Գիտեմ՝ ինչ եմ ուզում

03/08/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Միհրանը 20 տարեկան է, ապրում է Կալիֆոռնիայում ու շփվում ամերիկյան
խոշոր փոփ-աստղերի հետ՝ պարում նրանց պարախմբերում, պարեր բեմադրում ու
պարային ստուդիայում պարել սովորեցնում: Հայրը հայտնի խորեոգրաֆ Կարո
Կիրակոսյանն է, ում հետ յոթ տարեկան Միհրանը Ամերիկա տեղափոխվեց: Ի՞նչ է
բեմը՝ Միհրանը լավ գիտի: Գիտի նաեւ, ինչ հսկայական աշխատանք է պահանջում
հանրության առաջ լավ ելույթ ունենալը: Փոփ-աստղ Մադոննան ընտրել է
Միհրանին: Եվ մի քանի օր առաջ Մադոննայի հետ Միհրանը գնաց Լոնդոն՝
Աֆրիկայի աղքատության դեմ պայքարել հորդորող բարեգործական համերգ-ակցիային
մասնակցելու համար:

«Live 8», Մադոննա, Բրիտնի Սպիրս

«Ես եկել էի Երեւան հանգստանալու, չգիտեի, որ Մադոննան համերգ պետք է
ունենար: Լոնդոնում հուլիսի 4-ին մեծ համերգ էր, աշխարհի բոլոր աստղերը
մասնակցեցին «Live 8» համերգին: Ինձ զանգեցին, հարցրեցին՝ կարո՞ղ եմ գալ,
ասացի՝ հիմա Երեւանում եմ, բայց կգամ: Շուտ գնացի, երկու օր մնացի, եկա:
Շատ լավ անցավ, առաջին անգամ էր, որ այդքան շատ մարդու առջեւ ներկայացա:
Մենակ 250.000 մարդ կար կանգած, իսկ 5 մլն մարդ նայում էր TV-ով: Աշխարհի
90 տոկոսը նայում էր այդ համերգը, Հայաստանում էլ են ցույց տվել:
Յուրաքանչյուր երգիչ երեք երգ երգեց: Աշխարհի ամենախոշոր աստղերն էին
այնտեղ: Լինում է, որ տարբեր համերգների ժամանակ քեզ տեսնում են, հավանում
են: Մեկ էլ մի վեց ամիս հետո կլսես, որ քեզ զանգեցին ու հրավիրեցին: Բայց
այդպես քիչ է լինում: Հայկական ձեւով մտածող մարդիկ կարծում են, որ կապերը
շատ բան են անում, բայց Ամերիկայում մի քիչ էդպես չէ՝ միանգամից չեն
մոտենա ու աշխատանք չեն առաջարկի, բայց մեկ էլ տեսար՝ ասում են, որ քեզ
տեսել են ու ուզում են քեզ օգտագործել իրենց վիդեոյի կամ համերգի մեջ: Ես
Մադոննայի հետ ծանոթացել եմ, երբ Բրիտնի Սպիրսի համերգային շոուի մեջ էի
պարում: Մադոննան Բրիտնի Սպիրսի հետ երգ էր պատրաստում, հետո երբ գնացի
Մադոննայի քաստինգին, նա ինձ հիշեց: Մրցույթի վերջում երկու պարողներով
էինք մրցում, եւ Մադոննան ինձ ընտրեց: Ասաց, որ ինձ ինչ-որ տեղ տեսել է:
Էնպես որ, ծանոթությունը նաեւ շատ մեծ կապ ունի: Բայց ես սկսել եմ իմ
գործն առանց ծանոթությունների: Ես որ գնացի Ամերիկա, ոչ մեկին էլ չեմ
ճանաչել: Քաստինգների եմ գնացել, կամաց-կամաց մարդիկ սկսել են ինձ
ճանաչել: Բրիտնի Սպիրսի քաստինգն եմ անցել: Բայց նա հիմա գործ չի անում,
երկու տարի ոչ մի նոր բան չի արել: Իմ կարիքը չունի»:

