Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽ ԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն «ափսոսանք» են հայտնել մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբի լուծարման առնչությամբ: Այդ մասին երեկ համազեկուզողների հետ հանդիպումից հետո «Ազատություն» ռ/կ-ին ասել են լուծարված խմբի անդամները: Նրանց փոխանցմամբ, հանդիպմանը համազեկուցողները փորձել են մանրամասներ պարզել տարաձայնությունների պատճառների վերաբերյալ եւ առաջարկել են հավաքված բոլոր նյութերն ուղարկել մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին: Եթե Ռոբերտ Ավագյանի (ով խմբում ներկայացնում էր իշխող կոալիցիան) պնդմամբ, խումբը ղեկավարած Վահե Ստեփանյանը արդեն իսկ բոլոր տվյալներն ուղարկել է Սամվել Նիկոյանի հանձնաժողովին, եւ իրենք այլեւս որեւէ անելիք չունեն, ապա խմբում Հայ Ազգային կոնգրեսը ներկայացնող Անդրանիկ Քոչարյանն ու ընդդիմության մյուս ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը անհրաժեշտ են համարել շարունակել փաստահավաք գործունեությունը եւ հետեւել հանձնաժողովի աշխատանքին: «Ստեղծում ենք պրոբլեմ եւ հետո սկսում ենք հաղթահարել»,- ասել է Ռոբերտ Ավագյանը: «Եթե նախագահի կարգադրության մեջ գրված է, որ անդամներն անփոխարինելի են, եւ նախագահը լուծարել է այդ խումբը, ապա մեկ ելք կա, որը եւ պարոն Կոլոմբիեն հնչեցրեց. այսինքն` ով ինչ ունի ասելու, թող ուղարկի ժամանակավոր հանձնաժողով: Հիմա ընդդիմադիր կողմը փաստորեն շանտաժ է անում: Ժամանակավոր հանձնաժողովն է, որ պետք է գնահատականներ տա, այլ ոչ թե պարոն Քոչարյանը, ես կամ պարոն Ստեփանյանը: Մենք այլեւս անելիք չունենք»,- ասել է նա: «Ես չեմ պատկերացնում առանց մեզ` առանց Փաստահավաք խմբի անդամների եւ հատկապես ընդդիմությունը ներկայացնող փորձագետների, ինչպես պետք է այդ հանձնաժողովը այդ նյութերը կարողանա ընկալել… 2 հազար էջ, տասնյակ հարցազրույցներ ու բացատրություններ, զորամասեր այցելություններ, տասնյակ մարդկանց բացատրություններ, որոնք լույս են սփռում որոշակի հանգամանքների վրա: Դրանք շատ բարդ պրոցեսներ են, – հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը` ավելացնելով,- Առավել եւս, որ Նիկոյանի հանձնաժողովի ոչ մի անդամ առանց Փաստահավաք խմբի անդամի պատկերացումների չի կարող ընկալել դա: Այսինքն` դա կամ կկորչի, կամ չի հասկացվի, թե այնտեղ ինչ է հավաքվել»: Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է նաեւ, որ հնչեցրել են սպանության հանգամանքների ուսումնասիրմանը ինչ-որ ձեւով միջազգային փորձագետներ ներգրավելու առաջարկներ, քանի որ, նրա կարծիքով, եթե փորձագետները ի սկզբանե ընդգրկված լինեին, խմբի աշխատանքը պատասխանատու փուլում չէր փլուզվի: ԵԽ ԽՎ համազեկուցողները լսել եւ արձանագրել են բոլոր առաջարկները: Ի դեպ, երեկ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն հանդիպել են նաեւ քաղբանտարկյալների կանանց հետ: Նրանց մտահոգությունները վերաբերում էին համաներման եւ դատավճիռների կայացման խնդրին: «Շատ հարցեր կան, որ մենք պատասխանները չունենք: Արդյո՞ք համաներումը բոլոր քաղբանտարկյալների վրա կտարածվի, արդյո՞ք հետո նրանք հետապնդումների չեն ենթարկվի, ի՞նչ պետք է լինի մարտի մեկի սպանությունների բացահայտման գործը: Այդ հարցերի պատասխանները մենք չունենք»,- «Ազատությանն» ասել է ՀՀ նախկին արտգործնախարար, քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը:
Իսկ Մյասնիկ Մալխասյանի կնոջ` Աննա Մալխասյանի կարծիքով, միայն համաներումը չէ իրենց պահանջը: Նրանք պահանջում են նաեւ արդար դատավճիռ: «Մենք արդարացման վճիռ ենք պահանջում, դատավարությունները ցույց են տալիս, որ նրանք մեղավոր չեն»,- ասել է նա: