ԵԽ-ն անհանգստություն է հայտնել ԶԼՄ-ների եւ ոչ կառավարական կազմակերպությունների վերաբերյալ Ադրբեջանում ենթադրվող ուղղումների կապակցությամբ: Այդ մասին հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում: «Մենք խիստ անհանգստացած ենք Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունները եւ զանգվածային լրատվամիջոցները կարգավորող օրենսդրության ենթադրվող մի քանի ուղղումների կապակցությամբ»,- համատեղ հայտարարության մեջ նշել են Նախարարների կոմիտեի նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Սամուել Ժբոգարը, Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պյուչը եւ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ուրբաթ օրը խորհրդարանական քննարկման ներկայացվող ուղղումները կարող են «լրջորեն խոչընդոտել խոսքի ազատությանը եւ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության բնականոն գործառմանը»: «Դրանք կարող են նույնիսկ հանգեցնել Բաքվում Եվրախորհրդի քաղաքական հետազոտությունների դպրոցի փակմանը»,- նշվում է փաստաթղթում: Ժբոգարը, Մարիա դե Պյուչը եւ Դեւիսը կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին՝ հետաձգել առաջարկված ուղղումներին վերաբերող որոշումը: