«Հիմա բանկերը չպետք է մտածեն միայն շահույթի մասին»,- ասում է «Հայէկոնոմբանկի» վարչության նախագահ, գործադիր տնօրեն Դավիթ Սուքիասյանը

18/06/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, հակառակ որոշ պնդումների, ազդեց նաեւ Հայաստանի տնտեսության վրա։ Այդ ազդեցությունն իր վրա զգաց նաեւ ֆինանսական հատվածը՝ մասնավորապես, միջոցների ներգրավման եւ վարկավորման, ռիսկայնության բարձրացման առումով։ Չնայած դրան, «Հայէկոնոմբանկը» այս տարվա առաջին 5 ամիսներին կարողացել է մեծացնել ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդները` 8.3%-ով, իրավաբանական անձանցից ներգրավված դեպոզիտները` 54.8%-ով։ Բացի այս, հաճախորդների քանակն աճել է 34.8%-ով՝ կազմելով 71680 հաճախորդ։ 2008թ. տարեկան արդյունքների ամփոփման համաձայն՝ տարվա ընթացքում նվազել է միայն վարկային պորտֆելը՝ մոտ 2 միլիարդ դրամի չափով։ «Հայէկոնոմբանկի» վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանը դա բացատրում է նրանով, որ ֆինանսական ճգնաժամի ի հայտ գալուն պես բանկը որդեգրել է հսկողական վարկային քաղաքականություն՝ խստացնելով իր վարկային գործառնությունները՝ ռիսկի զսպման առումով։ Միեւնույն ժամանակ, փոխվել է վարկային պորտֆելի կառուցվածքը՝ սկսել են գերակշռել բիզնես վարկերը։ Եթե 2008-ի տարեսկզբին բիզնես վարկերի եւ սպառողական վարկերի հարաբերակցությունը 40% / 60% էր, ապա հիմա հակառակ պատկերն է. 60%-ը սպառողական վարկերն են։ Դ. Սուքիասյանի խոսքերով, այդ քաղաքականությունը շարունակական բնույթ է կրելու, եւ մինչեւ տարեվերջ բիզնես վարկերի տեսակարար կշիռը հասցվելու է 75-77%-ի։

– Կարելի՞ է ասել, որ բանկը սկսում է զբաղվել իր հիմնական գործառույթով՝ հավաքել բնակչության ազատ միջոցները եւ դրանք ուղղել բիզնեսին։

– Սպառողական վարկերի տրամադրումն էլ է բանկի գործառույթ, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկա պահին գործում են մի շարք ծրագրեր՝ կոնկրետ ուղղված բիզնեսի վարկավորմանը, բիզնես վարկերի ծավալները գնալով կաճեն:

– Նկատի ունեք դրսից ստացված վարկային միջոցնե՞րը՝ ռուսական վարկը եւ այլ վարկերը։

– Այո։ Դա կառավարության ծրագիրն է, Համաշխարհային բանկի եւ ռուսական վարկի ծրագրերը։ Մոտ ապագայում արդեն կսկսենք իրականացնել ռուսական վարկի տրամադրումը։ Բանկը 2008-2009թթ. բոլոր ծրագրերին մասնակցել է՝ նույնիսկ, եթե այդ ծրագրերում ընդգրկված էին ընդամենը 5-6 բանկեր։ Ոչ մի խոչընդոտ չառաջացավ, եւ բավականին ակտիվ վարկավորում իրականացվեց։ Ներկա պահին մենք կանխատեսում ենք, որ մինչեւ 2009թ. վերջ մեր վարկային պորտֆելը կկազմի 28-30 միլիարդ։ Այսինքն՝ տարեսկզբի համեմատ կունենանք մոտ 20% աճ։

– Ի՞նչ տոկոսադրույքներով է լինելու բիզնեսի վարկավորումը։

– Կենտրոնական բանկը տոկոսադրույքների առումով բանկերին ազատ է թողնում՝ բանկերը կորոշեն այն։ Սակայն նախապատվությունը տրվելու է այն բանկերին, որոնք վարկերը կտրամադրեն ցածր տոկոսադրույքով։ Հիմա պահը չէ, որ բանկերը մտածեն շահույթի մասին։ Եթե բանկերն այսօր մտածեն միայն բարձր շահույթի մասին, միեւնույն է՝ տնտեսության չառողջանալու դեպքում հետո վնասներ են կրելու։ Պետությունը աջակցում է բանկերին, ռեսուրսներ է տրամադրում, եւ սա այն պահն է, որ բանկերը պետք է ըմբռնումով մոտենան, շատ բարձր շահույթ չհետապնդեն։ Նույնիսկ առաջարկ կար, որ մարժան լինի 5-7%, այլ ոչ թե 10-12%, ինչպես նախկինում։ Բանկերի միությունում այդ հարցը քննարկվեց, եւ բոլոր բանկերը պատրաստ են ցածր տոկոսադրույքով տրամադրել այդ վարկերը՝ հաշվի առնելով ճգնաժամը։ 1 տարի էլ թող քիչ շահույթ ստանանք, բայց համոզված լինենք, որ տնտեսությունը կառողջանա։

– Իսկ ավանդնե՞րն ինչ համամասնությամբ են։ Մարդիկ դրամո՞վ են նախընտրում պահել իրենց խնայողությունները, թե՞ արտարժույթով։

– Դրամի արժեզրկումից հետո մեր հաճախորդները նախընտրում են իրենց խնայողությունները պահել հիմնականում ԱՄՆ դոլարով։ Նշեմ նաեւ, որ ավանդները աճել են այն դեպքում, երբ մենք շուկայում առաջարկում ենք ամենացածր տոկոսադրույքները՝ արտարժույթի համար տարեկան առավելագույնը 6%։ Ժամկետային առումով՝ մեծ կշիռ ունեն 6 ամսից մինչեւ 1 տարի ժամկետով ավանդները։ Այսինքն՝ նախընտրում են ամենաբարձր տոկոսադրույքը, որն առաջարկվում է երկարաժամկետ ավանդի համար։

– Ճգնաժամի արդյունքում մարդիկ այդ հարցում ավելի զգուշավոր չե՞ն դարձել, չե՞ն գերադասում ավելի կարճ ժամանակով միջոցները վստահել բանկերին։

– Ոչ, կարելի է ասել՝ նախապատվությունները այդ առումով մնացել են նույնը։ Իսկ ընդհանուր առմամբ, ներգրավված միջոցների առումով մեզ մոտ գերակշռում են օտարերկրյա ներդրումները։ Մեր քաղաքականությունն է, որ ֆիզիկական անձանց ավանդները չպետք է գերազանցեն ակտիվների 20%-ը։

– Նշեցիք, որ ավանդները գերադասում են պահել հիմնականում արտարժույթով։ Իսկ վարկավորումը ի՞նչ արժույթով է իրականացվում։ Կան բանկեր, որ անգամ սպառողական վարկերը դոլարով են տրամադրում։

– Բանկերը, հիպոթեքային վարկերից բացի, արտարժույթով սպառողական վարկեր տրամադրելու իրավունք չունեն։ Միգուցե քարտային եղանակով օրենքը թույլատրում է այն, նման երեւույթ շուկայում կա, բայց դա մեծ ծավալ չի կազմում։ Մեզ մոտ սպառողական վարկավորումը կատարվում է դրամով։ Ինչ վերաբերում է բիզնեսի վարկավորմանը, ասեմ, որ կառավարության եւ ԿԲ մոտեցումը՝ ռուսական եւ Համաշխարհային բանկի վարկի հետ կապված, շատ ողջունելի է։ Նկատի ունեմ այն, որ վարկերը լինելու են դրամով։ Տնտեսությունը ներկա պահին ունի դրամի կարիք, եւ բացի այդ՝ վարկառուն չի ուզում իր վրա վերցնել արտարժութային ռիսկը, քանի որ իր եկամուտները դրամով են։ Դրամով վարկավորման դեպքում այդ ռիսկը վերանում է։ Ինչ վերաբերում է սպառողական վարկերին, ապա ներկայիս պայմաններում, երբ ընկերություններ են փակվում, եւ մարդիկ մնում են գործազուրկ, սպառողական վարկերի տրամադրումը ռիսկային է դարձել։ Քաղաքացիները նույնիսկ իրենք են խուսափում նման վարկեր ստանալ։ Օրինակ, մենք հիպոթեքային վարկավորումը չենք դադարեցրել, բայց եթե նախկինում մենք ունենում էինք ամսական մինչեւ 300 հայտ, ապա այս տարի ամիսներ ենք ունեցել, որ 4-5 հայտ է եղել։ Իհարկե, դրա վրա ազդում են նաեւ հետագա գնանկման սպասումները. մարդիկ հույս ունեն ապագայում անշարժ գույք ձեռք բերել ավելի էժան գնով։

– Կառավարությունը որոշել է ստեղծել համահայկական բանկ եւ հիպոթեքային հիմնադրամ։ Ինչպե՞ս են առեւտրային բանկերը վերաբերվում այս նախաձեռնությանը, դրանք խնդիրներ չե՞ն ստեղծի առեւտրային բանկերի համար՝ մրցակցության առումով։

– Ներկա պահին, հաշվի առնելով տնտեսության վիճակը՝ թե՛ Համահայկական բանկը, թե՛ հիպոթեքային հիմնադրամն իրենց լուման կունենան տնտեսության առողջացման գործում։ Այստեղ խնդիրն այն է, թե մրցակցության պայմաններում պետական մասնակցություն ունեցող այս կառույցները ինչ վարքագիծ կդրսեւորեն, ինչ մոտեցում կցուցաբերեն։ Դրանից շատ բան է կախված։ Եթե փորձեն լծակներ օգտագործել եւ շուկայում ինչ-որ բաներ թելադրել, իհարկե՝ այդտեղ խնդիրներ կառաջանան։ Բայց եթե լինի առողջ մրցակցություն, ոչ մի խնդիր չեմ տեսնում։

– Պրն Սուքիասյան, իշխանությունները միշտ նշում են, որ մենք հաղթահարել ենք համաշխարհային ճգնաժամի առաջին ալիքը, եւ մեր բանկային համակարգը կայուն է։ Իրո՞ք այդպես է։

– Մեր ֆինանսական հատվածն, իրոք, այդ ճգնաժամի արդյունքում այդքան չտուժեց։ Ավելին՝ եթե համաշխարհային բանկերը կորցնում էին իրացվելիությունը, մեզ մոտ նկատվեց հակառակը՝ իրացվելիության աճ։ Պատճառն այն է, որ արեւմտյան տնտեսություններին հատուկ այդ արժեթղթային փուչիկը Հայաստանում չկա։ Մեզ մոտ բանկերը ունեն հստակ ներգրավված գումար եւ հստակ տեղաբաշխված գումար։ Եվ քանի որ անշարժ գույքի գները մեզ մոտ նվազեցին ընդամենը 20-30%-ով, բանկերը լուրջ խնդիրներ չունեցան։ Շատ կարեւոր էր ԿԲ-ի այն որոշումը, որով նա թույլատրեց վերակազմավորել վարկերը։ Եթե վարկառուն վարկ է վերցրել, մարում է որոշակի գումար, իսկ հիմա նրա շրջանառությունը նվազել է, եւ նա ի վիճակի չէ վճարումները կատարել, արդեն խնդիր է առաջ գալիս։ Կենտրոնական բանկը հնարավորություն տվեց բանկերին երկարաձգել վարկերը, ինչի իրավունքը մենք նախկինում չունեինք։ Դա շատ մեծ օգնություն էր եւ՛ բանկերին, եւ՛ առաջին հերթին՝ վարկառուներին, ընդ որում՝ ճիշտ ժամանակին։ Հակառակ դեպքում վարկերի մոտ 50%-ը խնդրահարույց կդառնար։

– Դրամի արժեզրկումից հետո խուճապ սկսվեց. շատերը կանխիկացնում էին քարտերի վրա եղած անգամ չնչին գումարները։ Այժմ կարելի՞ է ասել, որ խուճապը հաղթահարվել է։

– Այդ խուճապը արհեստական էր, քանի որ մարդիկ հետո սկսեցին առանց լուրջ պատճառի արտարժույթի փոխարկված դրամը նորից հետ փոխարկել դրամի, որպեսզի իրենց ծախսերը հոգան։ Եթե հիշում եք, դոլարի գինը մի պահ անգամ հասավ 380-ի, սակայն հետո փոխարժեքը կամաց-կամաց ճշգրտվեց։ Այժմ ԿԲ-ն չի միջամտում փոխարժեքի ձեւավորմանը, եւ եթե նկատել եք՝ դրամը փոքր-ինչ արժեւորվել է։ Չնայած, իմ կարծիքով, դա երկար չի շարունակվի։ Դրամը կարժեզրկվի, բայց դա տեղի կունենա շատ դանդաղ։ Այսինքն, նման ցնցում՝ միանգամից 25%-անոց արժեզրկում, մենք այլեւս չենք ունենա։ Խուճապի արդյունքում նկատվեց նաեւ վստահության նվազում ֆինանսական հատվածի նկատմամբ, սակայն դա էլ հաղթահարվեց։ Կոնկրետ «Հայէկոնոմբանկը», ինչպես արդեն նշեցի, նման խնդիրներ չունի. այս տարվա առաջին ամիսներին՝ այսինքն՝ ճգնաժամային պայմաններում, աճել է թե՛ մեր հաճախորդների թիվը, թե՛ ներգրավված միջոցների ծավալը։