Մադոննա

«Մադոննայի հետ հյուրախաղային մեծ տուր եմ ունեցել 2004-ին: Նա հիմա
տարիքով մեծ է, երեխաներ, ամուսին ունի եւ ուրիշ ձեւով է նայում կյանքին,
քան տասնհինգ տարի առաջ: Մադոննան շատ է փոխվել, քանի որ սկսել է
հետաքրքրվել հրեական կաբբալայով ու շատ-շատ է խորացել դրա մեջ: Ինքը հիմա
կաբբալայով է ապրում: Մեր պարախմբում կային պարողներ, ովքեր նրա հետ պարել
են 2001-ին ու ասում էին՝ դուք նոր եք եկել ու շատ բախտավոր եք, որովհետեւ
երեք տարի առաջ Մադոննայի հետ շատ դժվար էր աշխատել, նույնիսկ իրավունք
չունեինք նրա աչքերի մեջ նայել կամ հետը խոսել: Մադոննան ասում էր՝ դու
ո՞վ ես, որ ինձ հետ խոսես: Բայց հիմա շատ ընկերական է դարձել: Ես հիմա նրա
հետ նստում եմ ու ժամերով, շատ ընկերական զրուցում եմ: Իր տուն ենք գնում,
կինո նայում: Այդքան փոխվել է: Մադոննայի ամուսինը՝ Գայ Ռիչին մի քանի
ամիս առաջ նոր ֆիլմ նկարեց, ֆիլմը էլի իր ստիլի մեջ է՝ Լոնդոնի մաֆիայի
մասին է, բայց այդ կինոյի մասին շատ բան չգիտեմ: Շուտով կցուցադրեն:
Մադոննան էլ է դոկումենտալ ֆիլմ անում: 1991 թվին ֆիլմ էր պատրաստել իր
համերգային տուրի մասին, որի ռեժիսորը հայ էր: Հիմա էլ մեր մասին է անում:
Նոր ֆիլմում ցույց կտան, թե ինչպես է Մադոննան փոխվել»:

Իմ ժամանակն է

«Մտածեցի, որ չեմ ուզում միշտ երկրորդ պլանում լինել: Որոշեցի առաջ գալ ու
«It`s my time» CD-ն պատրաստեցի: Դա ամերիկյան ճիշտ ռեփի ալբոմ է: Ես միշտ
երգում եմ, մոտս երգեր եմ ունենում, որ եթե ինձ հարցնեն, թե ինչ եմ անում,
նոր բան ցույց տամ: Չեմ մտածում երկրորդ CD-ի մասին, պարզապես ինձ համար
ձայնագրվում եմ: Իմ երաժշտությունն այդքան էլ ռեփ չի՝ հիփ-հոփ մյուզիք է,
ռիթմերն ավելի պարային են: Երաժշտությունն իմ ընկերներն են գրում, բառերը՝
ես: Կարծում եմ, որպես պարող արել եմ այն, ինչ ուզել եմ անել: Աշխատել եմ
այն աստղերի հետ, որոնց հետ միշտ ցանկացել եմ աշխատել: Կուզեի, իհարկե,
Մայքլ Ջեքսոնի հետ էլ աշխատել, բայց Մայքլ Ջեքսոնը հիմա բան չի անում: Մեկ
էլ, երեւի, Ջանեթ Ջեքսոնի հետ կաշխատեի: Հիմա էլ եմ պարում, որպեսզի
ֆորմայի մեջ միշտ լինեմ ու տեսնեմ՝ ինչ նոր բան է կատարվում պարի մեջ:
Ամերիկայում պարի շատ ստուդիաներ կան: Լոս Անջելեսի պարային ամենամեծ
ստուդիայում ես իմ դասարանն ունեմ: Տարբեր քաղաքներից ու երկրներից մարդիկ
գալիս են ինձ մոտ, ես նրանց պարել եմ սովորեցնում: Այստեղի նման չէ,
մարդիկ անընդհատ նույն դասարանում չեն սովորում: Իմ մոտ ամեն օր 30-40 նոր
երեխա է գալիս, սովորում ու գնում են: Չեն մտածում, որ անպայման պարող
կդառնան, պարզապես գալիս են տարբեր բեմադրիչների դասերն անցնելու: Ես փողի
մասին չեմ մտածում, բայց չեմ կարող ասել, որ հարուստ եմ: Ավելի հարուստներ
կան: Պարեր բեմադրելու առաջարկներ ստանում եմ: Վերջերս էլ շանս ունեի
աշխատելու, բայց որոշեցի գալ Երեւան»:

Երեւան

«Երեւանում փորձում եմ ձայնագրվել: Արդեն երգ եմ գրել Արթուր Իսպիրյանի
հետ ու այս մի քանի օրը մի երգ էլ պիտի ձայնագրենք Սիրուշոյի հետ: Մեկ էլ
ինձ համար երգ է պատրաստում իմ քավորը՝ Արթուր Գրիգորյանը: Երգը ես եմ
գրել, բայց քանի որ երգել չգիտեմ, խնդրել եմ ինքը գրի մեղեդին: Երգի
թատրոնի խումբը երգիս մեջ կերգի, իսկ ես անգլերեն ռեփը կերգեմ: Ավելի մեծ
բաներ ենք անում, որը ես իմ առաջին CD-ի մեջ չարեցի: «Սա իմ ժամանակն է»
ալբոմը շատ ամերիկյան էր, ոչ մի հայկական բան չէի օգտագործել: Իսկ հիմա մի
քիչ ավելի կոնտրաստային երգեր եմ ձայնագրում: Սիրուշոն, օրինակ, հայերեն է
երգելու, ես՝ անգլերեն: Երգի թատրոնը՝ ռուսերեն: Այնպիսի բաներ ենք անում,
որ ամերիկացիների համար մի քիչ տարբեր լսվի: Հիփ-հոփ է, բայց հայերեն են
երգում: Տեսնենք՝ ի՞նչ կլինի: Եթե լավ երգեր ստացվեն, վիդեո էլ կարվի,
բայց դրա մասին հիմա չեմ մտածում: Իմ երգերը դեռ միայն նախագծեր են, երեւի
մի տարի հետո միայն մարդիկ դրանք կլսեն: Այն, ինչ ես անում եմ, անում եմ
ամերիկյան շուկայի համար, որովհետեւ դա իրենց համար տարբեր է, երաժշտական
այնպիսի ոճ է, որը չեն լսել: Ճիշտն ասած, ես երգել չգիտեմ, բայց կարող եմ
խաբելով երգել: Շատ ձեւեր կան, որ եթե անես, կկարծեն, որ երգում ես: Այ,
պարի մեջ չես կարող խաբել…»:

Երեւանցիները

«Երեւանում բոլորը շատ դանդաղ են աշխատում: Ես էլ սկսեցի իրենց ժամով
աշխատել: Ուզում էի, ճիշտն ասած, հինգ-վեց երգ ձայնագրել, բայց դեռ միայն
երկրորդն եմ ձայնագրում: Ես հասկացա, որ ոչ ոք ոչ մի բան չունի անելու:
Կարող է, սխալ եմ, բայց էդպես եմ տեսնում: Կարծես ամեն օրը ուրբաթ, շաբաթ,
կիրակի է: Ում տեսնում եմ՝ բան չունի անելու: Ճիշտն ասած, չեմ կարող
հասկանալ՝ մարդիկ ի՞նչ են ուզում: Մանավանդ ջահելությունը: Ո՞նց կարող ես
ջահել լինել ու չիմանալ՝ ի՞նչ ես ուզում անել, ինչո՞վ ես զբաղվելու: Եթե
ես մի օր չաշխատեմ, ինձ կսպանեմ, որովհետեւ պարզապես տանը նստել ու ոչ մի
բան չանել չեմ կարող: Ինչքա՞ն կարող ես կաֆեում նստել: Էդքան կաֆե էլ չկա,
ինչքա՞ն կարելի է նույն տեղը գնալ: Երեւի, որ էստեղ ես մեծանում, ուրիշ
կերպ ես ամեն ինչին նայում: Դա կյանք է դառնում: Եթե էստեղ մնամ, դժվար թե
կարողանամ հասկանալ՝ ի՞նչ եմ անելու: Բայց եթե հանկարծ ապրեմ, անպայման մի
նոր բան կմտածեմ, որը քաղաքի համար պետք կլինի ու օրիգինալ կլինի: Արդեն
մի ամիս էստեղ եմ ու արդեն ձանձրանում եմ, ոչ ոք հետս չի ուզում աշխատել:
Ասում եմ՝ գնանք ձայնագրվենք, ասում են՝ երկու օրից, էլի, էսօր Սեւան ենք
գնում: Չգիտեմ ինչ ասել: Մարդիկ չեն հասկանում՝ ինչո՞ւ իրենց հետ չեմ
ուզում կաֆե գնալ, հաց ուտել ու ամբողջ օրը կարող եմ Արթուր Իսպիրյանի հետ
մյուզիք միքս անել, տուն մտնել ու մյուզիքի վրա աշխատել: Ես սիրում եմ իմ
գործը: 13 տարեկանում արդեն գիտեի՝ ինչ եմ ուզում անել: Երեւի դա նաեւ
ծնողներից է կախված կամ շրջապատից: Սովորում ես էն, ինչ կողքիդ տեսնում
ես: Էստեղ հարցնում եմ՝ ի՞նչ ես ուզում, չգիտեն ինչ պատասխանել: Իսկ մարդն
արդեն 20 տարեկան է: Կարծում եմ, դա սխալ է»: