 5 տարի ժամկետով: Այսինքն` վերը նշված խմբերի այն անձանց նկատմամբ, ովքեր դատապարտված են 6 եւ ավելի տարիների ազատազրկման, համաներումը չի տարածվի: Թեեւ մեղադրող կողմը Ս.Միքայելյանի նկատմամբ 9 տարվա ազատազրկում է պահանջել, բայց դատարանը դեռ վճիռը չի կայացրել: Այնուամենայնիվ, պահանջի այդ չափից կարելի է ենթադրել, որ դատարանը որքան էլ կրճատի պատժի ժամկետը, կսահմանի 6 կամ ավելի տարվա ազատազրկում: Մինչ այս գործընթացների սկսվելն էլ խոսակցություններ էին շրջանառվում, թե իշխանությունները հատկապես Ս.Միքայելյանին չեն ուզում ազատ արձակել: Կարծիք կա, թե դատական պրոցեսում դատախազների, դատավորների ու իշխանության հասցեին պատգամավորի արտահայտած կոպիտ մտքերը, եւ թե նախագահական ընտրությունների ընթացքում նրա կեցվածքը խիստ են վիրավորել իշխանություններին: Եվ հենց Ս.Միքայելյանին ազատ չարձակելու համար առաջարկվում է համաներում չկիրառել 235-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտված անձանց նկատմամբ: Հիշեցնենք, որ պատգամավորը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225 հոդվածով եւ 235 հոդվածի 1-ին ու 2-րդ մասերով: Իհարկե, համաներումն ընդգրկելու է 225 հոդվածը, սակայն, քանի որ 235-ի 2-րդ մասի դեպքում չի կիրառվում, ապա Ս.Միքայելյանի վրա ընդհանրապես դա չի կարող տարածվել: Այս բացատրությունը երեկ ներկայացրեց ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` միաժամանակ ավելացնելով, թե քանի դեռ դատավճիռները չեն կայացվել, միանշանակ չի կարելի ասել, թե մարտի 1-ի գործով հատկապես ո՞ր կալանավորների վրա կտարածվի համաներումը: Համաներում չի կիրառվելու Քրեական օրենսգրքի եւս 8 այն հոդվածների առնչությամբ, որոնք ընկած են Մարտի 1-ի գործով 15 քաղբանտարկյալներին առաջադրված մեղադրանքների հիմքում: Ս.Սարգսյանի առաջարկության համաձայն Քր.Օր.-ի 316 եւ 112 հոդվածներով մեղադրվող եւ արդեն 6 տարվա ազատազրկման դատապարտված Արամ Բարեղամյանի նկատմամբ նույնպես համաներում չի կիրառվելու: Համաներում չի կիրառվելու նաեւ Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ, որովհետեւ նրա մեղադրանքի հիմքում ընկած Քր.
Օր.-ի 316-րդ հոդվածի 2-րդ մասը եւս նախագահն իր առաջարկության մեջ չի ընդգրկել: Եվ այսպես, բացի Ս.Միքայելյանից, համաներում չի կիրառվելու Մկրտիչ եւ Ժորա Սափեյանների, Հարություն Ուռուտյանի, Շմավոն Գալստյանի, Հայկ Գեւորգյանի, Մարատ Մուշեղյանի, Վանուշ Դավթյանի, Արա Հովհաննիսյանի, Արմեն Խուրշուդյանի, Վրեժ Նիկոլյանի, Գաբրիել Գաբրիելյանի եւ Ֆելիքս Գեւորգյանի նկատմամբ: Դժվար է ասել, թե ինչու են «ընտրվել» հատկապես այս քաղբանտարկյալները, բայց նախագահը ցանկության դեպքում կարող էր համաներման նախագծում ընդգրկել այնպիսի պայմաններ, որ նրանք եւս ազատ արձակվեին: Նշենք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը երեկ նշված 15 քաղբանտարկյալների նկատմամբ եւս համաներում հայտարարելու եւ Ս.Սարգսյանի առաջարկած նախագծի մեջ համապատասխան փոփոխություն կատարելու նպատակով առաջարկություն էր պատրաստել Գեւորգ Դանիելյանին ներկայացնելու համար: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն թվականի հունիսի 24-ին ԵԽ ԽՎ-ի լիագումար նիստում պետք է քննարկվի Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների հարցը, ինչը ներառում է նաեւ քաղաքական հայացքների համար հետապնդվող անձանց ազատ արձակումը, խնդրում եմ հավանություն տալ ներքոնշյալ առաջարկություններին, որոնց ընդունման դեպքում 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց ցանկը կդառնա առավել ընդգրկուն»,- նշել է Զ.Փոստանջյանը: Նշենք, որ եթե Ս.Սարգսյանն իր համաձայնությունը չտա, ապա այս առաջարկությունը չի կարող ընդունվել: Վ.Դալլաքյանը երեկ տեղեկացրեց, որ առաջարկությամբ հանդես կգա նաեւ ինքը: Նշենք, որ համաներումը կկիրառվի նաեւ հետախուզման մեջ գտնվող ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եւ «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վրա, եթե, ինչպես երեկ ասաց Գեւորգ Դանիելյանը, նրանք այս գործընթացի ժամանակ ներկայանան իրավապահ մարմիններին:
Այսքանով հանդերձ՝ Ս.Սարգսյանի ներկայացրած նախագծում կա հակասություն: Նախագծի 2/զ կետում հստակ նշվում է` պատժից ազատել «2008թ. մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց»: Սակայն անհասկանալի տրամաբանությամբ նույն նախագծի արդեն 8/է կետում նշվում է` համաներում չկիրառել վերը նշված այն հոդվածների դեպքում, որով մեղադրվում են հիշատակված 15 անձինք: Տեղեկացնենք նաեւ, որ համաներումը կտարածվի մոտ 2000 կալանավորների նկատմամբ, որոնցից 500-ը ազատ կարձակվեն անմիջապես: Իսկ համաներման գործընթացը, նախագծի համաձայն, ենթակա է կատարման մինչեւ 2009թ. սեպտեմբերի 30-ը: