Մինչեւ ծնկները կեղտի մեջ կորած, ասֆալտից մաշված փոքրիկ ոտքերի համար մի ոտնաչափ տարածք հայթայթած 3 տարեկան Լիլիթն ինձ ասում է` «Գիտե՞ս, ոտքերս մրսում են, արդեն ցավից մրմռում են: Ես ընդհանրապես կոշիկ չունեմ, ոտաբոբիկ եմ ապրում»: Լիլիթն անընդհատ պրպտում, փնտրում է մի տեղ, որտեղ ոտքերը հարմարեցնելով՝ ցավը կմեղմի: Քույրը` 6-ամյա Նաթելլան, միանալով Լիլիթի դժգոհությանը, մոտենում ու սկսում է իր դարդից պատմել: Ասում է` «Ուզում եմ մանկատուն գնալ, էլ չեմ ուզում մամայիս հետ դրսում, ուրիշների տանն ապրել: Ախր ես սոված եմ: Դու ինձ մի կտոր հաց կտա՞ս»: Երեխայի այս խոսքերից ցնցված՝ բառ չեմ գտնում խոսակցությունը շարունակելու համար: Ծանր լռությունն իջնում է իմ ու երկու փոքրիկների մեջտեղում, որն անխախտ է, ինչպես Լիլիթի անթարթ, սառած աչքերը: Նաթելլային հարցնում եմ` «Իսկ ի՞նչ բան է մանկատունը»: Պատասխանում է` «Դպրոց ա, ասում են` էդ դպրոցում մեզ հաց կտան: Դու մեզ կտանե՞ս մանկատուն…»:
Լիլիթը, Նաթելլան եւ Տիգրանը Անահիտի երեք երեխաներն են, որոնց կյանքի դառնությունների պատմության ունկնդիրը լինելու համար առնվազն քարից սիրտ պետք է ունենալ:
8 տարի առաջ Անահիտը սիրահարվել եւ որոշել է ամուսնանալ Արտավազդի հետ: Ծնողներն ու երկու եղբայրները դեմ են եղել, արգելել են նրա հետ հանդիպել այն պատճառով, որ Արտավազդը լավ մարդու տպավորություն չի թողել: Այդուհանդերձ, Անահիտը որոշել է տանից փախնել եւ ամուսնանալ Արտավազդի հետ. «Ոչ ոք համաձայն չէր, բայց ես իրան սիրում էի: Հիմա գլխիս եմ տալիս, որ ծնողներիս չլսեցի, բայց… Ինքը էն ժամանակ իրան շատ լավ էր պահում, ոչ մի վատ բան չէի տեսել իրանից, դրա համար էլ հավատացի ու ընտանիքիս դեմ գնացի»,- ասում է նա: Ինչեւէ, Անահիտն ու Արտավազդը միավորվել եւ ընտանիք են դարձել: Առաջին շաբաթն Արտավազդն իրեն դրսեւորել է իբրեւ ընտանիքի նորմալ տղամարդ, սակայն երկրորդ շաբաթը դիմավորել է ալկոհոլային խմիչքի անդադար օգտագործմամբ: Անահիտն ասում է` «Խմում էր ահավոր ձեւի: Սկզբում խմում էր, ասում էի` կթողնի, բայց…»: Ամուսնությունից որոշ ժամանակ անց Արտավազդը դարձել է հարբեցող եւ անկառավարելի: Խմիչքն օգտագործելուց հետո անջատվել ու սկսել է Անահիտին անխնա ծեծել: «Չեք պատկերացնում ոնց էր ջարդում, սպանում էր: Ես Նաթելլայով հղի էի, էդ վիճակում ինձ ծեծում-ջարդում էր»,- պատմում է Անահիտն, ով այս դաժան հիշողություններն արտաբերում է սառը անտարբերությամբ: Հետագայում պարզվել է, որ Արտավազդն արդեն ալկոհոլիկ հիվանդ է, իսկ խմիչք ընդունելուց հետ` «Լրիվ գժվում էր, բան չէր հասկանում: Ինքը մինչեւ ամուսնանալն էլ խմող ա եղել, բայց ես չէի իմացել»: Անահիտն ասում է` չհեռացավ Արտավազդից նրա համար, որ հայրական տանը երկու եղբայրներն ամուսնացել եւ նեղվածքի մեջ էին ապրում: Բացի դա, իրեն ընդունելուն անպատրաստ ծնողները չէին դադարում հիշեցնել ամուսնության վերաբերյալ իրենց բազմաթիվ անհամաձայնությունները: Այդուհանդերձ, երիտասարդ կինն իր խեղված ճակատագիրն ընդունելով որպես ի գիտություն` իր մեջ խեղդել է ցավն ու շարունակել ապրել հարբեցող ամուսնու հետ: Ասում է` «Կյանքս դարձավ կոշմար: Էնքան էր ծեծում` արյունլվա էր անում, բայց նամուսս խեղդած տանում էի: Չնայած դրան` ինքը գոնե մեզ պահում էր, հաց-մաց էր առնում»: Անահիտն ու Արտավազդն ապրել են Նուբարաշենի խոզանոց կոչվող հանրակացարանում: Հարցնում եմ` «Հանրակացարանի անո՞ւնն է խոզանոց»: Պատասխանում է` «Դե՛, հա էլի, խոզանոց են ասում: Հանրակացարան ա, բայց տնակների պես իրար հետեւից շարված: Էն քաղաքային զուգարանները հիշո՞ւմ եք, այ դրանցից: Իրար մեջ սենյակներ են ու տարբեր ընտանիքներ են ապրում: Ջուր ընդհանրապես չկա, հեռվից կրում էինք, իսկ զուգարանն էլ գնում էինք հարեւանի տուն: Մեր տնակ-սենյակը լրիվ փլվում ա հիմա: Խոզանոցի ապրողներ ենք, էլի, խոզի նման ենք ապրում»: Խոզանոցի բնակիչներ Անահիտն ու Արտավազդն ապրում էին Նուբարաշենի աղբավայրից հավաքած, հանձնած շշերի գումարով: Մեկ-մեկ էլ աղբի միջից պիտանի բաներ էին գտնում, լվանում, օգտագործում էին: Սեպտեմբեր ամսին Արտավազդը հարբած վիճակում դժբախտ պատահարի զոհ է դարձել: Ավտոմեքենայի տակ ընկնելով, տեղում մահացել է ու Անահիտին երեք երեխաների հետ անտեր, անօգնական թողել. «Մի կողմից հասկանում եմ, որ էս ամեն ինչը մի օր վերջ պիտի ունենար, մարմինս էդ հարվածներին էլ չէր դիմանում: Բայց մյուս կողմից լրիվ անհույս դարձանք»,- ասում է ժամանակավորապես հայրական տանը հանգրվանած Անահիտն, ում` երեք երեխաների հետ հանդուրժելու հարցում հարազատներն այնքան էլ բարյացակամ չեն: Արտավազդի քույրը եղբոր մահից հետո Անահիտին ու երեք երեխաներին խոզանոցից դուրս է վռնդել: Երեխաների հետ փողոցներում հայտնված երիտասարդ կինը մերժվում է նաեւ հայրական տան նեղ պայմաններում ժամանակավոր բնակվելու խնդրանքից: Ներքին Չարբախ 5-րդ փողոց, 16 տան բնակիչ Անահիտի մայրն ասում է` «Երկու տղաներս ամուսնացած, ամեն մեկը 4 երեխա ունի, հարսներիս հետ էս փոքրիկ սենյակում ենք ապրում, ես ո՞նց իրանց պահեմ: Հարսիս ասեմ` դու գնա, աղջիկս ապրի՞: Քնելու տեղ չկա, երկու օր գետնին են քնում, չենք էլ կարում քայլենք»: Անահիտն ինձ խնդրում է միջամտել երեխաներին մանկատուն հանձնելու հարցում: Ասում է` «Կտամ մանկատուն, գործ կճարեմ, կաշխատեմ ու հետ կվերցնեմ: Էլ ճար չունեմ, թե չէ` մնում ա գնամ, ինքնասպան լինեմ»: Լիլիթը մոր խոսքերից խոցված՝ կրկին խնդրում է` «Ինձ տար մանկատուն, ես չեմ ուզում մամայիս հետ մնամ, ինքը ինձ սոված ա պահում: Կոշիկ չի առնում, ոտքերս ցավում են»:
Մեկ տարեկան Տիգրանը ծնված օրվանից չի կարողանում քնել, անդադար լաց է լինում: Անահիտն ասում է, որ հղի ժամանակ ամուսինն այնքան է իրեն ծեծել, որ երեխան ֆիզիկական արատով է ծնվել: «Արդեն մեկ տարեկան ա, բայց մեջքը չի շարժվում, չի կարողանում նստել, շարժվել, միշտ պառկած ու միշտ երեխես լաց ա լինում: Երբ արատով ծնվեց` բժիշկներն ասեցին` չես կարա պահես, համ էլ երեխեն մեղք ա, կտանջես, մի վերցրու, կհանձնենք մանկատուն: Չլսեցի, մտածեցի՝ իմ երեխեն ա, ո՞նց կարամ չտանեմ տուն, բայց հիմա սիրտս կտոր-կտոր ա լինում»: Մանկասայլակի մեջ ապրող մեկ տարեկան Տիգրանը տառապում է, նյարդային ճիչեր է արձակում: Անահիտի մայրն ասում է, որ այս երեխան ծնված օրից գոնե մեկ ժամ չի քնել, գիշերներն աչքերը բաց է լուսացնում: Տիգրանը մեկ նվվում է, մեկ էլ ինքն իր հետ կռվելով՝ գայլի նման սկսում է ոռնալ: Անահիտին ասում եմ` «Տանջում ես երեխային, մասնագետներ են պետք»: Պատասխանում է` «Հա՛, գիտեմ, դրա համար էլ ուզում եմ մանկատուն տանել»: Անահիտի երեք երեխաները, բնականաբար, մանկատանն իրենց ավելի պաշտպանված կզգան: «168 Ժամը» նրանց որեւէ մանկատուն հանձնելու համար կդիմի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: