ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը` տիկնոջ՝ Ասմա Ալ-Ասադի հետ:
ՀՀ նախագահականում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդել է Ս. Սարգսյանի եւ Բ. Ալ-Ասադի առանձնազրույցը, որից հետո տեղի է ունեցել պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը` նախագահների մասնակցությամբ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` Ս. Սարգսյանն ասել է, որ Հայաստանը խորապես շահագրգիռ է որակական նոր մակարդակի հասցնելու Սիրիայի հետ հարաբերությունները` մեծ ուշադրություն դարձնելով տնտեսական համագործակցությանը, եւ որ այս այցը լավագույն առիթ է` նախանշելու փոխգործակցության զարգացման ուղիները: Ս. Սարգսյանի խոսքով` երկկողմ առեւտրատնտեսական կապերի հաջողությունը մեծապես կախված է Հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքից: Նա վստահություն է հայտնել, որ Սիրիայի նախագահի հետ հաջորդ հանդիպմանն արդեն կխոսեն արձանագրված հաջողությունների մասին: Ալ-Ասադն էլ ասել է, որ սիրիահայ համայնքն այն զորեղ ներուժն է, որի օգնությամբ երկու պետությունները կգտնեն այս հանդիպմանը նախանշված նպատակներին հասնելու ճանապարհը: Նա եւս կարեւորել է հայ եւ սիրիացի գործարար շրջանակների համար ներդրումային խրախուսիչ միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը եւ վստահեցրել, որ սիրիական կողմը եւս հետեւողական կլինի այդ գործում: Բանակցություններին հաջորդել է նաեւ երկու նախագահների ասուլիսը, որտեղ Բ. Ալ-Ասադն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ընդգծել է. «Սիրիայում շատ գոհունակությամբ են ընդունվել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված քայլերը: Մենք պատրաստ ենք օգնելու, որ այդ հարաբերություններն առաջ շարժվեն»: Նա Սիրիայի պատրաստակամությունը բացատրեց այն հանգամանքով, որ սերտ հարաբերություններ գոյություն ունեն մի կողմից` Սիրիայի եւ Հայաստանի միջեւ, մյուս կողմից` Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ:
Ի դեպ, Ալ-Ասադի հետ առանձնազրույցի ժամանակ Ս.Սարգսյանը ներկայացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ներկա փուլը: «Հարցը շատ խրթին է, եւ մենք ցանկանում ենք, որ այն ավելի չբարդանա, քանի որ մենք, Մերձավոր Արեւելքում մեր փորձից ելնելով, տեսնում ենք, դժբախտաբար, որ հարցն ավելի է բարդանում, եւ լուծումն ավելի դժվար գտնվում: Ես պարոն նախագահի կարծիքը ցանկացա իմանալ այս հարցի շուրջ, քանի որ հաջորդ ամիս այցելելու եմ Ադրբեջան, եւ պետք է ծանոթ լինեմ նաեւ Հայաստանի նախագահի դիրքորոշմանը»,- ասել է Բ. Ալ-Ասադը` ներկայացնելով մերձավորարեւելյան խաղաղության գործընթացը: Նրա խոսքերով` ներկայումս իսրայելցի գործընկեր չունեն, ով կնստի խաղաղության սեղանի շուրջ: «Մենք մոտ ապագայում չենք տեսնում այդպիսի գործընկեր, բայց չի նշանակում, որ մենք պետք է դադարեցնենք խաղաղության գործընթացը: Երբ այդպիսի գործընկեր լինի, խաղաղության հաստատումն առաջ կընթանա»,- ասել է նա` խոսելով Գազայի հատվածի բնակչության ծանր կացության մասին: Նշենք նաեւ, որ հայ-թուրքական հարաբերություններին Ալ-Ասադն անդրադարձել է նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ:
Ի դեպ, երեկ երկու երկրների կառավարությունների միջեւ ստորագրվել է ներդրումների փոխադարձ խրախուսման եւ պաշտպանության մասին համաձայնագիր, ինչպես նաեւ՝ բնապահպանության նախարարությունների միջեւ` բնապահպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: