Ուղիղ 1 տարի առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց «Ա1+» հեռուստաընկերության հայցն ընդդեմ ՀՀ-ի: Եվրոպական դատարանի որոշումը հաստատեց, որ 6 տարի շարունակ ՀՀ դատական ատյաններն անօրինական վճիռներ են կայացրել «Ա1+»-ի նկատմամբ` մերժելով հեռուստաընկերության 8 հայցերը: «Փաստորեն Եվրադատարանի վճռից մեկ տարի է անցել, սակայն ՀՀ իշխանությունները դեռ այն ի կատար չեն ածել: Այդ վճիռը հստակ պահանջում է, որ մրցույթ անցկացնեն եւ վերականգնեն «Ա1+»-ի իրավունքները, այլ հարց է, թե այդ մրցույթում «Ա1+»-ը կհաղթի՞, թե՞ կպարտվի: Դրա փոխարեն իշխանությունները միտումնավոր օրենք ընդունեցին, որ մինչեւ 2011թ. ՀՀ-ում հաճախականությունների մրցույթ չի անցկացվելու: Դա, մեղմ ասած, շատ ծիծաղելի քայլ էր, որի համար մեր իշխանությունները ուշ թե շուտ պատասխան են տալու: Եվրոդատարանի որոշումը նրանք ստիպված են լինելու կատարել»,- երեկ ասել է «Ա1+»-ի շահերի ներկայացուցիչ Տիգրան Տեր-Եսայանը:
Իշխանությունները գտնում են, որ իրենք չեն պարտվել Եվրադատարանում, «Ա1+»-ի հայցը մասնակի է բավարարվել, եւ իրենք էլ վճռում նշված գումարը փոխհատուցելու վճիռն ի կատար են ածել. «Ա1+»-ի այս դիտարկմանը Տիգրան Տեր-Եսայանը պատասխանել է. «Նրանք մոռանում են, որ մենք թե ներպետական եւ թե Եվրոդատարան դիմելիս նյութական հարց չենք բարձրացրել: Մենք վիճարկել ենք Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10 հոդվածը՝ խոսքի ազատության ոտնահարումը, որը Եվրոդատարանը ամբողջությամբ բավարարել է: Մենք բավարարված ենք Եվրոպական դատարանի վճռով»: Նա հիշեցրել է, որ վերջին 1 տարվա ընթացքում Եվրոդատարանի որոշումը «Ա1+»-ը փորձել է «նորոգել» ներպետական դատարանում: «ՀՀ վճռաբեկ դատարանը այդ գործն իր վրայից մի կողմ դրեց, եւ այսօր մենք դիմել ենք ՀՌԱՀ-ին հետեւյալ հստակ հարցով` ե՞րբ եք պատրաստվում մրցույթ անցկացնել»,- ասել է Տ. Տեր-Եսայանը: ՀՌԱՀ-ից «Ա1+»-ը դեռ պատասխան չի ստացել, սակայն վստահ է, որ այն տրամաբանական չի կարող լինել: Ի դեպ, Տեր-Եսայանը հստակեցրել է, որ «Ա1+»-ի հարցով այսօր ՀՌԱՀ-ից որեւէ բան կախված չէ. «Եվրոդատարանի վճռից հետո «Ա1+»-ի հարցում ողջ պատասխանատվությունը ընկած է ՀՀ Կառավարության վրա: Պատահական չէ, որ Եվրոդատարանում պատասխանող կողմ էր ներկայացել ոչ թե ՀՌԱՀ-ը, այլ ՀՀ կառավարությունը: Այսօր կառավարության խնդիրն է մրցույթի կազմակերպումը եւ «Ա1+»-ի իրավունքների վերականգնումը, իսկ թե ինչպես եւ որ մարմնի միջոցով, դա կառավարության խնդիրն է»: